Այսօր վերջապես քվեարկության դրվեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ձեւավորման հարցը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց իրենց առաջարկը, որը կոմպրոմիսային տարբերակ էր: Ըստ այս նոր առաջարկի, Հաշվիչ հանձնաժողովը բաղկացած կլինի 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ ներկայացուցիչներ, 2-ը ԲՀԿ, մնացած խմբակցությունները կունենան մեկական անդամ:
Հիշեցնենք, որ ԱԺ առաջին նիստին ՀՀԿ-ն առաջարկել էր, որ իրենք ունենան 7 ներկայացուցիչ, ինչը հարուցեց ոչ իշխանականների դժգոհությունը եւ քվեարկությունը տապալվեց: Այս անգամ, երբ ՀՀԿ-ն ունենալու է 6 ներկայացուցիչ, ոչ իշխանական ուժերը դեմ չէին:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այս տարբերակը որոշ չափով հավասարակշռությունը ապահովելու է, եթե մոտ ժամանակներս որեւէ քաղաքական ուժ չմտնի ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ. «Այս իրավիճակում եւ այս համապատկերում ԲՀԿ-ն քվեարկում է կողմ»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Արզումանյանին սա չէր գոհացրել: Ըստ նրա, այսպես կոչված կոմպրոմիսային այս տարբերակը ոչ մի հարց չի լուծում. «Ցավոք, Արծվիկ Մինասյանի առաջարկը չանցավ վերադառնալ նախկին տարբերակին: Ես կառաջարկեմ 1 կետ ավելացնել, որ դռնբաց են նիստերը եւ լրագրողները կարող են մասնակցել հաշվիչ հանձնաժողովի ողջ գործընթացին, նիստերին, ընդհուպ մինչեւ հաշվարկման պրոցեսը: Դա մեր բոլոր կասկածները կփարատի եւ մեր թափանցիկ աշխատանքի դրսեւորումը կլինի»:
Ալեքսանդր Արզումանյանի առաջարկին դեմ էին ՀՀԿ-ականները:
Քվեարկության դրվեց «կոմպրոմիսային» տարբերակը եւ անցավ՝ 102 կողմ, 5 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ