Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կատարեց գյումրեցիներին տված իր տղամարդավարի խոստումը: Դիմեց իր գործընկերոջը` ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային` հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ: Այս լուրը հիասթափված ու արդարացի պահանջներ ներկայացնող գյումրեցիների մոտ որոշակի տրամադրություն է փոխել, այն իմաստով, որ իրենց հաջողվեց ստիպել ՀՀ իշխանություններին տեր կանգնելու ազգային արժանապատվությանը:
Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիում տեղի ունեցած ցույցերի ակտիվիստներից մեկը`տնտեսագետ Կարեն Պետրոսյանն ասաց.«Ողջունելի է այդ քայլը, լավ ենք զգում, որ մեր պետական պաշտոնյան օրենքով սահմանված իր լիազորությունը կատարեց, առավել ևս կատարեց նաև իր խոստումը: Մեր անհանգստությունն այն է, որ մերժելու դեպքում մեզ մոտ տրամադրությունները շատ ավելի բուռն են լինելու, քանի հիմա է. սպասողական վիճակի մեջ մարդիկ ավելի համբերատար են , հանգիստ են: Բարեկամական երկիրը մերժողական կեցվածք չպիտի ցույց տա այն հարցին, որն արդարացի է: Մեր պահանջը իրավական է, ամբողջությամբ հիմնավորված, մերժման դեպքում կարծում եմ, որ մարդկանց մոտ ավելի վատ էմոցիաներ առաջ կգան, վատ վիճակ կլինի: Կարծում եմ, որ ռուսական իշխանությունները բոլոր մակարդակների, քաղաքական իշխանությունները կամք կդրսևորեն հարգելու մեր բարեկամությունը, և ոճրագործին առանց որևէ խոչընդոտի կտրամադրեն հայ իրավապահ մարմիներին: Դա կնվազեցնի մարդկանց բարկությունը և շատ լավ անկյունաքար կհանդիսանա հայ և ռուս ժողովուրդների միջև ավելի բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը: Առավել ևս Գյումրիում, որտեղ ամենօրյա համակեցության խնդիր ունենք ռուսների, ռուս զինվորականների ու նրանց ընտանիքների հետ: Ինչպես ասում են` հերթը ռուսական կողմինն է պատասխանելու»:
Մեր այն հարցին էլ, թե գլխավոր դատախազի խոստում հնչեցնելու օրը ակտիվիստը հավատո՞ւմ էր, որ նա, անպայման, կիրականացնի. առավել ևս երբ գլխավոր դատախազի այս օրերի լռությունը մի տեսակ հիասթափություն ու կասկածամտություն էր առաջացրել գյումրեցիների մոտ, ակտիվիստն ասաց. «Կարծում եմ, որ գլխավոր դատախազը գիտակցում է , որտեղ ինչ խոստում է տալիս, և ինքը մի քանի ժամերի ընթացքում լավ հասկացավ Գյումրու մտածողությունը, մարդկանց հավաքվելու պատճառը: Հասկացավ, որ մարդիկ չեն եկել հետին մտքերով, եկել են արժանապատվության համար մինչև վերջ պայքարելու: Վերջում` իր գնալուց առաջ, երբ դատախազը դուրս եկավ ու իր խոստումը ձևակերպեց, ես զգացի, որ անկեղծ խոսք է: Ինքը նշեց, որ մեր նման քաղաքացի է Հայաստանի հանրապետության, և ինքն էլ ընտանիք ունի, ինքն էլ երեխաներ ունի, ամբողջ էմոցիաները նաև ինքն է ապրում, և էս էդ ժամանակ զգացի, որ անկեղծ է: Եթե իր առավոտվա ասուլիսը այլ տոնայնություն էր պարունակում, ապա վերջում իր խոսքը էականորեն տարբերվում էր առավոտվա տրամաբանությունից: Գոնե իմ մոտ որոշակի հավատք կար էդ առումով կար: Նա նաև դրանով ցույց տվեց, որ տղամարդու խոսքը արժեքավոր է , այն էլ Գյումրիում», -ասաց մեր զրուցակիցը:
Մեր դիտարկմանը, թե այսօր տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ ռուսական ռազմական դատարանում են քննելու Պերմյակովի գործը, Կարեն Պետրոսյանն ասաց. «Կարծում եմ նման հրապարկումը կամ ռեյտինգ ապահովող նյութ կլինի ԶԼՄ-ի համար կամ փոքրիկ մեսիջ մարդկանց տրամադրությունները հասկանալու: Կարող է ուղղակի ինչ-որ մեկի երևակայության արգասիքն է: Կարծում եմ նման բաները տպավորություն չեն գործում, մենք հստակ գիտենք` ինչ ենք ուզում, այս պահին գործողություններ արվում են` ստորագրահավաքն է ընթանում, այլ ակցիաներ ևս նախատեսվում են: Մեր անելիքը գիտենք, մեր պահանջը արժեքային է, արդար, մեր պահանջը բխում է մեր թասիբից , մեր պահանջը բխում է հայ և ռուս ժողովուրդների հետագա փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններից», -ասում է Կարեն Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ