Լրահոս
Օրվա լրահոսը

Անցել են պրիմիտիվ միջոցներով հույզ կորզող կինոյի ժամանակները

Փետրվար 04,2015 14:00

Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմի առիթով

Անդրեյ Զվյագինցեւի «Լեւիաթան» ֆիլմն ամենաքննարկվածներից է, կինոյի մարդիկ այն որակել են իբրեւ «տարվա կինեմատոգրաֆիական իրադարձություն», «գեղարվեստական հայտնություն»… Այն բազմաթիվ հեղինակավոր, այդ թվում Կաննի, Մյունխենի, Լոնդոնի կինոփառատոների մրցանակակիր է, նաեւ «Օսկարի» հավակնորդներից: Չնայած ռեժիսորը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ «Օսկարն» իր համար եղանակ չի փոխում:

Իսկ ինչո՞ւ «Լեւիաթան»: Աստվածաշնչյան պատմության վիթխարի ծովային հրեշ Լեւիաթանը տվյալ պարագայում խորհրդանշում է Ռուսաստանի իշխանություններին: Այսինքն՝ սոցիալական դրաման աստվածաշնչյան պատմության յուրատեսակ մեկնաբանությունն է, իսկ ընդհանուր առմամբ Զվյագինցեւի ֆիլմը սիրո, դավաճանության, ներման, ընչաքաղցության, իշխանության ձգտման, ողորմելի նկրտումների ու «փոքր» մարդու մեծ ողբերգոթյան մասին է: «Փոքր» մարդը դատապարտված է կործանման, որովհետեւ ի սկզբանե ամեն ինչ սխալ է, լայն իմաստով՝ Լեւիաթանն էլ՝ անհաղթ:

"Leviathan" Photocall - The 67th Annual Cannes Film Festival
Ֆիլմի սյուժեն շատ պարզ է. ծովափնյա քաղաքում է ապրում գլխավոր հերոսը՝ ավտոփականագործ Նիկոլայը (Ալեքսեյ Սերեբրյակով), իր երկրորդ կնոջ՝ Լիլյայի (Ելենա Լյադովա) հետ, իսկ առաջին կնոջից որդի ունի: Տեղի կոռումպացված քաղաքապետը (Ռոման Մադյանով) փորձում է տիրանալ Նիկոլայի ունեցվածքին՝ տանը, մեքենաների վերանորոգման արհեստանոցին, հողին: Նա շահում է դատը, աջուձախ չարաշահում իր պաշտոնական լիազորությունները: Նիկոլայի բանակային ընկերը՝ Դմիտրի Սելեզնյովը (Վլադիմիր Վդովիչենկով), որը մայրաքաղաքային փաստաբան է, փորձում է օգնության հասնել: Նա քաղաքապետի դեմ ուղղված կոմպրոմատների մի ամբողջ թղթապանակ է հավաքում, ինչից պաշտոնյան խուճապի է մատնվում: Սակայն քաղաքապետի դեմ պայքարն ընդհատվում է, որովհետեւ Նիկոլայի կնոջ ու փաստաբանի սիրային կապի պատճառով առաջացած ծեծկռտուքից հետո փաստաբանը վերադառնում է Մոսկվա: Նիկոլայը ներում է Լիլյային, որդին՝ ոչ: Խորթ տղայի հետ հերթական վեճից հետո Լիլյան հեռանում է տանից, ու անհայտ հանգամանքներում զոհվում, ինչի համար ի վերջո մեղադրանք է առաջադրվում ամուսնուն:

Մի անգամ անհուն վշտի մեջ գտնվող Նիկոլայը փորձում է նախատել հոգեւոր հորը՝ հայր Վասիլիին. «Դե ինչ, ուր է քո աստվածը… Եթե ես ծնկաչոք աղոթեմ, կինս հարությո՞ւն կառնի»: Հոգեւորականը խորհուրդ է տալիս՝ հաղթել Լեւիաթանին, ինչը համոզիչ չի թվում՝ ամեն ինչ «փոքր» մարդու դեմ է:

Ֆիլմում սիմվոլիկ ու խոսուն դրվագներ կան՝ օրինակ, ձկնաբուծական գործարանում գլխատված ձկներին խոշոր պլանով ցուցադրելը՝ բավական չէ, հասարակ մարդիկ անճար ու լուռ են պաշտոնյաների անօրինությունների ու ճակատագրի խաղի առաջ, դեռ մի բան էլ «գլխատված» են, օրենքն ուժեղների «գլուխն» է պահպանում: Ցնցող է ֆիլմի ավարտը. Նիկոլայի տան տեղում կառուցված տաճարում պատարագի արարողոթյուն է ընթանում, որին մասնակցում է քաղաքապետն՝ իր ընտանիքով, նրա հյուրերը: Ընդ որում, քաղաքապետը մանկահասակ որդուն ցույց է տալիս Հիսուսի սրբապատկերն ու ասում. «Որդիս, Աստված ամեն ինչ տեսնում է»:

Ճիշտ է, ֆիլմը «ռուս» Լեւիաթանի՝ քրեական տարրերի հետ կապ ունեցող կոռումպացված, բայց ամեն օր եկեղեցի գնացող ու հոգեւոր հոր հետ սեղան նստող քաղաքապետի մասին է, բայց պատմությունը կարող էր կատարվել (կամ կատարվում է) Հայաստանում, Վրաստանում, աշխարհի ցանկացած անկյունում: Այն լրիվ տեղավորվում է հայաստանյան իրականության չափանիշներում: Կարծում ենք, կարիք չկա թվարկելու քրեաօլիգարխիկ տարրերի հետ սերտաճած ու նրանց թեւ-թիկունք կանգնող, նրանց խրախճանքի սեղանները ծաղկեցնող որոշ հոգեւորականների անունները:

Ռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւը եւս համոզված է, որ իր լավագույն մրցանակներն արդյունք են այն բանի, որ ֆիլմում ունիվերսալ թեմա է արծարծվում: «Լեւիաթանը» հունվարի 10-ից ազատորեն կարելի է դիտել համացանցում, եւ ռեժիսորը հարցազրույցներից մեկում ասել է, թե չեն պատրաստվում կասեցնել դա, չնայած կասկածում է, որ կատարվածում մեղքի որոշակի բաժին ոււնեն Ամերիկյան կինոակադեմիայի անդամները: ԱՄՆ-ում ֆիլմի դիստրիբյուտոր Sony Pictures Classics-ը հետաքննություն է անցկացնում ֆիլմի՝ համացանցային «արտահոսքի» հետ կապված:

Հավելենք, որ «Լեւիաթանը» գուցե աչք շոյող, ռոմանտիկ տեսարաններով ֆիլմ չէ, այն բարդ է նայելը, բայց հենց ճշմարտացիության մեջ է նրա ուժը, որովհետեւ անցել են սիրունիկ, սենտիմենտալ, պրիմիտիվ միջոցներով հույզ կորզող կինոյի ժամանակները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ալեքսեյ Սերեբրյակովը (ձախից), Անդրեյ Զվյագինցեւը, Ռոման Մադյանովը, Ելենա Լյադովան եւ Վլադիմիր Վդովիչենկովը  ՝ Կաննում «Լեւիաթանի» ցուցադրությունից առաջ:

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կամյու says:

    Անպայման նայեք։

  2. Լեվիաթան բոլորիս մեջ կա: Ընկերը եկել էր օգնելու ու առաջին իսկ առիթով դավաճանեց ընկերոջը: Կինը դավաճանեց ամուսնուն: Եպիսկոպոսը ընդհանրապես սեր չուներ: Իշխանությունն իհարկե շատ վատն էր ու դվիային, բայց նա գնում էր եպիսկոպոսից առաջնորդություն խնդրելու, ճիշտ ու սխալ հասկանալու ու կույրն առաջնորդում էր կույրին: Հիսուսն ասեց այսպես չի կարող լինել: Հարևանները, որ մինչև վերջին պահը կարծես թէ ուզում էին օգնել, նրանք էլ դավաճանեցին իրենց ընկերոջը պետությունից երեխայի անունով դրամ ստանալու համար: են խեղճն էլ տրվեց խմիչքին ու ոչ մի հույս չտեսավ ինչպես նաև իր կինը: Լեվիաթանը սա է: Կեղտ, դավաճանություն, խաբեություն և Հույսի մերժում: Նրա նպատակը մարդուն վայր գցել ու չթողնել որ հույս տեսնի ու ոտքի կանգնի: Լեվիաթանը մեր բոլորի ներսում է ու բոլորս պետք է այս կյանքի ընթացքում ազատվենք դրանից եթե ուզում ենք ապրել: Մենակ չէք կարող, միայն Հիսուսի հետ: Նորից եմ ասում բարեկամներս, մենակ չէք կարող: Եթե այո, ցույց տվեք ինձ մեկին, որ միայնակորեն կատարելապես հաղթահարել է իր մեջ խաբեությանը, ստախոսությանը, խորամանկությանը, գոռոզությանն ու ընչաքաղցությանը: Չէ՞ որ տառապանքն ու անկումը սրանցից են սկսվում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728