Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ բյուջեից թալանել ու վատնել են 140 մլն դոլար՝ 1 տարվա մեջ

Փետրվար 04,2015 16:19

«Մենք վիրավորված չենք, ոչ էլ նվաստացած ենք, մենք ոչ էլ ՎՊ-ի հարգանքի կարիքն ունենք: Մենք ընդամենը ասում ենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ՎՊ-ի հաշվետվության քննարկման ժամանակ հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում ՎՊ նախագահը: Այսինքն, խախտվել է օրենք: Այսօր այստեղ պետք է հաշվետվություն ներկայացներ Իշխան Զաքարյանը»,- ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ականներն իրենց փորձում են հակաճառել՝ ասելով, որ ՎՊ-ն ունի դրույթ, ըստ որի, նրա տեղակալը կարող է նրան փոխարինել՝ պաշտոնական գործառույթները անել: Սակայն ԱԺ կանոնակարգի մասին օրենքն այլ բան է ասում. «Այստեղ ուղարկվել է ոչ թե նախագահի տեղակալը, այլ խորհրդի անդամը, չնայած դա էլ խախտում կլիներ: Ինչո՞ւ են կազմակերպում նման անօրինական քննարկում: ՎՊ 2011-2012-ի հաշվետվությունների քննարկումները մեծ ցնցում առաջացրեցին մեր հասարակության եւ քաղաքական վերնախավի մեջ: Այդ հաշվետվությամբ ասվեց, որ պետական գնումներում բացահայտ թալան է: Այդ ցնցումը այնքան խարխլեց իշխող վերնախավի դիրքերը, որ Սերժ Սարգսյանը ստիպված էր հրապարակավ կշտամբել Իշխան Զաքարյանին: Իշխան Զաքարյանը, որը մինչ այդ բավականին լուրջ համագործակցություն ուներ ԱԺ-ի հետ, այցելում էր խմբակցություններ, ճշտում ծրագրի որոշ դրույթներ խմբակցությունների հետ, դադարեցրեց իր այցելությունները ԱԺ: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները ամբողջ 2014-ին հետաձգեցին քննարկումը հաշվետվության, հետո բեմադրելով սա, փորձում են ՀՀ-ում ստեղծված սուր ներքաղաքական իրավիճակում խուսափել հաշվետվության լիարժեք քննարկումից»:

Նա հարց ուղղեց՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը: Նրա բացակայության որեւէ բացատրություն չի տրվել. «Նախորդ անգամ ասվեց, որ նա արձակուրդի մեջ է: Անհասկանալի է, երբ 2 կարեւոր առաքելություն ունի ՎՊ նախագահը, ո՞նց կարող է արձակուրդի գնալ: Այս անգամ նրա բացակայությունը անգամ նման անհեթեթ բացատրության չի արժանացել չի ասվում՝ նա հիվանդ է, արձակուրդի մեջ է, ուր է»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ անձամբ զանգահարել է Իշխան Զաքարյանին, հեռախոսազանգին պատասխանել է նրա քարտուղարուհին. «Նա ասաց, որ Իշխան Զաքարյանը տեղում չի, հարցրեցի երբ կարող եմ խոսել, ասաց տեղյակ չեմ, թե երբ կլինի տեղում: Քարտուղարուհին որեւէ տեղեկություն չուներ Իշխան Զաքարյանի բացակայության մասին: Խոստացավ, որ երբ տեղեկություն լինի, գա, անմիջապես կկապվի իմ հետ: Ես զարմացած եմ: Գալուստ Սահակյանը պետք է անձամբ զանգահարեր Իշխան Զաքարյանին եւ փորձեր տեղեկություն տալ ԱԺ-ում: Եթե չի զանգահարել, նշանակում է մեկ բան՝ ինքը գիտի ճշմարտությունը, բայց որոշակի քաղաքական նկատառումներով չի ուզում հայտնել»:

Ishxan Zaqaryan-ardzakurdՀետո Լեւոն Զուրաբյանը առաջ քաշեց երրորդ հարցը՝«Իմանալով Իշխան Զաքարյանին, դժվար թե նա պատշաճ չտեղեկացներ իր բացակայության պատճառը: Միակ բացատրությունն այն է, որ Սերժ Սարգսյանը չի թույլատրել Իշխան Զաքարյանին մասնակցել այս հաշվետվության քննարկմանը»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ այս քննարկումը ապօրինի է եւ պահանջեց օրինական քննարկում մեկ ուրիշ օր՝ այն ժամանակ, երբ Իշխան Զաքարյանը ի վիճակի կլինի գալ ԱԺ: Ավելին, Լեւոն Զուրաբյանը խոստացավ, որ քաղաքական ուժերով, եթե պետք է, կապահովեն Իշխան Զաքարյանի այցելությունը ԱԺ:

Այս ամենից զատ, Լեւոն Զուրաբյանն ասաց, որ մանրամասն ուսումնասիրել է հաշվետվությունը եւ առանձնացրել է հետեւյալը. «Եթե թվաբանական գումար հանենք չարաշահումների, որոնք տրված են հաշվետվության մեջ, կստանաք 50 մլրդ դրամ 163 մլն դոլար գումար, այսինքն ՝ մոտ 140 մլն դոլարի վատնում, թալան է արձանագրված այս հաշվետվության մեջ: Հաշվետվության մեջ, որտեղ պատահական ընտրանքով ստուգումներ են արված, բոլոր դեպքերում գնահատվել է, թե այդ վատնումները քանի տոկոսն են կազմել ընդհանուր գումարի: Խոսքը մոտ 15-20 տոկոսի մասին է: Եթե համարենք, որ սա է ՀՀ-ի պետական միջոցների վատնման թիվը, տոկոսը, ապա բյուջեի վրա տարածելով՝ կստանանք 600 մլն դոլարի գումարի վատնում: ՀՀ-ում տարեկան վատնվում է կես մլն-ից 600 մլն դոլար գումար: Սա խայտառակություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728