ՀՀԿ-ական պատգամավորը` Բերձորի ծեծի մասին
«Այն, ինչ տեղի է ունեցել, դատապարտելի է, եւ որեւէ մեկը չի կարող այլ բան ասել, քան դատապարտել որեւէ բռնարարք կամ նմանատիպ որեւէ դեպք, երբ անհամաչափ ուժ է կիրառվում: Սա ակնհայտ է, եւ քաղաքական որեւէ ուժ գոնե այս պահին այլ բան չի ասել»,- անդրադառնալով Բերձորում Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի ժամանակ տեղի ունեցածին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Նա նաեւ հորդորեց կատարվածին մի փոքր ավելի զգուշավոր մոտենալ, քանզի, իր գնահատմամբ, խնդիրն ավելի խորքային է: Ավելին, ըստ նրա՝ բավական ուշագրավ է այն, որ հայաստանյան քաղաքական ուժերը դատապարտում են բռնությունները, անհամաչափ ուժի կիրառումը, սակայն որեւէ մեկը չի խոսում Հիմնադիր խորհրդարանի գործողություններին սատարելու մասին. «Կա՞ քաղաքական ուժ, որ սատարում է «Նախախորհրդարանի» քայլը` ապրիլի 24-ը դարձնել այլ շարժման հիմք: Եթե կա նման ուժ Ազգային ժողովում, ապա թող խոսեն այդ մասին ավելի բացահայտ եւ ոչ թե դատապարտեն բռնարարքը, քանի որ այն դատապարտում ենք մենք բոլորս»:
«Ապրիլի 24-ը մեր ազգի, մեր բոլորիս համախմբման օրն է, երբ մեր խնդիրները, շահերն ու մնացածը մենք պետք է դնենք մի կողմ եւ համախմբվենք դրա շուրջ, որպեսզի կարողանանք ամբողջ աշխարհին ներկայացնել ու ասել Հայոց ցեղասպանության հետ կապված մեր պահանջը: Ու նաեւ հետեւողական լինենք, որ ոչ միայն ճանաչեն այն, այլ նաեւ բացառենք հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը: Իսկ ի՞նչ է անում «Նախախորհրդարանը», ի՞նչ է հայտարարում` «100-ամյակն առանց ռեժիմի»: Այսինքն՝ ապրիլի 24-ի բուն գաղափարախոսությունը կարծես թե միտումնավոր շեղվում է: Իսկ թե ո՞վ էր շեղում այն մինչ օրս, լավ գիտենք բոլորս` Թուրքիան ու Ադրբեջանը: Հիմա էլ, փաստորեն, այս շարժումը»,- ասաց Հովհաննես Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորը վկայակոչում է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունը. «Արցախը ազատ, անկախ հանրապետություն է, եւ Արցախի ժողովուրդը որեւէ անգամ չի մասնակցել ՀՀ իշխանության ձեւավորմանը», ու նկատում. «Հետեւաբար՝ գնում եք Արցախ «ռեժիմի» դեմ ակցիա իրականացնել ինչի՞ համար, ի՞նչ միտումով, միգուցե որ հետագայում հայտարարություններ հնչեն ա՞յլ կոնտեքստում: Ես կարծում եմ, որ այստեղ ԼՂՀ անվտանգության խնդիրն է, եւ մենք բոլորս պետք է զսպվածություն ցուցաբերենք եւ գոնե Արցախը այդպիսի պատկերացումներից հեռու պահենք»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ այս միջադեպն արդեն իսկ չի կարող բացասաբար չանդրադառնալ միջազգային ընկալման իմաստով, Հովհաննես Սահակյանն ասաց, որ իր համար արդեն հիմա տեսանելի է` միջադեպը, որպես առիթ օգտագործելով, բազմաթիվ մարդիկ, քաղաքական ուժեր ու պետություններ օգտվեցին ու օգտվելու են: «Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանը, սփյուռքը, բոլորս այս օրերին համախմբվել ենք մի խնդրի շուրջ, բայց «Նախախորհրդարանը» ավելի՞ կարեւոր գործով է զբաղված: Բազմիցս էր նշվել, որ պետք չէ գալ, որովհետեւ սահմանին լարված է, եւ ցանկացած նմանատիպ դրսեւորում կարող է բերել ավելի վատ հետեւանքների: Հետեւաբար մինչ այդ եթե բոլոր միջոցներով փորձել են կանխել ավտոերթը, ապա կատարվածի համար պատասխանատվությունը պետք է կիսի նաեւ «Նախախորհրդարանը»,- ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
03.02.2015