X դարում հայոց մայրաքաղաք հռչակված Անին՝ թեև ավերված, բայց մինչ օրս էլ զարմացնում ու հիացնում է իր անկրկնելի տեսքով. պարիսպների հզորությամբ ու եկեղեցիների առատությամբ, մշակութային բարձրարժեք կոթողներով ու հայկականության անհերքելի փաստերով:
Սակայն այսօր մեծ վտանգ է սպառնում հայոց հինավուրց մայրաքաղաքի հայկականությանը. Թուրքիայի կառավարությունը մշակութային կոթողների վերականգնման քողի տակ Անիի եկեղեցիների վերանորոգումը վստահել է թուրք և օտարազգի շինարարների, որոնք եկեղեցիների վրայից իսպառ վերացնում են առանց այն էլ գրեթե ոչնչացրած հայկական հետքերը՝ խաչեր, արձանագրություններ, որմնանկարներ և այլն: Անի ժամանած զբոսաշրջիկներին թուրք զբոսավարները հայկական արձանագրությունները ներկայացնում են որպես վերացած անհայտ ժողովրդի թողած հետքեր, և պատմությունն ու արդարությունը խեղվում են ամեն պահ ու անպատիժ կերպով…
Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը՝ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հիմնադրամի հետ համատեղ 2014թ. հոկտեմբերի 1-ից նախաձեռնել էին էլեկտրոնային առցանց ստորագրահավաք «Հայոց Անին վտանգված է. Ահազանգ» Միջնորդագրի ներքո, որում կոչ ենք անում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ազգովի հանդես գալ պահանջատիրոջ կարգավիճակով և միջազգային հանրության ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ հասնել նրան, որ Անիի մշակութային կոթողների վերանորոգումը կատարվի հայ մասնագետների կողմից կամ մասնակցությամբ (Միջնորդագիրը կցվում է):
2014թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ Միջնորդագրի տակ ստորագրել էին ավելի քան 10 հազար մարդ աշխարհի 60 երկրներից: Ստորագրահավաքի արդյունքներով նախապատրաստված է փաստաթղթային փաթեթ գունազարդ գրքի տեսքով, որը ներառում է նախաձեռնող կազմակերպությունների Միջնորդագիրը երեք լեզուներով, Անիի հուշարձանների պատկերներով, ինչպես նաև առկա բոլոր անձանց ստորագրությունները՝ իրենց էլեկտրոնային հասցեներով և երկրներով:
Կարդացեք նաև
Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանը առաջիկայում այդ փաթեթը ուղեկցող նամակով կհանձնի ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) Գլխավոր տնօրենին:
Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, հայկական կառույցներին ու կազմակերպություններին, համաշխարհային մշակութային ժառանգությունն արժևորող յուրաքանչյուր մարդուն միանալ մեր նախաձեռնությանը, տեր կանգնել հայկական հինավուրց մայրաքաղաքի ճարտարապետական արժեքներին, իրենց վճռական մասնակցությունը բերել համամարդկային արժեքների պահպանությանն ուղղված մեր այս գործընթացին:
Մենք դիմում ենք հայկական սփյուռքյան և հայաստանյան կառույցներին, զանգվածային լրատվական միջոցներին իրենց ակտիվ և հայրենանվեր դիրքորոշմամբ հանրային հսկողության տակ պահել և ուշի ուշով հետևել մեր նախաձեռնության ընթացքին և այս առնչությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձեռնարկած քայլերին:
Մենք վճռական ենք հետամուտ լինել մեր պահանջներին և հետևելու ենք ներկայացված Միջնորդության իրագործման ընթացքին՝ զուգահեռաբար ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր և գործողություններ:
Մենք շնորհակալություն ենք հայտնում ստորագրահավաքի բոլոր մասնակիցներին՝ հայոց Անիի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայորդուն:
Համաշխարհային հայկական կոնգրեսի
գործադիր տնօրինություն