Ինչպես հայտնի է, Հակոբ Հակոբյանը վերջին կես տարում զբաղված է Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելով, որը նա պատրաստվում էր Եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ցուցադրել աշխարհի 1915 կինոթատրոններում։ Մինչ կնկարահանվեր ֆիլմը, նախագահականից՝ Սերժ Սարգսյանի անունից նրան փոխանցվել է՝ չանել ինքնուրույն քայլեր եւ նախաձեռնություններ հանդես բերել բացառապես Բաղրամյան 26-ի հետ համաձայնության գալուց հետո միայն։ Հակոբ Հակոբյանի էությանը նախագահականում շատ լավ ծանոթ են եւ գիտեն, թե ինչի է ընդունակ Ճոյտը, ուստի զգուշացումը եղել է միանգամայն լուրջ եւ բարձր տոնայնությամբ։ «ՉԻ» տեղեկություններով, սակայն, Հակոբ Հակոբյանը ոչ միայն արհամարհել է մեսիջը, այլեւ հարկ է համարել պատասխան մեսիջով հանդես գալ՝ նախագահականին տեղեկացնելով, որ սա կոմերցիոն բնույթի աշխատանք է, եւ ուրեմն՝ ինքն ընդամենը բիզնես շահեր է հետապնդում եւ պետության ուշադրության եւ աջակցության կարիքը չունի։
Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, դիտել է ֆիլմը։ Նրան այն դուր չի եկել, եւ վերջինս պարզ արտահայտվել է դրա մասին։ Հակոբյանն էլ համարել է, որ ճաշակին ընկեր չկա, բայց ինքը մասնավոր անձ է եւ կարող է իր «ստեղծագործության» հետ վարվել այնպես, ինչպես ինքը կկամենա։ Իսկ իր ցանկությունը հետեւյալն էր՝ փետրվարի 10-ից ֆիլմը ցուցադրել Երեւանի կինոթատրոններում, իսկ ապրիլի 20-ից արտերկրների կինոթատրոններում։
Այս ամենը չշարադրեցինք, որ Ճոյտից «զոհի» կերպար ստանանք։ Ամենեւին։ Կասկածից վեր է, որ Ճոյտի արածն ուղղակի մեր զավեշտալի իրականության ու գաղջ մթնոլորտի դրսեւորումներից մեկն է, թերեւս՝ ամենազավեշտալին։ Բայց խնդիրն այլ է։ Սերժ Սարգսյանը դաժանաբար է պատժում նրանց, ովքեր ժամանակին իր համար գործիք են եղել, իսկ հետո որոշել են ինքնուրույն քայլեր անել՝ իգնոր անելով վերջինիս կարծիքը։ Հակառակ պարագայում՝ Ճոյտի հարկային պարտավորությունների մասին հարցը նախագահականում արագի մեջ կփակվեր, ինչպես եղել է մինչեւ այժմ։ Եվ հետո՝ Ճոյտը Էջմիածնում որոշակիորեն հակակշռում էր գեներալ Մանվել Գրիգորյանին։ Իր՝ խժդժություններ հրահրելու մեծ վարպետությամբ Ճոյտը կարողանում էր նյարդայնացնել գեներալին ու նրա ընտանիքին։ Սա արվում էր Սերժ Սարգսյանի պատվերով։ Հիմա գեներալի հարցը լուծված է։ Նա անվերադարձ տրվել է Սերժ Սարգսյանին։ Իսկ Ճոյտն արդեն որպես գործիք առաջվանը չէ։ Վկայությանն էլ Սերժ Սարգսյանին չլսելն ու նրա ինադու «ֆիլմ» հեղինակելն է։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում