Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում տրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը

Փետրվար 04,2015 12:22

Փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի ունեցավ Սիրիայում ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսաամ ալ-Խալիլի հովանավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը, Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի անդամ, Սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ ալ-Ահմադը, Սիրիայի նախկին վարչապետ Մուհամմադ Մուսթաֆա Միրոն, արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանին, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ անդամներ, դիվանագետներ, աշիրաթապետեր, Սիրիայի քրիստոնեական համայնքների առաջնորդներ, ինչպես նաև սիրիահայ համայնքի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ կատարվեց գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվեց աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում:

Շնորհանդեսը լայնորեն լուսաբանվեց Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից: Այդ կապակցությամբ ՀՀ դեսպանը բազմաթիվ հարցազրույցներ տվեց Սիրիայում հավատարմագրված արաբական ԶԼՄ-ներին:

Տեղեկանք: Արշակ Փոլադյանի` «Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» գիրքն արաբ ընթերցողին է ներկայացնում երեք ականատեսների` սիրիացի փաստաբան Ֆայեզ Ղուսեյնի, թուրք պաշտոնյա Նայիմ բեյի և ասորի հոգևորական, մտավորական հայր Իսհակ Արմալե ալ-Սուրիանիի հուշերը: Հենվելով Մեծ Եղեռնի վերաբերյալ արաբերեն և այլ լեզուներով հրատարակված ուսումնասիրությունների և ականատեսների վկայությունների վրա` հեղինակն անդրադարձ է կատարում նաև Օսմանյան հասարակությունում հայերի դերին ու գործունեությանը, Հայկական հարցի միջազգայնացմանը և Օսմանյան կայսրության կողմից որդեգրված պանթուրքիստական քաղաքականության ենթատեքստում հայ ժողովրդի դիմադրության շարժմանը:

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728