ԱԺ-ում Վերահսկիչ պալատի 2013-ի հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը ներկայացրեց Վերահսկիչի բացահայտումներից մեկը, որն առավել մեծ տպավորություն էր թողել իր վրա: Խոսքը հերթական «ատկատի» մասին էր, թե ինչպես են մրցույթում հաղթող ճանաչել կիպրոսյան մի ընկերության, բարձր գներով պայմանագիր կնքել նրա հետ, կիպրոսյան այդ ընկերությունը նույն աշխատանքներն անել է տվել մեր հայկական ընկերություններից մեկին՝ մի քանի անգամ ցածր գներով:
Մասնավորապես, Կիպրոսում գրանցված «Four Assist Development Consulting Limited» ընկերությունը 2012-2013-ին Հայաստանից 704.1 հազար դոլար է ստացել, որ իրականացնի հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի եւ ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքներ: Հայաստանի կողմից պայմանագիրը կնքել է ֆինանսների նախարարությունը, ավելի կոնկրետ՝ այն ժամանակվա նախարար Վաչե Գաբրիելյանը, որը ողջ գումարը փոխանցել է Կիպրոս՝ այդ ընկերության հաշվին, բացառությամբ հարկերի: Կիպրոսյան ընկերությունն իր հերթին պայմանագրի կնքման հենց նույն օրը 288 հազար ԱՄՆ դոլարով ենթամատակարարի պայմանագիր է կնքել Հայաստանում գրանցված «Փի- Էյջ –Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ: Եվ պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն:
Վերահսկիչ պալատի այս բացահայտման հետ կապված Hetq.am-ը պարզել էր մի ուշագրավ հանգամանք՝ «Four Assist Development Consulting Limited» ընկերությունը գրանցվել է Կիպրոսում 2006 թվականին ու այդ ընկերության խոշոր բաժնետերը ՀՀ քաղաքացի Գնել Սեդրակյանն է, որը նախկինում որպես խորհրդատու աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում, այսինքն, հենց այն գերատեսչությունում, որն այս պայմանագիրը կնքել է:
Վահրամ Մկրտչյանը զարմացել էր՝ փաստորեն 400 հազար դոլարի անիմաստ ծախս են արել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ