Լրահոս
Օրվա լրահոսը

Գոյություն չունեցող ընթերակաների գործով նոր քրեական գործ է հարուցվել

Փետրվար 03,2015 18:45

2014 թ. հունիսի 24-ին իր իրավունքների պաշտպանության խնդրով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել Վանաձորի բնակչուհի Սվետլանա Պապիկյանը: Ս. Պապիկյանը հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունք խարդախության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել:

Քաղաքացին հայտնել է, որ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողություններն ընթացել են խախտումներով, մասնավորապես քննիչի կողմից իրականացված զննության արձանագրության ներքո ստորագրած ընթերակաները իրականում գոյություն չունեցող անձիք են և ըստ Ս. Պապիկյանի ենթադրյալ ընթերակաների փոխարեն ստորագրել է հենց ինքը՝ քննիչը՝ ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Տ. Թադևոսյանը: Այս մտահոգությունները պարզաբանելու համար Ս. Պապիկյանի փաստաբանի կողմից հարցում է կատարվել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Բազումի անձնագրային բաժին:

Հարցման արդյունքում պարզվել է, որ այդպիսի անուն ազգանունով անձանց մասին համակարգչի պետռեգիստրի պահոցում տվյալներ չկան: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2014 թ. հունիսի 24-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ պահանջով բացահայտել նշված հանցագործությունը, հարուցել քրեական գործ և մեղավորներին ենթարկել համապատասխան պատասխանատվության: 2014 թ. հուլիսի 7-ին ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին, սակայն սեպտեմբերի 29-ին կայացվել է որոշում քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Վերոնշյալ որոշումն ուղարկվել է վերահսկող դատախազին քննության օրինականությունը ստուգելու համար, ում կողմից էլ որոշում է կայացվել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը վերացնելու և քրեական գործը կրկին ՀՀ ՀՔԾ ուղարկելու վերաբերյալ:

2014 թ. սեպտեմբերի 16-ին քրեական գործը կրկին վարույթ է ընդունվել, սակայն նույն քննիչի՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կրկին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: 2014 թ. դեկտեմբերի 6-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստացել է ՀՀ հատուկ քննչական ծառայության որոշումները և դեկտեմբերի 12-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որով կազմակերպությունը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը և գործն ուղարկել նոր քննության: 2014 թ. դեկտեմբերի 26-ին ստացվել է ՀՀ գլխավոր դասախոսության պատասխան գրությունը, որով հայտնում են, որ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Ա. Օհանյանի կողմից կայացված որոշումը նախաքննության նկատմամբ դատական ղեկավարումն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728