Թումանյան 25 շենքի հարգելի բնակիչներ
Ինչպես արդեն հասկացել եք, քաղաքային իշխանությունը զավթած մի խումբ անձինք ինչ-որ ՍՊԸ-ի միջոցով փորձում են զավթել ձեր տունը, ձեզ տեղահան անել և շենքը վերածել հյուրանոցային համալիրի՝ լկտիաբար ոտնահարելով ձեր հիմնարար իրավունքները և էլ ավելի այլանդակելով ու այլափոխելով մեր քաղաքի պատմական կենտրոնը։
Նույն սցենարը փորձ է արվել կիրառել Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 հասցեների, ինչպես նաև Երևանի բազմաթիվ այլ շենքերի բնակիչների նկատմամբ։
Կոչ ենք անում ՈՉ ՄԻ Ստորագրություն ՉԴՆԵԼ քաղաքապետարանի ԾԻԳ-ի, որևէ ՍՊԸ-ի կամ այլ կառույցի ներկայացրած փաստաթղթերի տակ։ Որևէ մեկը, լինի դա քաղաքապետի թե նախագահի պաշտոն զբաղեցնող անձ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ձեզ պարտադրելու լքել ձեր տունը։
Թող իրենք լքեն իրենց տները և հեռանան Երևանից՝ ազատելով բոլորիս բռնատիրական և զավթողական իրենց նկրտումներից։ Երևանցիների նկատմամբ այսօր կիրառվող տեղահանման օսմանյան այդ քաղաքականությունը վաղուց հայտնի է հայերիս։
Թումանյան 25 շենքի հարգելի բնակիչներ, մենք ձեր կողքին ենք ՁԵՐ և ՄԵՐ ընդհանուր պայքարի մեջ։ Կոչ ենք անում համախմբվել, համագործակցել բոլոր ԶԼՄ-ների և մեզ հետ և ոչ մի դեպքում չգնալ զիջումների։
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն