Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանը ոստիկանության գործողությունները անիրավաչափ է համարում

Փետրվար 04,2015 15:57

Վարչական վերաքննիչ դատարանում այսօր լսվեց եւ ավարտվեց ակտիվիստ, փաստաբան եւ լրագրող Արգիշտի Կիվիրյանի վարչական բողոքը: Դատարանում վիճարկվում էր 2014թ. սեպտեմբերի 11-ին վարչական դատարանի  կայացրած վճիռը ըստ հայցի Հայաստան Հանրապետության ոստիկանության ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու եւ հակընդդեմ հայցը Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Վարչական դատարանում հրապարակվեց Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի բողոքը, որով նա պահանջում էր բեկանել վարչական դատարանի վճիռը:

dat_Kiviryan_2

Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը առարկեց բողոքի դեմ եւ տեղեկացանք, որ գրավոր առարկություններ դատարան այդպես էլ չէր ներկայացվել:

Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը իր բողոքում տեղեկացրել էր, որ 2013թ. սեպտեմբերի 4-ին Բաղրամյան 26 հասցեի մոտ մի խումբ քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանն անդամակցելու դեմ: Ակցիան եղել է խաղաղ եւ եղել է նախագահի նստավայրի դարպասների մոտ: Ոստիկանության աշխատակիցները պահանջել են դադարեցնել բողոքի ակցիան, ասելով, թե խանգարում են հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության կանոնները: Ոստիկանությունը վարչական ձերբակալում է իրականացրել քաղաքացիների նկատմամբ, իսկ Արգիշտի Կիվիրյանը, որպես լրագրող, երբ Բաղրամյան 26 հասցեից ժամը 17.15-ին գտնվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի վարչական շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին եւ նաեւ իրականացնելու լրագրողական գործունեությունը, քանի որ ցույց է տվել իր բեյջը, Մամիկոնյան 1 հասցեի մոտից նրան ձերբակալել են:

Ըստ բողոքաբերի, վարչական դատարանը, որը 50.000 դրամ տույժի է ենթարկել  Արգիշտի Կիվիրյանին, չի գնահատել ինչպես փաստական հանգամանքները, ապացույցները, ընդհանրապես իր դատական ակտում լրագրողական գործունեությանը խոչընդոտելու կապակցությամբ որեւէ գնահատական չի տվել: Արամազդ Կիվիրյանը բողոքում նշել էր մեկ այլ՝ 27.01.2013թ. զոհված զինվորի մոր նույն հասցեում՝ Բաղրամյան 26-ում կազմակերպված բողոքի ակցիային, որի ժամանակ ոստիկանները չեն պահանջել դադարեցնել իրենց գործողությունները եւ չեն որակել այդ գործողությունները որպես ՀՀ նախագահի աշխատակազմի բնականոն գործունեությունը խոչընդոտող գործողություն: Ըստ բողոքաբերի՝ ոստիկանության կողմից դրսեւորվել է խտրական, կամայական վերաբերմունք: Ոստիկանությունը պատճառաբանել էր, թե հավաքը խախտել է հասարակական կարգը եւ ՃԵ անվտանգության կանոնները, սակայն, ըստ բողոքաբերի  դա չի կարող  հիմնավոր համարվել: Բողոքաբերը ուշադրություն էր դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ վարչական դատարանը գնահատական չի տվել այն հանգամանքին, որ ոստիկանությունը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն պետք է կազմեր տեղում, սակայն երբ տեղում այն կազմել հնարավոր չէր, խախտողը ոստիկանության աշխատողի կողմից կարող էր բերվել ոստիկանություն: Դա օրենքի համաձայն, մինչդեռ ոստիկանությունը «խախտումը» չի արձանագրել եւ Արգիշտի Կիվիրյանին ձերբակալել է ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ մեկ այլ տարածքում, ժամեր հետո՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի վարչական շենքի մոտ, երբ նա իրականացրել է իր լրագրողական գործունեությունը, իսկ Բաղրամյան 26-ի հավաքն էլ դադարեցված էր եղել ոստիկանների կողմից:

Դատարանում հղում արվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսված մի քանի գործերին՝ «Աշուղյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», «Գալստյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության», որտեղ խոսք էր գնացել հավաքների ազատության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին:

Արամազդ Կիվիրյանը հրապարակեց անգամ դատական ակտից մի հատված, որտեղ դատավոր Խանդանյանը արձանագրում է. «Արարքը կարող է ուղղակիորեն չլինել արգելված օրենքով: Սակայն դա չի նշանակում, որ անհատն իրավունք ունի կատարելու այն, որովհետեւ այս դեպքում գործում է մարդու իրավունքների սահմանի ոսկե կանոնը, որը ելնելով Ավետարանից, ձեւակերպվել է ուշ միջնադարում՝ մի արա այն, ինչը չես ուզում, որ քո նկատմամբ անեն ուրիշները»:

Բողոքում նաեւ նշվել էր, որ ոստիկանությունը Կիվիրյանին ձերբակալելուց հետո փաստաբան Երվանդ Վարոսյանին արգելել է նրան իրավաբանական օգնություն ցույց տալ:

Դատական ակտը կկայացվի փետրվարի 25-ին:

Ի դեպ, ոստիկանության եւ Արգիշտի Կիվիրյանի դատական վեճերի քանակը հասել է 6-ի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728