Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնյա. «Պաշտոնանկություններ կլինեն՝ ընդհուպ մինչև տեղակալների մակարդակով»

Փետրվար 04,2015 13:02

«Շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին 2014 թվականին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն աննախադեպ էին, լարվածությունը մեծացել էր: Հունվարին հայկական կողմն ունեցել է 7 զոհ»,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Նա նշեց, թե ադրբեջանական ուժային շանտաժի քաղաքականությունը շարունակվեց նաև այս տարվա հունվարին:

Գեղամ Հարությունյանը նկատեց, թե նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը չհասավ իր նպատակին՝ ռազմաքաղաքական առումով անմխիթար վիճակում էր: Ուստի իրավիճակն ուղղելու համար նա նաև իր քաղաքականությունը շարունակեց այս տարվա հունվարին:

Պարոն Հարությունյանը շեշտեց. «Ադրբեջանը որդեգրել է շանտաժի քաղաքականությունը, ռևանշիստական ձգտումներ ունի, չի ուզում ոչ մի բան զիջել, փոխհամաձայնության գնալ, բայց ցանկանում է ստանալ առավելագույնը»:

Գեղամ Հարությունյանը նշեց, որ հայկական կողմի պատասխան գործողություններն իրենց արդյունավետությամբ ավելի բարձր են, հակառակորդն ավելի շատ կորուստներ է ունենում, սակայն դա չի փոխում Ադրբեջանի քաղաքական ուղեգիծը:
Նրա խոսքով՝ որոշակի փոփոխություն է արձանագրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին և ՀՀ նախագահի հայտարարությունների հետո:

Aravot.am-ի դիտարկմանը, թե յոթ զոհի մասին հայտարարությունը հասարակությունը միանշանակ չընդունեց, քանի որ ակնհայտ կերպով, գոնե տեղեկատվական հոսքերի մակարդակով, հունվարին մեր զոհերի թիվը 7-ից անցել է, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Բոլոր զոհերի մասին եղել են հաղորդագրություններ, այդ թվում նաև անվանական: Ես հենվում եմ ՊՆ-ի անձնակազմի տարածած հաղորդագրությունների վրա»:

Անդրադառնալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը և մասնավորապես այն հանգամանքին, որ այդ գործի հետ են առնչվում նաև պաշտոնյաների որդիների անուններ, պարոն Հարությունյանն ասաց. «Ծանր դեպք է, և ամեն ինչ անում ենք, որ բոլոր մեղավորները պատժվեն: Ինչ վերաբերում է պաշտոնյաների որդիներին, հետո էլ բողոքում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաների որդիները չեն ընտրում զինվորական ծառայություն: Բայց ասել, որ ռազմական ինստիտուտը անպետք, անգործունակ մի կառույց է, այստեղ չեմ կարող համաձայնել»:

Պարոն Հարությունյանը նշեց, որ պաշտոնանկությունները կշարունակվեն. «Այսօր ծառայողական քննությունը պետք է ավարտվի և դրա արդյունքում կազմվի պաշտպանության նախարարի հրաման, որի մի մասը կվերաբերի պաշտոնանկություններին: Պաշտոնանկություններ կլինեն պատասխանատուների, այդ թվում նաև տեղակալների մակարդակով և կլինեն կարգապահական տույժեր և տեղափոխումներ զորքեր ծառայության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728