Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխան Զաքարյանը հենց այնտեղ է, որտեղ մտածում եք». Վերահսկիչ պալատ

Փետրվար 04,2015 15:51

«Հաշվետվությունը լեգիտիմ չէ»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ հաշվետվությունը Իշխան Զաքարյանի փոխարեն ներկայացնում է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը վրդովվեցրել էր ոչ իշխանականներին:

Նա ընդգծեց, որ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, որը զեկուցում է հաշվետվությունը, Իշխան Զաքարյանի տեղակալ պարոն Յոլյանը չէ, որը, ըստ օրենքի, պետք է նրան փոխարինի:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ «ՎՊ նախագահի պաշտոնը թափուր չէ, Իշխան Զաքարյանը շարունակում է լինել եւ մնալ ՎՊ նախագահ: Մենք իրավունք ունենք ստանալ մի քանի հարցերի պատասխաններ՝ ինչո՞ւ հաշվետվությունը չի ներկայացնում ՎՊ նախագահը: Միգուցե նրան թույլ չեն տվել, եւ նա ունի մեր աջակցության կարիքը: Միգուցե Իշխան Զաքարյանը ինքը չի ցանկացել գալ եւ դա  ունի իր պատճառները, պետք է պարզել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ԲՀԿ խմբակցության անունից շուտով ՎՊ նախագահին կհրավիրեն ԱԺ՝ ստանալու այս հարցերի պատասխանները. «Հասկանանք ՝ ինչն է խանգարել Իշխան Զաքարյանին կամ ով է խանգարել, խոչընդոտել, որ նա ներկայացնի ՎՊ հաշվետվությունը: Մենք այսօր այստեղ մասնակցում ենք ոչ օրինական գործընթացին»:

Սեյրան Ավագյանն էլ իր կողմից ասաց, որ տեղյակ են օրենքին, որը պահանջում է, որ հաշվետվությունը ներկայացնի Իշխան Զաքարյանը՝ ՎՊ նախագահը: Բայց նրա խոսքերով՝ «Կյանքը շատ հարուստ է: Եթե ԱԺ նիստին շատ հարգելի պատճառով չի կարող ներկա լինել ՎՊ նախագահը, ՎՊ նախագահի տեղակալը, մեր օրենսդրությունը ոչինչ չի ասում, թե ով կարող է մասնակցել նրանց փոխարեն: Մեր օրենսդրությունը կանոնակարգված չէ»:

Սեյրան Ավագյանն ասաց, որ մի քանի օր առաջ է Իշխան Զաքարյանը իրեն հրավիրել, ներկայացրել ստեղծված իրավիճակը եւ խնդրել, որ հենց ինքը ներկայացնի հաշվետվությունը. «Ես քաջ տիրապետում եմ, թե որտեղ է նա: Նա պետական առաքելությամբ է, պարոն Զաքարյանն այդպես ասաց ինձ: Նա շատ հեռու չէ, բայց, ցավոք, չի կարող այս պահին այս դահլիճում լինել: Կարծում եմ, բոլորդ էլ գիտեք՝ որտեղ է: Հենց այնտեղ է, որտեղ մտածում եք: Չեմ կարծում, որ դրանից իմաստ ունի Կիկոսի պատմություն ստեղծել, էլի: Ընկանք մի հունի մեջ եւ չենք կարողանում այդ հունից դուրս գալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728