Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ
– Իշխանությունների քայլերը բավարա՞ր եք համարում Պերմյակովին Հայաստանի արդարադատության առաջ կանգնեցնելու գործում։
– Բավարար չեմ համարում ու ընդհանրապես ես քայլեր չեմ տեսնում, դա իմ տպավորությունն է, ու կարող է եւ սխալ լինել։ Կարող է եւ ակտիվ ու աննկատ աշխատում են, ինձ պարտավոր չեն զեկուցելու։ Ինձ համար դեռեւս աշխատանքը տեսանելի չէ։ Ես իրավաբան ու պետական գործիչ չեմ, որ կարողանամ քայլեր անել ստահակին հայկական դատարանի առաջ կանգնեցնելու համար։ Ես ընդամենը ցանկանում եմ, որ նա դատվի Հայաստանում ու մեր օրենքներով։ Չեմ կարծում, որ սեփական մարդասպանին Ռուսաստանը պիտի պաշտպանի։ Պերմյակովին Հայաստան հանձնելու դեմքում կա բառապաշար, որը Ռուսաստանը երբեք չի օգտագործի։ Երբեք նրանք չեն օգտագործի «հանձնել» բառը, որովհետեւ դա Ռուսաստանի համար ստորացուցիչ կլինի, բայց սա ոչ ստանդարտ սպանություն է ու պահանջում է ոչ ստանդարտ քայլեր, ու Ռուսաստանը կարող է իր բարեկամ երկրի նկատմամբ այդ քայլերը անել՝ թեկուզ որոշակի այլ բառամթերքով։ Թող չասեն «հանձնել» բաոը, թող ասեն «Հայաստանի արդարադատության համաձայն» ձեւակերպումը։
– Այս օրերին Շիրակի մարզային քննչական վարչություն են հրավիրվում մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցուցմունքներ են ներկայացնում՝ հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների վերաբերյալ։ Ձեր կարծիքով, այդ ամենը չի՞ սրի իրավիճակը Գյումրիում։
Կարդացեք նաև
– Չէի ասի, որ հարցաքննության կանչվողների թիվը մեծ է՝ 2-3 տասնյակ մարդկանց են հրավիրում։ Վերջիվերջո, դեպք է գրանցվել, վիրավորներ կան, եւ քննությունը պիտի պարզի այդ վիրավորները ինչպե՞ս վիրավորվեցին, չե՞ք ուզում պարզվի ինչպես ոստիկաններից մեկը ծանր վիրավորվեց։ Մենք պետք է հետեւենք, որ ոչ մի անմեղ չպատժվի, ու չեմ էլ կարծում, որ մեր արդարադատությունը կողմ է որեւէ մեկի դեմ գործ սարքելուն։ Վաղը կարող է ինձ էլ հարցաքննեն, ինչո՞ւ եք դրա մեջ այլ միտում տեսնում։ Եթե իրականությունը պարզվի ու մեղավորները հայտնաբերվեն՝ միգուցե եւ միջնորդենք, իրենք ներողություն խնդրեն եւ այլն…
Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում