Լրատվամիջոցներում շրջանառվում է այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի խնդրահարույց դրույթների դեմ պայքարող «Կասեցում» հասարակական նախաձեռնության անդամների միջեւ պառակտում է եղել։ Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կասեցում» նախաձեռնության անդամներից Արտակ Խաչատրյանը հայտնեց, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Երբ մեզ նորից պատասխանը չգոհացնի եւ մենք նորից դուրս գանք փողոց, դուք դրա ականատեսը կլինեք։ Ուղղակի կան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր չեն կիսում մեր կարծիքը, դա իրենց խնդիրն է։ Սակայն որոշակի շահերից ելնելով իրենք կառավարության հետ բանակցությունների են նստում եւ հետաքրքիր է, ինչու, հենց մենք՝ սովորական քաղաքացիներս բողոքի ձայն բարձրացրինք, այդ ժամանակ իրենք որոշեցին ոտքի կանգնել։ Չեմ կարծում, որ նրանք ներկայացնում են ժողովրդի շահերը»,-այս կարծիքին է ակտիվիստը։
Ազգային ժողովում օրենքի քննարկման արդյունքում ցանկալի արդյունքի չհասնելու դեպքում, ինչպես նշում է ակտիվիստը, «Կասեցում» հասարակական նախաձեռնությունը պատրաստվում է ավելի մեծ բողոքի ակցիաներ անցկացնել եւ ավելի սուր դնել որոշակի հարցեր՝ հրաժարականներ պահանջել. «Որոշվել է, որ «Կասեցում» հասարակական նախաձեռնությունը անցնելու է բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր այս օրենքի հետ առնչություն չունենալով, կբարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Թույլ չենք տա, որ երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ խաբված լինենք։ Մենք այլեւս չենք խնդրում, մենք պահանջում ենք, որ օրենքները գրվեն այնպես, որ դրանք լինեն կառուցողական»։
Aravot.am-ը ակտիվիստներին խնդրեց մեկնաբանել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությունը, որ եթե ձեռներեցները չեն ցանկանում վճարել մեկ տոկոս շրջանառության հարկ, ապա իրենք ավելի շատ շրջանառություն ունեն, քան 58 միլիոն դրամն է։ Արտակ Խաչատրյանի խոսքով՝ «Եթե մանրանանք օրենքի մեջ, պետք է նշեմ, որ սահմանված շեմը շատ ցածր է։ Նույն ինքը Վարդան Այվազյանը, որ այդ հայտարարությունն արել է, հասկանում է, որ այդ շեմը կենսունակ չէ։ Եթե շեմը լիներ 120 միլիոն, ինչ-որ կերպ հնարավոր կլիներ հասկանալ։ Թող բարձրացնեն շեմը, թող ուժեղացնեն հսկողությունը»։
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկի նկատառմանն էլ, թե Վարդան Այվազյանը երեկ կրկին հայտարարել է, որ օրենքը խոշոր բիզնեսին հարկային դաշտ բերելու համար է, ակտիվիստն ասաց. «Ամենաքիչը ծիծաղելի է Վարդան Այվազյանի ասածը, որ օրենքը խոշորին հարկային դաշտ բերելու համար է։ Վարդան Այվազյանը ինքը առաջինը պետք է կանգնի հայելու առաջ, ասի՝ եղբայր, ես էլ եմ խոշոր, արի գնա հարկային դաշտ»։
«Կասեցում» շարժման մեկ այլ ակտիվիստ էլ, Լեւոն Թորոսյանը իր խոսքում նշեց, որ հիմա առեւտրականները հացի խնդիր ունեն. «Ամեն ամիս խանութներ են փակվում, ազատ տաղավարներ են գոյանում, օրերով մարդիկ առեւտուր չեն անում։ Կառավարությունը վեց ամիսը մեկ օրենք փոխելուց առաջ պիտի մտածի այդ ուղղությամբ, արդյոք մարդիկ կարո՞ղ են այդ կերպով աշխատել»։
Ակտիվիստները թերահավատությամբ են լցված, չեն հավատում, որ օրենքը կարող է ընդունվել հօգուտ ձեռներեցների. «Եթե հարցը չկարգավորվի մեր ուզած ձեւով, արդեն մոտ 10 հազար ԱՁ-ներ կդադարեցնեն իրենց գործունեությունը»։
«Մեր կառավարությունը մեզ հետ շատ վատ է վարվում։ Ես գիտեմ մի բան, որ իրենք ավելի խտացված մի բան են մտածելու, որ ավելի ուժեղ չագուչով խփեն մեր գլխին»,-մտավախություն ունի ակտիվիստ Արմեն Ներսիսյանը։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ