Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար Օբամայի առաջարկած ամերիկյան օգնության բյուջեն պատմության մեջ նվազագույնն է

Փետրվար 03,2015 18:56

ԱՄՆ-ը նախագահի աշխատակազմը հրապարակել է 2016թ. ֆինանսական օգնության բյուջեն, որով նախատեսվում է 18 միլիոն 360 հազար դոլար տրամադրել Հայաստանին: Դա 2 միլիոնով քիչ է նախորդ տարվանից: Եթե կոնգրեսը հաստատի որոշումը, ապա սա կլինի նվազագույն օգնությունը, որն ԱՄՆ-ը տրամադրել է Հայաստանին անկախության տարիներից ի վեր, հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Թեև Հայաստանին և Ադրբեջանին ռազմական ոլորտի համար ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցում պահպանվել է հավասարությունը, սակայն ԱՄՆ ՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մտահոգություն է հայտնել, որ հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարման ֆոնին ԱՄՆ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին.

«Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում, որ Օբամայի վարչակազմը Իլհամ Ալիևի զինված ուժերին ռազմական աջակցություն է ցուցաբերում, այն դեպքում, երբ սահմանում Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործողությունների դիմել, բայց գնահատում ենք, որ պահպանվել է ռազմական օժանդակության հավասարությունը», – նշել է Համբարյանը:

Ըստ բյուջեի նախագծի, Ղարաբաղին գումար հատկացված չէ, թեև նախորդ տարիներին ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակը 2 միլիոն դոլար էր հատկացնում:

Առաջիկա ամիսներին Հայ դատը կաշխատի, որպեսզի ավելացնեն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվելիք ֆինանսական օգնությունը ու հրաժարվեն Ադրբեջանին աջակցելուց:

Նախագծի համաձայն, տնտեսական աջակցության հիմնադրամը Ադրբեջանին պետք է հատկացնի 7 միլիոն 978 հազար դոլար, Հայաստանին՝ 18 միլիոն 360 հազար, իսկ Վրաստանին՝ 50 միլիոն 552 հազար:

Օտարերկրյա ռազմական ֆինանսավորումը Ադրբեջանի և Հայաստանի համար կազմում է 1 միլիոն 700 հազար դոլար, Վրաստանինը՝ 0:

Միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար Ադրբեջանի և Հայաստանի համար առանձնացված է 600 հազար դոլար, իսկ Վրաստանին՝ 2 միլիոն 200 հազար:

Թմրամիջոցների վերահսկման և իրավական համակարգի աջակցության համար Հայաստանի համար հատկացված է 1 միլիոն 700 հազար դոլար, Ադրբեջանին՝ 800 հազար, Վրաստանին՝ 3 միլիոն 500 հազար:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728