Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետ. «2015 թվականին Հայաստանի պարտքերը կավելանան»

Փետրվար 04,2015 15:49

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ամփոփելով նախորդ տնտեսական տարին, ասաց, որ չնայած այն ծանր տնտեսական իրադարձություններին, որոնք տեղի են ունենում համաշխարհային տնտեսության մեջ, Հայաստանում հնարավոր եղավ ապահովել 103,9 տոկոս տնտեսական աճ. «Հայաստանի համար առաջանցիկ աճ ապահովեց գյուղատնտեսության ոլորտը՝ 107,2 տոկոս աճ: Իսկ նախորդ տարվա ընթացքում անկում ապրեց շինարարության ոլորտը՝ 95,7 տոկոս»:

Ըստ բանախոսի՝ նախորդ տարվա ընթացքում արտահանումն ավելի արագ է աճել, քան ներմուծումը՝ արտահանումը աճել է 102,7 տոկոսով, իսկ ներմուծումը 100,4 տոկոսով. «ԱՊՀ տարածաշրջանի հետ մենք ունեցել ենք 365 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, իսկ ԵՄ-ի հետ՝ 430 միլիոն դոլարի: Կարելի է եզրակացնել, որ արտահանման քաղաքականությունում ունենք առաջխաղացում»:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ 2014 թվականին ՀՀ պետական պարտքը ՝ 1 դոլարը 474 դրամով հաշված, կազմել է 4 միլիարդ 441 միլիոն ԱՄՆ դոլար, որից 3,785 միլիոնը կազմել է արտաքին պարտքը, իսկ ներքին պարտքը կազմել է 656 միլիոն ԱՄՆ դոլար:
Դրամի արժեզրկմամբ պայմանավորված աճել է նաեւ ՀՀ արտաքին պարտքը. «2014 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ այն եղել է 1 տրիլիոն 914 միլիարդ դրամ, իսկ արդեն դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 2 տրիլիոն 109 միլիարդ դրամ»:

Անդրադառնալով 2015 թվականին սպասվող տնտեսական դրությանը, Վիլեն Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ Հայաստանում պարտքերը կավելանան. «Սա ցույց է տալիս եվրոպարտատոմսերի թողարկման հանգամանքը: Այսինքն՝ կառավարությունը փորձում է տնտեսության մեջ գումարներ ներդնել՝ ակտիվություն ապահովելու համար»:

Ըստ տնտեսագետի՝ տնտեսական աճը նույնպես անկում կապրի. «ԱՄՀ-ն Ռուսաստանի համար կանխատեսել է մինուս երեք տոկոս անկում, իսկ ամբողջ ԱՊՀ տարածաշրջանի համար՝ մինուս 1,4 տոկոս: Սա նշանակում է, որ մեր տնտեսության մեջ մենք էլ ենք զգալու ցնցումներ: 2015 թվականին մենք ավելի վատ կսկսենք ապրել, քան 2014 թվականին»:

«Շինարարության ոլորտի վրա ծախսվող գումարները առաջանցիկ աճ չեն կարողանա ապահովել, մինչդեռ գյուղատնտեսության ոլորտում մենք պոտենցիալ ունենք՝ կապված ԵՏՄ անդամակցության եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ»,- նկատեց տնտեսագետը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728