«Բերձորում տեղի ունեցածը մեկ անգամ եւս հաստատեց ղարաբաղյան կլանի հակվածությունը, որ ուզում է հաստատել բռնատիրական կարգեր թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղում»,- փետրվարի 4-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բերձորում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամներին ծեծի ենթարկելուն, ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը:
Նրա խոսքերով՝ այդպիսով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բռնապետական կարգերի միջոցով ցանկանում են իրենց իշխանությունը հավերժացնել: Նա նշեց, որ կլանը ունի հանցագործությունների շարան, բայց երբեք թույլ չի տալու, որպեսզի դրանք բացահայտվեն. «Այն կարծիքը, որ այսպիսով սեպ է խրվում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունների միջեւ, եւ դրանում մեղադրվում է ոչ թե ղարաբաղյան կլանը, այլ հենց հասարակությունը, այսինքն՝ անհատ քաղաքացիներ, որոնք տարբեր մեկնաբանություններ են տալիս այս կատարվածին: Այդ կերպ տպավորություն է ստեղծվում, որ սեպ խրողները առանձին անհատներ են: Առաջին հերթին սեպ խրողը կլանն է, նրանք այնքան են կուրացել իրենց անհագուրդ թալանի մտադրությունը իրականացնելու խնդրում, որ նրանց համար միեւնույն է, թե հասարակությունը ինչ կմտածի, թե ինչ կլինի նման միջադեպերի հետեւանքը»:
Տիկին Թադեւոսյանը համարում է, որ այս գործողությունների արդյունքում Հայաստանի վարկանիշը կընկնի: Նրա խոսքերով՝ Հայաստանը դարձել է մի տարածք, որը չի հետաքրքրում օտարերկրյա ներդրողներին եւ զբոսաշրջիկներին. «Սա կազմակերպված գործողություն էր, որի միջոցով նրանք ցույց տվեցին, որ որեւէ մեկը չի կարող իր ուզածն անել Հայաստանում, որ Ղարաբաղը ղարաբաղյան կլանի սեփական տարածք է համարվում, եւ հայաստանցու համար այդքան հեշտ չէ այդ տարածք մուտք գործել: Նրանք ցույց տվեցին, որ ինչպես Հայաստանում են իրենց անսահման իշխանությունը տարածել, նույնքան անսահման է նրանց իշխանությունը Լեռնային Ղարաբաղում: Ընդամենը հրամանով նրանք կանգնեցրին այդ շարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, սադրանք չի եղել, մենք կադրերը տեսել ենք»:
Զոյա Թադեւոսյանը համարում է, որ Բերձորում կատարվածի նպատակը նախաձեռնության անդամներին հեռացնելը չէր, այլ այդպիսով նրանք ցանկանում էին ցույց տալ, որ անպատժելի են, եւ որ իրենք կարող են անել այն, ինչ ուզում են. «Դա բավականին լուրջ հոգեբանական պարտություն էր բոլորիս համար, մենք շատ ընկճվեցինք, շատ ցավեցինք, անսպասելի էր մեզ համար, որ հայ մարդը կարող է այդպիսի վայրագությամբ ծեծել հայ մարդուն, կնոջը, երեխային»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ