Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները պահանջում են Իշխան Զաքարյանին. «Ո՞ւր է, նախագահն արգելե՞լ է նրան ելույթ ունենալ»

Փետրվար 04,2015 13:11

Այս պահին ԱԺ-ում Վերահսկիչ պալատի շատ սպասված 2013-ի հաշվետվությունն է ներկայացվում: Պատգամավորները սպասում էին, որ հաշվետվությունը պետք է ներկայացնի Իշխան Զաքարյանը, սակայն ՎՊ-ից ներկայացել էր խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բողոքեց. «2012-ի սկանդալային բացահայտումներից հետո Իշխան Զաքարյանն այլեւս ԱԺ չի գալիս: Մեզ ասում եք, թե ՎՊ նախագահն արձակուրդում է:  Մենք բոլոր հիմքերն ունենք կասկածելու, որ Իշխան Զաքարյանին ուղղակի արգելված է ԱԺ գալ, շփվել պատգամավորների հետ, գործունեությունը ներկայացնել: Այս հաշվետվությունը պետք է ներկայացներ Իշխան Զաքարյանը: Ի ՞նչ է կատարվել նրա հետ, միգուցե, միգուցե նախագահն արգելել է նրան ելույթ ունենալ այս դահլիճում: Սեյրան Ավագյանն իրավունք չունի ներկայացնելու ՎՊ հաշվետվությունը»:

Հետո Լեւոն Զուրաբյանը, դիմելով Սեյրան Ավագյանին, հայտարարեց. «Դուք խախտում եք օրենքը, իրավունք չունեք դա անելու: Խնդրում ենք ձեզ հեռանալ այստեղից»:

Նրան արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ես համաձայն չեմ, որ կարծիքները ճշմարտության տեղ ներկայացնեք այստեղ: Իշխան Զաքարյանը, ինչպես ցանկացած չինովնիկ, իրավունք ունի արձակուրդ ունենալու: Նա չպետք է իմանար, որ ԱԺ-ն ինչպիսի օրակարգ ունի, որ գնար արձակուրդ կամ չգնար»:

Պատգամավորները պահանջում էին՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը, թող գա բացատրի մեզ, բացատրի, թե ինչու չի կարող գալ:

«Անցյալ տարի պիտի անեինք, այսքան որ հետաձգել ենք, մի քիչ էլ կհետաձգենք: Ես 6 հարց էի պատրաստել, բայց չեմ տա, որովհետեւ չեմ ուզում մասնակցել այս ապօրինությանը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքերով՝ «Սահմանադրությամբ ասվում է, որ հաշվետվություն ԱԺ-ում ներկայացվում են ԱԺ կանոնակարգ օրենքի հիման վրա: Կանոնակարգով ասում է, որ հաշվետվությամբ հանդես է գալիս ՎՊ նախագահը: Եթե մենք չենք հարգում մեր իսկ կողմից ընդունած օրենքը, ինչո՞ւ պետք է դրանց հետեւեն այլ պաշտոնատար անձինք, շարքային քաղաքացիները: Պետք է Իշխան Զաքարյանը ներկայացներ, թե 2012-ի հաշվետվության արդյունքները, որ մենք ուղարկել էինք իրավապահներին, ովքեր ինչ հոդվածներով են դատապարտվել, ինչ են արել: Հիմա Սեյրան Ավագյանին մենք այդ հարցը ո՞նց ուղղենք»:

Գալուստ Սահակյանը հակադարձեց. «Այնպես չի, որ մարդը հարգելի բացակայում է, նա պիտի փոխարինող չունենա, դրա համար իրենք ուղարկել են իրենց փոխարինողին: Այնպես չի, որ Սեյրան Ավագյանը չի կարող ձեր հարցերին պատասխանել: Այնպես չի, որ չի եկել, որովհետեւ ինչ-որ մի բանից վախեցել է: Պարոն Ջհանգիրյան, ես կարծում եմ, որ կարելի է մտածել, որ լավ կլիներ Իշխան Զաքարյանը լիներ, բայց ունենք այն, ինչ ունենք»:

Սեյրան Ավագյանն էլ իր հերթին բացատրեց, թե ինչու չի եկել Իշխան Զաքարյանը. «Բարձր պաշտոնատար անձ է, ունի աշխատանքային գրաֆիկ, ներկայացնում է ՎՊ-ն աշխարհի տարբեր երկրներում, նրա բացակայությանը պետք է վերաբերվել հարգալից»:

Թեւան Պողոսյանը կոչ արեց Գալուստ Սահակյանին մշակույթ փոխել, տեղի տալ եւ հետաձգել հաշվետվությունը՝ պատմության մեջ մնալու համար՝ իր այդ որոշմամբ: Գալուստ Սահակյանը տեղի չտվեց՝ պատասխանելով, որ չի ուզում պատմության մեջ մնալ, ԱԺ-ն թող մնա պատմության մեջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728