Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ մի քանի պատգամավորներ անդրադարձան Բերձորի դեպքերին եւ գնահատականներ տվեցին՝ դատապարտելով Ժիրայր Սեֆիլյանի եւ ավտոերթի մյուս մասնակիցների քայլը: Ավելին, Ռուզաննա Մուրադյանը հայրենասիրության շոումեն անվանեց նրանց, կեղծ հերոսներ ու մեղադրեց տաքուկ անկյուններից հաշվենկատ հայրենասիրություն ցուցաբերելու մեջ:
Նրա խոսքերով՝ «Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, հատկապես մեր նման փոքր ազգի համար, քան կեղծ հերոսությունը: Վերջերս մեր հասարակություն են ներթափանցել կեղծ արժեքներ: Հայտնվել են կեղծ հերոսներ եւ հայրենասերներ, ովքեր մեր պետության համար դժվարին, վճռական պահերն օգտագործում են՝ հանդես գալու իբրեւ հայրենասիրության շոումեններ: Այլ կերպ չենք կարող անվանել Արցախի իշխանությունների հորդորներն արհամարհող դեպի Արցախ ավտոերթի կազմակերպիչներին: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ցանկացած ոչ մտածված գործողություն, հայրենասիրության շահարկումն ու ոչ ճիշտ քարոզչությունը նպաստում են Ադրբեջանին անելու ամեն ինչ՝ ապակայունացնելու իրավիճակը հակամարտության գոտում եւ լարվածությունը մեծացնելու շփման գծում»:
Ռուզաննա Մուրադյանն իր հայտարարության մեջ նաեւ ասաց, որ կեղծ հերոսները չեն ընդունում իրական հերոսներին, որոնք ժամանակին իրենց կյանքը վտանգելով՝ կռվել են հանուն հայրենիքի, այն ժամանակ, երբ կեղծ հայրենասերները իրենց տաքուկ անկյուններում հաշվենկատ հայրենասիրություն են ցուցաբերել, հիմա էլ ի հայտ են եկել ու արդարություն են պահանջում. «Ի՞նչ բարոյականության իրավունքով, արդարության ո՞ր սկզբունքով: Արդարության պահանջը պետք է ճիշտ հասցեականություն ունենա»:
Նա կոչ արեց համախմբվել եւ միասնական գործել՝ արտաքին թշնամու դեմ:
Կարդացեք նաև
Բերձորի դեպքերին անդրադարձավ նաեւ ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը: Նրա գնահատմամբ էլ՝ ծեծելը դատապարտելի է, բայց լինում են դեպքեր, երբ հրահրում են այդ ծեծը, հետո սկսում են բողոքել վաստակած ապտակի դեմ. «Մենք դարձել ենք չափազանց հանդուրժող, պետության համար վտանգավոր հանդուրժող, այն աստիճան, որ կարող ենք լուռ տանել սրբապիղծ նախաձեռնությունները: Մեր հանդուրժողականությունից սկսել են թեւեր առնել, ոգեւորվել ու առիթավորվել ամեն տեսակ սադրիչներն ու հայրենադավերը»:
Նախախորհրդարանին քայլերին անդրադարձավ նաեւ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ դատապարտելով «Արցախը եւ Ցեղասպանության տարելիցը շահարկելու ապազգային փորձը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այդ իբր թե «նժդեհականներից» նման գնահատական ստանալը պատիվ պիտի լինի Ժ.Սեֆիլյանին:
Քա՞նի հհկ-ական պատգամավոր է միլիոնատեր. իսկ Արցախի սահմանի պրիմիտիվ փշալարերից պահածոների ծակ տուփեր են կախված: Դրա՛ համար հակառակորդի դիվերսանտները քիչ հետո Ստեփանակերտ արդեն կհասնեն, երբ հհկ-ական «նժդեհական» «պատգամավորները» Երևանի կենտրոնում (իրենց չախ ջիպերում) «օրենքներ» են «մշակում»: