Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժամանակն է՝ ինքներս մեզ լավ ճանաչենք»

Փետրվար 04,2015 13:30

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական  ղեկավար Երվանդ Ղազանչյանը՝ նորաստեղծ փոքր սրահի նշանակության մասին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում փետրվարի 5-ին կկայանա փոքր սրահի բացումը: Միջին եւ մեծ թատրոնների համար նման սրահների գոյությունը պարտադիր է, որպես օրինակ, հիշեցնենք, որ ակադեմիական թատրոնների ծաղկուն շրջանում Ազգային օպերային թատրոնում գործել է Հայելապատ սրահը: Գ. Սոււնդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում էլ փոքր սրահ է եղել, որը հետագայում առանձնացել է որպես «Գոյ» փորձարարական թատրոն, որտեղ այսօր էլ ներկայացումներ են գնում: Ինչ վերաբերում է Օպերային թատրոնի Հայելապատ սրահին, այն 90-ական թվականներից այլեւս չի գործում:

Իրենց մշտական խաղացանկային ներկայացումներով՝ փոքր սրահներ կան «Լա Սկալայում», «Մետրոպոլիտենում», «Բոլշոյում», «Մարիինյան թատրոնում», Իսպանիայի, Անգլիայի թագավորական թատրոններում:

10966697_1478339172386705_1232627516_n 10958206_1478339352386687_1942415547_n

«Առավոտի» հետ զրույցում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ իր թատրոնում բացվող սրահը, որը նախատեսված է 60-70 հանդիսատեսի համար, հիմնականում միտված է երիտասարդ արվեստագետի համար ճանապարհ հարթելուն: Նա նաեւ հավելեց, որ փոքր սրահի խաղացանկում միայն հայ հեղինակների գործեր են լինելու, մասնավորապես դասականների՝ Չարենց, Մնձորի, Համաստեղ… Նախատեսվում է բեմադրել նաեւ հայ մեծերի, օրինակ՝ Պետրոս Դուրյանի նամակները, ներկայացում անել՝ ըստ Ռուբեն Հախվերդյանի երգերի եւ այլն: «Դրա նպատակն է, որ ինքներս մեզ լավ ճանաչենք»,- կարծում է Երվանդ Ղազանչյանը:

Փոքր սրահի բացման երեկոյի ընթացքում կներկայացվեն փոքրիկ բեմադրություններ՝ ըստ Չարենցի «Աքիլլես, թե Պյերո», Ռուզան Խաչատրյանի «Նկար», Համաստեղի «Տունը», Շահան Շահնուրի «Հոսանքի եզրը» ստեղծագործությունների, որոնք իրականացրել են Երվանդ Ղազանչյանի՝ 2013-14 թթ. ռեժիսորական ավարտական կուրսի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողները (Յունոնա Մալենկո, Ռուզան Խաչատրյան, Արմեն Սաֆարյան, Անահիտ Թոփուզյան):

10967829_1478338722386750_488420398_n

«Առավոտի»՝ կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե սրահը հիմնել է իր ուսանողների՞ համար, պարոն Ղազանչյանը պատասխանեց. «Միայն անցյալ տարվա ուսանողներիցս հինգը մեկնել են Արցախ, Կապան, Ալավերդի, Գավառ եւ Էջմիածին աշխատելու: Այսուհետեւ փոքր սրահում կարող են բեմադրություններ իրականացնել նաեւ հրավիրյալ ուսանող ռեժիսորները: Հնարավոր է, որ իմ թատրոնի որեւէ անվանի դերասան ցանկանա իր առաջին փորձն անել ռեժիսուրայում»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ վիճահարույց «ազատ բեմ» հասկացությանը, որը մինչեւ վերջ չի «մարսվել» թատրոնի մարդկանց կողմից:
«Չգիտեմ՝ այլ թատրոններում ինչպես է, բայց կոմեդիայի թատրոնում 2014թ. 5 բեմադրություններից 4-ը իրականացրել են հրավիրյալ ռեժիսորները»,- ասաց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝
կադրեր փորձից

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728