Շարժվելու ժամն էր: Եթե մի քիչ էլ սպասեր, ուղևորները վրա կտային: Ավտոբուսը լեցուն էր, նստատեղերի միջև ընկած տարածքում ևս մարդիկ կային, որը` կանգնած, որը` կռթնած թիկնակին, կախված բռնաձողից, նստած կործած դույլի, արկղի կամ թե կաթսայի վրա, որոնցով առավոտները միրգ, ձու, կաթնեղեն եւ էլի ինչ իմանաս ինչ էին բերում շուկա ու հիմա ետ պիտի տանեին` հաջորդ օրը նույնը կրկնելու համար:
Առաջնականգառին էր մոտեցել մեկ ժամ շուտ: Գնալու տեղ չուներ, բացի դա` տարիների ընթացքում սովորույթ էր դարձել. կանգնում էր, շարժիչը բզբզում, թուլացած պնդօղակ-բան էր լինում` ձգում, յուղը չափում… Հին, ժամկետն անց ավտո էր` վրան չկար թերությո՞ւն: Համ էլ` մարդկանց հետ էր գործը, ինչո՞ւ արևի, ձյան, անձրևի տակ մնային, ի վերջո, իր ապրուստը նրանց միջոցով էր դատում:
Վերջին ուղերթն էր: Պետք է հասներ Գառնի ու ետ դառնար, գնալ-գալը` մեկուկես ժամ: Թե ճամփան էր ծանոթ, թե միջակա գյուղերի կանգառները, թե նստածների մեծ մասն ու թե հայտնի` օրվա մոտավոր վաստակը, եթե ճամփին ավտոտեսուչ չկանգնեցներ կամ «Լազը» փչանար և ստիպված` ժողովրդին իջեցներ:
Շարժիչը գործի էր գցել, երբ կողահայելու մեջ նշմարեց մոտեցող մարդկանց:
Կարդացեք նաև
– Չգնա՛ս,- առաջին հասածը ձեռնափով զարկեց ետևի դռանը:
Վարորդը մատը տարավ սեղմակին, կարծեց ուշացած ուղևորներ են, թեև հագուկապը, հասցրեց նկատել, ավտոբուս նստողների չէր:
– Սեղմվեք, տեղ տվեք մտնեն,- ձայնեց ետնամասում խմբվածներին և ոտքն արգելակին` սպասեց:
Բարձրանալու փոխարեն նրանք առաջացան, ապա մեկը, շրջանցելով մեքենան, բացեց խցիկի դուռը:
– Անջատի՛ր:
– Ի՞նչ կա,- ակամա ենթարկվեց կարգադրությանը:
– Հրես կիմանաս,- մարդը ձգվեց, որպեսզի հասնի բանալուն:
– Ձեռդ,- վարորդը թևքով փակեց ճամփան:
Սա կախվելով ղեկից` փորձեց ելնել վերև:
– Դե հերի՛ք եղավ,- վարորդը հրելով նրան` կտրուկ ձգեց դուռը:
Հավանաբար ներքևից դժվար էր, որովհետև մարդը, չդիմանալով ճնշմանը, տեղի տվեց:
– Սեթո, ովքե՞ր են,- հարցրին խցիկին մերձ կանգնածները:
– Շա՜տ գիտեմ,- Սեդրակը դուրս հանեց գլուխը:- Ի՞նչ ես ուզում:
– Ցա՛ծ իջիր,- մարդը քաշեց բռնակից:
– Գիշերվա երազ է,- հետո տեսավ` շատ է քաշքշում, վերևից թեթևակի խփեց մատներին:- Թո՛ղ, արա, կպոկես:
Երկրորդը, որ նույնպես մոտեցել էր, ընկերոջը մի կողմ տարավ.
– Սողո, հանգիստ:
– Թող իջնի,- Սողոմոն կոչվածը, այդուհանդերձ, ենթարկվեց:
– Քեզ չեն ասե՞լ,- ներքևից վերև տիրաբար հարցնողը փողկապով էր, թխադեմ, աչքերի տակ` տոպրակներ:
– Ո՞վ, ի՞նչ…- հակադարձեց, սակայն ուշադրությունը շեղվեց, երբ հայելու մեջ տեսավ ետևի դռնից մտնողին:
Նրա կողմից վտանգ, թվում էր, առայժմ չկա: Մարդը, եթե մինչևիսկ կամենար, չէր կարող առաջանալ, այնքան խիտ էր պատվարը:
Սրահում հայտնվածն սկզբում իսկապես էլ նման մտադրություն չուներ, որովհետև սկսեց ինչ-որ բան բացատրել խիտ կանգնածներին:
Սեդրակը տեղից ելավ.
– Արանք բացեք, տեսնեմ ուզածն ի՞նչ է:
– Ասում է` մարշրուտկեքով գնացեք…
– Ոչ ոք չիջնի,- նա վճռական սեղմեց դռները փակող կոճակը:- Մեկնումեկդ պինդ հրեք:
Հացավանցի ուսանողը մեջքով հենվեց դռանը: Փեղկերը ճնշման տակ շրխկոցով վրա եկան: Մարդը, իհարկե, մնաց ներսում: Նա զայրացած բղավեց, թե ինչ` ժխորում լսելի չեղավ:
Խցիկի դուռն ամբողջ ընթացքում ծեծում էին: Սեդրակը գրգռված` ցած նայեց.
– Ու՞մ մասին էիք հարցնում, ո՞վ պիտի բան ասեր:
– Խուլ ե՞ս,- բանալին հանել փորձողը հարցին կարևորություն չտվեց,- թե՞ չես հասկանում:
– Թողնո՞ւմ եք, որ…
– Տնօրինությունից քեզ չեն ասե՞լ, որ այսօրվանից էլ չքշես,- փողկապավորի պահվածքը պարտադրում էր իրեն պատասխանել:
– Այսինքն…
– Գիծը գնված է: Ամսի մեկից ուրիշինն է:
– Չհասկացա…
– Այս գծում երթուղային է աշխատելու:
– Քանի՞սը,- հարցնողը սրահի պատուհանից գլուխը հանած ուղևոր էր:
– Երեք մեքենա` դա սկզբնական փուլում, քսան րոպեն մեկ կշարժվեն,- հետևեց պատասխանը:
– Ուրիշները ևս, կողմ հրելով ապակինները, կախվեցին լուսամուտներից.
– Ու գինը ինչքա՞ն կլինի:
– Սրան որքա՞ն եք վճարում:
– Նայած ով` որտեղ է իջնում,- հապաղումով արձագանքեցին:
– Խոսքը վերջին կանգառի մասին է` Գառնի գնացողների:
– Երկու հարյուր հիսուն դրամ,- պատասխանեց զրույցի մեջ ներքաշվածը:
– Այդքան էլ տաքսուն կտաք:
– Փոխարենը նստած կգնաք` մարդավարի: Սա վիճա՞կ է:
Սեդրակը շրջվեց: Ուղևորասրահի մարդը ճամփա էր բացում:
– Քո տունն ակոռի, կամաց, ոտս տրորում ես,- դժգոհեց տարեց ողջաբերդցին, ով միշտ կաթ-մածուն էր քաղաք բերում:- Քա, բանկեքս ջարդեց:
Մարդը պատասխանի չարժանացրեց. նրա նպատակակետը խցիկն էր` վարորդին հասնելը:
– Որ փակեցիր, կարծում ես պրծա՞ր:
– Ինչի՞ց:
– Քեզ ապուշի տեղ մի դիր:
– Տխմարն ինքդ ես,- Սեդրակը բռնկվեց:- Տավարի մեկը…
– Դռները, երիտասարդ, բաց` մարդիկ իջնեն,- վերստին դրսից լսվեց փողկապավորի հորդորը, ապա նա նշանացի կարգի հրավիրեց ներսում գտնվողին:
Գծի տերն է կամ թե չէ` քաղաքապետարանի, նախարարության ներկայացուցիչը,- մտածեց Սեդրակը, իսկ բարձրաձայն նետեց.
– Սա պետական ավտոբուս է:
– Չասինք` մասնավոր է:
– Թուղթ ունե՞ք, պաշտոնական գրություն,- գիծը, աշխատանքը կորցնելու հետ չէր հաշտվում Սեդրակը:
– Կա, ամեն բան օրենքով է, հանգիստ մնա:
– Հանգի՞ստ թողիք…- նա ձեռքը սեղմակին տարավ:- Ժողովուրդ, ով ուզում է` իջնի:
– Չիջնեք, հոր գինը հետո կդնեն վրան: Խաբում են…- առարկեց գեղադիրցի Շուշանը` նույնպես իր մշտական ուղևորներից. սա լավաշի գործով էր շուկա գալիս:
– «Գազելներն» անցումի բերանն սպասում են, երեքն էլ` նոր, մրցույթով անցած,- սրահի մարդն իջավ, ետքից` մի քանիսը:- Մյուսներդ… Մարդ չմնա:
– Պահ, դու չես որոշողը: Սեթո, քշի, օրը պրծավ,- գեղադիրցի կինը հաստատապես վճռել էր թիկունք կանգնել վարորդին:
– Կա՞ ուրիշ ցանկացող, շարժվում եմ…
Առպահ երկբայելուց հետո վերջին դռնից ևս հինգ-վեցն իջան:
– Գնացինք,- Սեդրակը գործարկեց շարժիչը:- Դռները փակեցի:
Երկու երիտասարդ նույնպես հասցրին ընթացքում ցատկել:
– Չփոշմանես,- ուղևորասրահի մարդը, որ իջել էր, մատը թափ տվեց,- քթիցդ եմ բերելու:
Շարժիչը հռնդաց: Մյուսները, ծխախեղդ չլինելու համար, ընկրկեցին, և «Լազը» ծանրորեն պոկվելով տեղից` խառնվեց պողոտայի հոսքին:
Ուղևորասրահում, պարզ է, խոսակցությունն ինչի շուրջ էր:
– Էնքան գնան-գան` հոգիները դուրս գա…
– Մրցույթով… Չէ մի` փողը տվել, գիծն առել են…
– Թե էդ ջահելներն ինչո՞ւ իջան…
– Երկու հարյուր հիսուն… Հավատալս չի գալիս… Կամ էլ` բոլորից նույն գումարը կառնեն, կուզես Ողջաբերդում իջիր, կուզես` Հացավանում…
– Դաչեքի ժողովուրդը, հո, հացը կերավ,- երբ Ջրվեժի ամառանոցների մոտ ավտոբուսը կանգառեց, կեսլուրջ-կեսկատակ նկատեցին:- Չեն էլ թողնի մոտ գնաք:
Մարդ իջավ: «Լազը» փնչոցով հաղթահարել սկսեց անտառպուրակի զառիվերը: Հաջորդը Ողջաբերդն էր:
Սրընթաց «Մերսեդես» անցավ, քիչ անց` ճերմակ «Գազել»: Թվաց` ղեկին ավտոբուս բարձրացածն է: Մինչ կանցներ ելիվերի շարունակությունը կազմող ոլորանն ու կմոտենար Չարենցի կամարին, վազանց կատարած մեքենաները մտան գյուղ:
Անորոշ տագնապ համակեց Սեդրակին: Լսել էր, որ շատ գծեր այսօր-վաղը աճուրդի են հանելու: Հավաքակայանը ծանր օրեր էր ապրում. պարտքի մեջ խրված ձգձգում էր հոգեվարքը` ի վիճակի չլինելով որակյալ սպասարկում ապահովել: Միկրոավտոբուսի կարգի ավտոներն օր-օրի շատանում էին, աշխատելը` գնալով դառնում դժվար: Բայց թե` Սեդրակը Գառնիի գծի համար վտանգ առայժմ չէր զգում. տնօրենն ասել էր` այդ ու էլի մի քանիսը` օդակայան, Էջմիածին, կպահենք, քանի որ ապագայում գնացող-եկողը շատ է լինելու, պետությունը, հույսը զբոսաշրջության լավանալու վրա դրած, ձեռքից չի կամենում բաց թողնել:
Ողջաբերդին հաջորդեց Գեղադիրը, այնուհետ` Հացավանը: Մնաց տասնհինգ-քսանի չափ մարդ` բոլորը գառնեցի: Դրանց էլ կիջեցնի տաճարին մերձ կանգառում ու ետ կդառնա: Գուցե թե` տնօրենը գնացած չլինի. կպարզի` ինչն ինչոց է:
Գառնիի խնձորուտների մոտ հանդիպեց պոչ-պոչի դարձող «Մերսեդեսին» ու «Գազելին»: Նրանք էին` ավելի շատվոր: Ուղևորները ևս ճանաչելով` վերստին աշխուժացան: Ավտոբուս բարձրացածն այս անգամ ոչ թե մատ թափ տվեց, այլ բռունցք: Կանանցից ոմանք, ի պատասխան, չանչեցին:
– Զգույշ կլինես,- շատերն էին խորհուրդ տալը պարտք համարում:- Ի՞նչ իմանաս` ովքեր են:
– Պահ, դրանցից պիտի վախենա՞մ,- վճռական արձագանքեց:- Թող փորձեն:
– Արտաշատի կողմով գնա,- հորդորեց Մացոն. սա կրպակ ուներ տաճարի մոտ ու երբեմն-երբեմն գալիս էր քաղաք` ծխախոտ, ծամոն, էլի ուրիշ մանր-մունր բաներ առնելու:- Ճամփադ կերկարի, սակայն անվտանգ է:
– Բանի վրա ես,- Սեդրակը պատրաստվեց շրջադարձի:- Անհոգ գնացեք…
Քաղաք եկող, կարծես, չկար: Սովորաբար ուշ աշնանն այդպես էր. դարձի ճամփան, մինչև Ջրվեժի ամառանոց, մենակ էր կտրում, եթե պատահական ուղևորներ չհանդիպեին կամ գյուղի օտար լեզվի ուսուցչուհին ժողովի-բանի պատճառով չմնար վերջին ավտոբուսի հույսին. նա Երևանից էր ու շաբաթվա չորս-հինգ օրը գնում-գալիս էր:
Դպրոցին չհասած` ականջը սուլոց որսաց, մինչ կկանգներ, հևիհև մոտեցավ ուսուցչուհին:
– Սեթո, բարև՜,- աստիճանահարթակից բղավողը պահակն էր:- Գործերը լա՞վ են:
– Բոլորի նման,- Սեդրակը բութ մատը կախեց:- Դու քո մասին ասա, Սահակ ապեր:
– Էլի ինձ պես` ոնց գիտեիր,- նա կամեցավ հումոր անել:- Մեր դասատուին քեզ եմ վստահում, տես, հա՜…
– Կարգին մարդ է,- ուսուցչուհու տեղավորվելուց հետո խոսք բացեց:- Ինչո՞ւ հեռու նստեցիր: Թե՞ տեղ չկա:
– Մեկ չէ՞,- նա տեղափոխվեց առաջին շարք` դռան մոտ:
– Էլի՞ ժողով էր: Էսօր ի՞նչ հարց էիք քննում:
– Ծնողներին էի աշակերտության հետ կանչել. հանդեսի ենք պատրաստվում:
– Ինչքա՞ն ես ստանում չարչարանքիդ դիմաց,- հարցախույզը շարունակեց Սեդրակը:
– Երեսունհինգ հազար:
– Էդ, հո, գնալ-գալուդ ծախսը հազիվ հանի:
– Ճանապարհի համար գյուղապետարանն է վճարում` առանձին:
– Դա որքա՞ն է:
– Տասը հազար:
– Միասին անում է հարյուր դոլար: Գոնե աշակերտ պահո՞ւմ ես:
– Չէ: Դասերից հետո երբեմն մեկ-երկուսը մնում են, սակայն անվճար է. փող կա՞ ձեռքերին, որ տան:
– Բարտերով աշխատիր,- Սեդրակը ծիծաղեց,- խնձոր, պոպոք… Ապրանքի դիմաց` գիտելիք:
– Լավ էլ տեղյակ ես,- աղջիկը պայուսակից ընկույզ հանեց:- Վերցրու, ծնողներից մեկն էր բերել: Ինչ արեցի, վրան չկարողացա. ձեռիցս խլեց, լցրեց մեջը:
– Քեզ պահի, ձեռքերս զբաղված են:
– Նվիրում եմ,- ուսուցչուհին բուռը պարզած` սպասեց:
-Առաջին նվերդ է, կպահեմ,- Սեդրակն ընկույզը թաքցրեց նստարանի կողագրպանում:
– Սեթո, այսօր մի տեսակ ես, բան չի՞ եղել:
– Չէ,- ասաց ու նույն պահին նկատեց ասֆալտի լայնքով կանգնած «Գազելը», «Մերսեդեսը» տեղ էր զբաղեցրել ճամփեզրին:
Ստիպում են կանգնել. մտքներին կեղտոտ բան կա,- կռահեց Սեդրակը:
Ձախ կողմում ձորակ էր, մնում էր աջը: Զառիթափը ասֆալտից բաժանող խանդակը լի էր վերևից թափված քար-ավազով: Նա ճամփի այդ հատվածը լավ գիտեր: Հետաքրքրության համար մինչևիսկ մի քանի անգամ կանգնել էր, ուշադիր դիտել: Ժամանակին լանջը կտրել էին, և պարզորոշ նկատելի էր գլաքարի, կավի, ավազի նստվածքը: Շերտերն անառարկելի ապացույց էին, որ տարածքը, ով գիտե քանի միլիոն, միլիարդ տարի առաջ, օվկիանոսի հատակ է եղել:
Չեմ կանգնի,- վճռեց Սեդրակը,- ծանր ավտո է, շուռ չի գա, միայն թե լայնքը հերիք անի:
– Քեզ պինդ պահի,- ասաց ու արիաբար քշեց:
«Մերսեդեսից» մարդիկ թափվեցին, մեկը վազեց դեպի «Գազելը»: Հասնելով միկրոավտոբուսին` Սեդրակը ղեկը կտրուկ աջ թեքեց, այնուհետ, որպեսզի քթով չզարկվի զառիկողին, նույն արագությամբ ուղղեց: Միայն մի տեղ ավազի նստելու պատճառով «Լազը» երերաց: Դա բավական էր, որպեսզի աջակողմյան հայելին թեթևակի դիպչելով գահավանդի ելուստին, շյուղի փափկությամբ ծալվի, իսկ ետնամասն առավ «Գազելի» կոտոշին ու, մի մեծ փերթ ճանկռելով, պոկեց: Հարվածից միկրոավտոբուսը դեմքով շրջվեց դեպի քաղաք:
Հայհոյանքներին, ազդանշանային անընդմեջ կանչերին, ետքից շպրտվող քարերին կարևորություն չտալով` Սեդրակը մեքենան հանեց ճանապարհի բանուկ մաս և գազ տվեց:
Հետապնդումից չէր վախենում: Թույլ չի տա առաջ ընկնեն, իսկ ետևից, ոչինչ, թող գան: Թե չկարողացավ քաղաքում պոկվել, կքշի Արեշ` իրենց թաղ կամ` ուղիղ հավաքակայան: Թող մոտենան…
Ուսուցչուհին լռում էր: Սեդրակը հայելու մեջ բռնեց նրա ոչ այն է` սփրթնած, ոչ այն է` դժգոհ հայացքը:
– Հը՞…
– Դու ասա,- հնչերանգը կատարվածի պարզաբանում էր պահանջում:
– Գիծը մրցույթով շահել են, իրենք պիտի աշխատեցնեն:
– Ես մեկին ճանաչեցի` պատգամավոր է:
– Հա՞,- Սեդրակը գլխի էր, ում մասին է խոսքը:
– Պարզ է` չեն թողնի:
– Ինձ են փորձում:
– Օրենքն իրենց կողմն է:
– Ես հլա որ գործի մեջ եմ, ղեկավարությունից բան չեն ասել:
– Աշխատիր լեզու գտնել, թե չէ` գիտես, ոստիկանության ձեռքը կգցեն:
– Ինչպե՞ս…
– Թող մեքենան քեզ տան` դու քշիր:
– Այսքանից հետո` էլ ուշ է…
– Իսկ դու համառիր,- ապա հավելեց,- քեզնից աչքաբա՞ց. բոլորին ճանաչում ես, հետները լեզու գտած…
Սեդրակը չարձագանքեց: Գեղադիրում նախիրը լանջն ի վար գյուղ էր մտնում: Հասցրեց անցնել: Գծատերերը, եթե հետապնդելու միտք ունենան էլ, ստիպված առժամանակ կկանգնեն: Ահագին կշահի:
-Պատգամավորը քեռուս շենքում է ապրում: Մոտիկ են, կասեմ` կխոսի. ընտրությունների ժամանակ վստահված անձերից էր:
– Պետք չէ:
– Մի տաքացիր: Դեռ չգիտես` մեքենան ինչքան է վնասվել: Տվիր ջնջխեցիր, քոնը` իր հերթին…
– «Լազին» դժվար բան եղած լինի: Համ էլ` ողջ տեղ չի մնացել:
– Բոլոր դեպքերում…
Ամառանոցի կանգառում, ինչպես սովորաբար, տուն դարձողներ կային: Սեդրակը դաստակները խաչելով` հասկացրեց, որ չի կարող արգելակել:
– Ու՞ր տանեմ,- երբ Ջրվեժն անցան, հարցրեց:
– Ապահովության համար քեզ հետ մինչև վերջ կգամ: Մարդ ես` մեկ էլ տեսար, երևացին: Հետո ինձ տուն կուղեկցես, հա՞:
– Սիրով:
– Ասա` մեծ սիրով,- աղջիկը զվարթուն ժպտաց:
– Շատ մեծ սիրով,- բացվեց Սեդրակը:- Եվ ոչ միայն այսօր:
– Դու չարաճճի աշակերտ ես, իսկը` երեխա:
– Grand enfent, mademoiselle Sona.
– Parles-tu fransais, monsieur Sedrak?
1. Ֆրանս. – Մեծ երեխա, օրիորդ Սոնա:
2. ֆրանս. – Դու ֆրանսերե՞ն ես խոսում, պարոն Սեդրակ:
Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ