Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես երանի էի տալիս այն քաղաքին, որի մայթերով այդպիսի մեծեր են քայլում». Էդվարդ Միլիտոնյան

Փետրվար 03,2015 19:31

2015 թվականի փետրվարի 2-ին լրացավ հայ անվանի գրող Կոստան Զարյանի ծննդյան 130-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր Աբովյան 17 հասցեում գտնվող՝ Կոստան և Արմեն Զարյանների հուշատախտակի մոտ էին հավաքվել Հայաստանի գրողների միության անդամներ, մտավորականներ և այլք՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեծանուն գրողի հիշատակին:

«Կան մարդիկ, որոնք փետրվարի 8-ն են համարում Զարյանի ծննդյան օրը: Գուցե լինեն նաև այլ ամսաթվեր նշողներ, սակայն դա չէ կարևորը. կարևորը այն մեծ ժառանգությունն է, որ թողել է Զարյանը հայ, ինչու չէ նաև օտար ընթերցողին»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

«Հիշում եմ՝ Կ. Զարյանը 60-ական թթ. եկել էր Հայաստան: Ես այդ ժամանակ փոքր էի, բայց արդեն հասցրել էի կարդալ նրա «Տատրագոմի հարսը» պոեմը և հիացած էի նրանով: Զարյանը շատ էր սիրում քայլել Աբովյան փողոցով, և այդ թիթեռնիկով մարդու հանճարեղ դեմքին, քայլվածքին, կեցվածքին նայելիս երանի էի տալիս այն քաղաքին, որի մայթերով այդպիսի մեծեր են քայլում: Եվ հիմա՝ ամեն անգամ Աբովյան փողոցով քայլելիս, ես կարոտում եմ այն ժամանակները, երբ հնարավոր էր մեր քաղաքում տեսնել Կոստան Զարյանին ու մեր մյուս մեծերին՝ Երվանդ Քոչարին, Մարտիրոս Սարյանին, Մինասին, Պարույր Սևակին, Հովհաննես Շիրազին… Այո´, հայ ժողովուրդը 20-րդ դարում ունեցել է մեծեր, որոնցից մեկն էլ հենց Կ. Զարյանն է»,- ասաց Է. Միլիտոնյանը:

«Զարյանը չափանիշ թելադրող գրող էր,- հավելեց Հայաստանի գրողների միության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը,- իր գեղագիտական համակարգով, ազգային բովանդակությամբ՝ նա չափանիշի կրող ու հուշող էր: Միայն «Նավը լեռան վրա» վեպն ու «Անցորդը և իր ճամփան» ճամփորդական նոթերն արդեն թելադրում են այն ուղիները, որոնցով պիտի անցնի մեր ժողովուրդն այսօր, վաղը և ավելի հեռավոր ապագայում»:

Բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, որը մտերիմ է եղել Կ. Զարյանի հետ, իր կյանքի հաջողություններից է համարում իրենց մտերմությունը: «Նա ինձ համար մի մեծ համալսարան էր, գիտելիքների հսկայական շտեմարան, համակողմանի զարգացած մարդ էր, և նրա հետ ամեն մի հանդիպումից մի բան սովորում էինք: Նաև մարդկային մեծ հմայք ուներ, նրա մոտ չէիր կարող որևէ կեղծ բան ասել: Ես երջանիկ եմ, որ մտերիմ եմ եղել նրա հետ, ու նրա ձայնը մինչև օրս հնչում է իմ ականջներում»,- ասում է բանաստեղծը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728