Փետրվարի չորսը աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի օր։ «Հայ- ամերիկյան բժշկական կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թեմային անդրադառնալով՝ նշեց, որ եթե մինչեւ հիմա քաղցկեղի դեպք գրանցվում էր ամեն 15-րդ կնոջ մոտ, ապա 2014 թվականի ընթացքում քաղցկեղ է հայտնաբերվել ամեն 20-րդ կնոջ մոտ: Հիվանդությունների նվազումը պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի հաճախ են սկսել գնալ բժշկի, պրոֆիլակտիկ ստուգումներ անցնել, որն էլ նվազեցրել է հիվանդության հաճախակիացումը. «Հիվանդությունը նախաքաղցկեղային իրավիճակում հայտնաբերելու պարագայում այլեւս չի վերածվում քաղցկեղի»:
Տիկին Հակոբյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ իրենց կենտրոնում նախորդ տարի հետազոտվել է 40 հազար 100 կին, մինչդեռ 2013 թվականին նրանց թիվը 30 հազար էր. «Նրանցից 21 հազարն անցել են կրծքագեղձի հետազոտություն, որոնցից ընդամենը 802-ի մոտ է հայտնաբերվել քաղցկեղ: Սա ուրախացնող թիվ է, քանի որ անցյալ տարիներին թիվը մի քանի հազար էր: Ունեցել ենք 193 տղամարդ այցելու եւ գրանցել 4 քաղցկեղի դեպք: Սակայն արդեն 2015 թվականի այս մեկ ամսվա ընթացքում գրանցել ենք տղամարդու քաղցկեղի 4 դեպք՝անհասկանալի է, բայց փաստ է»:
Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ կան հիվանդություններ, որոնք համարվում են նախաքաղցկեղային, եւ դրանց կանխարգելման դեպքում հիվանդությունը չի զարգանա:
Տիկին Հակոբյանը նշեց, որ քաղցկեղով հիվանդացողների թվում շատացել են երիտասարդները. «Երեկ, օրինակ, 16-ամյա մի աղջկա մոտ վահանաձեւ գեղձի քաղցկեղ ենք գրանցել: Փաստը մնում է փաստ, որ շատ երիտասարդ աղջիկներ նաեւ հիվանդ են կրծքագեղձի քաղցկեղով»:
Կարդացեք նաև
Բանախոսը զգուշացնում է, որ պրոֆիլակտիկ ստուգումները չափազանց կարեւոր են հիվանդությունը կանխարգելելու համար. «Սակայն լինում են դեպքեր, կանայք գալիս են, երբ դանակը հասնում է ոսկորին եւ արդեն ոչինչ հնարավոր չի լինում անել: Դրա համար առանց որեւէ ախտանիշների պետք է այցելել բժշկի: Քաղցկեղի բուժման միակ մեթոդը կանխարգելումն է»:
Ասուլիսի ընթացքում բժիշկ-ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը հաստատեց այն փաստը, թե այցելություններն ավելի են հաճախակիացել, քանի որ քաղաքացիները սկսել են գիտակցել, որ քաղցկեղի կանխարգելումը իրենից ենթադրում է երկար գործընթաց. «Տարին մեկ անգամ հետազոտությունը պարտադիր է, եւ ամեն հաջորդի համար, նախորդը մեծ ինֆորմացիա է կրում: Այն փոփոխությունները, որ նախկինում ունեցել ենք, մեզ ուղղորդում են՝ ավելի վաղ փուլում ուռուցքը հայտնաբերելու համար»:
Բժիշկը քաղցկեղի ձեւավորման համար մի քանի պատճառներ է առանձնացնում. «Գենետիկ նախատրամադրվածության պարագայում հսկողությունը պետք է լինի շատ ավելի խիստ, քանի որ նման մարդկանց մոտ հավանականությունը 80 տոկոսով ավելի բարձր է: Նաեւ պետք է նշել էկոլոգիական գործոնները, ծխելը, խմիչքի չարաշահումը, որոնք ճնշում են իմունային համակարգը եւ նպաստում են, որպեսզի քաղցկեղային բջիջներն ավելի արագ զարգանան»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ