«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, Բերձորում նախօրեին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծելու ու Արցախից «քշելու» միջադեպը լուրջ խնդիրներ առաջացրեց հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ:
«Հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ տարանջատումը սկսել էր դեռ 98 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, նրա քավորությամբ: Այդ միջադեպը նոր անջրպետ բացեց»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մակեյանը:
Հետո իր հետ բանավիճող ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին հարցրեց՝ Արցախ գնացող Հիմնադիր խորհրդարանի անդամների ավտոշարասյունը հետ էր դառնում, ինչու Արցախի ոստիկանները հետեւից ու առջեւից շրջափակեցին ու սկսեցին կոտրել մեքենաները, մարդկանց իջեցրին, նվաստացրին իրենց ընտանիքների առջեւ:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ միջադեպը ընդունելի չի համարում, բայց եւ չի արդարացնում Հիմնադիր խորհրդարանի անդամների քայլերը. «Տրամաբանություն չեմ տեսնում նրանց գործողությունների մեջ: Խոսում են իշխանափոխության մասին, ժամկետներ սահմանում՝ մինչեւ ապրիլի 24-ը առանց ռեժիմի, Ղարաբաղ են գնում, էլի տրամաբանություն չկա: Հակադարձի համար իշխանություններին միշտ կարելի է մեղադրել, դեմ եմ բոլոր տիպի ուժային գործողություններին, բայց կողմնակից եմ, որ մեր պետության անվտանգությունը վտանգող գործողությունները պետք է կանխարգելել: Իհարկե, չեմ հավատում, որ իշխանությունները նման բան հատուկ կազմակերպեին: Գիտեմ նախագահի կողմնորոշումը: Այսօր արջի ծառայություն մատուցողների թիվը մեծացել է»:
Կարդացեք նաև
Պետրոս Մակեյանն էլ հիշեց «Մարտի մեկ»-ի դեպքերը, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո գյումրեցիների հավաքները. «Նույն ձեռագիրն էր, ինչ արեցին ըմբոստացած երիտասարդությանը ոնց ճնշեցին, հիմա էլ հավաքագրում են: Եթե ժամանակին կարողանային ոճրագործին հանձնել ԱԱԾ-ին, նման բան չէր լինի»:
Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձեց. «Մեզ դնում ենք իրավաբանի, դատախազի տեղ: Կան օրենքով սահմանված կարգեր:
Ես հավատում եմ մեր դատախազին, ինքը լավ իրավաբան է: Հիմքեր չունեմ ասելու, որ քաղաքական ղեկավարությունը ժամանակից ուշ է հայտարարություն արել, ոստիկանները հապաղել են»:
Պատգամավորը վերադարձավ Բերձորի միջադեպին ու դիտողություն արեց՝ քանի դեռ մոտիվացիան պարզ չէ, հայտարարությունները անելը սխալ է:
«Կարծում եմ՝ ԼՂՀ նախագահից համապատասխան արձագանք կլինի, սպասեք: Կրկնում եմ՝ այս ժամանակահատվածում այդ երթը այդ կարգախոսով լուրջ սխալ է»:
Պետրոս Մակեյանն էլ հակադարձեց. «Դե թող Հայաստանի տարածքում կանխարգելեին նրանց երթը, ոչ թե թողնեին հասնեն Ղարաբաղ ու նման ծեծուջարդ կազմակերպեին, որ ադրբեջանական մամուլն էլ քանի օր շրջանառի ու զվարճանա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ