Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա լրջագույն հարված էր ԼՂՀ վարկին»

Փետրվար 04,2015 16:30

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը մեկնաբանում է Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա հարձակման դեպքը:

«Չեմ կարծում, որ սա այն դեպքն է, որ Ադրբեջանին հնարավորություն կտա շոշափելի օգուտներ քաղել: Կարծում եմ՝ ավելի շատ այս դեպքը կուրախացնի ադրբեջանցիներին»,- ասում է պարոն Մեհրաբյանը: Համոզված է, որ դեպքին կանդրադառնան մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում՝ ի վնաս Ղարաբաղի: «Ես կարծում եմ, որ սա լրջագույն հարված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարկին»,- ասում է նա:

Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ այս դեպքի հետեւանքով խնդիր է առաջանալու Լեռնային Ղարաբաղի հասարակության եւ իշխանությունների միջեւ. «Խնդիր, որը պահանջելու է շատ հստակ լուծումներ: Այն, ինչ որ տեղի ունեցավ, ռուսական դասականի ասածով՝ անիմաստ էր եւ անողոք: Դա որեւէ մեկին օգուտ չէր, եւ առաջին հերթին օգուտ չէր Լեռնային Ղարաբաղի իշխանությանը: Սա առաջին հերթին իրենց պատասխանատվության վրա է, իրենք բազմաթիվ տարբերակներ ունեին: Նույնիսկ եթե չէին ուզում, որ Հայաստանի Հանրապետությունից ինչ-ինչ գործիչներ գային Արցախի Հանրապետություն, ապա այլ բազմաթիվ ձեւեր կային, նրանք ընտրեցին այդ բազմաթիվ ձեւերից ամենաանմարդկայինը, ամենաանիմաստը եւ ամենավնասակարը իրենց հանրապետության համար»:

ԼՂՀ ոստիկանության եւ քաղաքացիների արարքը, որն ուղղված էր Հայաստանի քաղաքացիների դեմ, դարձել է առիթ՝ նորից տարբերակում մտցնելու հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ: Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ այս «ցավալի հետեւանքը» պետք է հաշվի առնեին «ծեծուջարդի հրաման տվողները»:

«Սա առաջին անգամը չէ: Մենք գիտենք 2004 թվականի պատմությունները, որոնք առիթ տվեցին նման մտավախությունների: Մենք հիշում ենք 2008 թվականի մարտի 1-ի հետ կապված իրադարձությունները, որոնք առիթ տվեցին եւս մեկ անգամ այդ տրամադրություններին, եւ ի վերջո՝ մարդիկ հիշողություն ունեն: Ես այս կարծիքը չեմ կիսում, քանի որ գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղում գերակշռող տրամադրությունը դա չէ, եւ դա են վկայում թե՛ տարբեր քաղաքական գործիչների, թե՛ հասարակական կազմակերպությունների հայտարարությունները, որոնք ե՛ւ դատապարտում են, ե՛ւ նույնիսկ ներողություն են խնդրում իրենց հայրենակիցների կողմից կատարվածի համար, չնայած որ իրենք չէին դա արել,- ասում է պարոն Մեհրաբյանը՝ ավելացնելով,- այն դեպքում, երբ մենք իշխանության ներկայացուցիչներից լսում ենք անմեղսունակ ինչ-որ մանկամիտ հայտարարություններ, որոնք ցույց են տալիս այդ մարդկանց ոչ ադեկվատությունը: Մարդկանց թվում է, որ իրենց ունկնդիրները կամ իրենց հայտարարությունները կարդացողները հիմար են, բայց ես կարծում եմ՝ այն պետական կամ քաղաքական գործիչը, որ այդպես է մտածում իր ժողովրդի կամ հասարակության մասին, առաջին հիմարն ինքն է»:

Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ առավել մտահոգող եւ վտանգավոր է այն, որ ինչ-որ անձինք՝ թեւկապներով, մասնակցել են այդ ջարդին. դա, ըստ նրա, հիշեցնում է Ուկրաինայի Մայդանի օրերը, որտեղ գործում էին պետության կողմից ֆինանսավորվող բանդաները:

Մեր զրուցակիցը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանություններն իրենց սխալն ուղղելու հնարավորություն ունեն. «Ծեծուջարդն ունի հստակ կազմակերպիչներ, կան հստակ ձայնագրություններ, ես կարծում եմ, որ նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է հանդես գան հրապարակային հայտարարություններով եւ նաեւ մեղավորներին առնվազն պաշտոնազրկեն: Բացի դա էլ, մարդկանց տված նյութական եւ բարոյական վնասը պետք է հատուցեն: Այդ ժամանակ արդեն կարելի է խոսել այդ հնարավորության մասին, հակառակ դեպքում կարելի է ասել՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունն իրեն վարկաբեկել է Հայաստանի հասարակության աչքերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հասարակության այն հատվածի աչքերում, որոնք չեն կիսում Լեռնային Ղարաբաղի իշխանության մոտեցումը»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728