Շուրջ 400 տարվա ընդմիջումից հետո վերականգնվում է սրբադասման կարգը:
Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Հայ առաքելական եկեղեցին կկատարի Եղեռնի զոհերի սրբադասման կարգ: Ապրիլի 23-ին տեղի ունենալիք արարողության համար մշակվել է հատուկ ծիսակարգ, որը կիրականացվի Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ բաց խորանի առջև: Կլինի հատուկ այս առիթով գրված վկայաբանության ընթերցում, նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհում, կհնչի նոր գրված շարական:
Սրբադասման արարողակարգը կսկսվի ժամը 16:30-ին կամ 17:00-ին և կավարտվի 19:15-ին՝ խորհրդանշելով 1915 թվականը: Արարողակարգից հետո Մայր աթոռում և աշխարհի բոլոր հայ և, հավանաբար, ոչ հայ եկեղեցիներում 100 անգամ կհնչեն զանգերը, որին էլ կհաջորդի լռության րոպեն: Լռության րոպեից հետո աշխարհի բոլոր անկյուններում «Հայր մեր»-ի և «Սուրբ-սուրբ» պատարագի հատվածների երգեցողություն կլինի: Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասմանը կարող են ներկա լինել բոլոր ցանկացողները:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և հորդորեց ժողովրդին՝ մասնակից լինել այս հոգևոր ու պատմական կարևոր իրադարձությանը:
Սրբազանն ասաց, որ, որպես տոնելի սուրբ, վերջինը հիշատակվում է Մովսես Տաթևացի հայրապետը, որն ապրել է 17-րդ դարում, իսկ նրա սրբադասումը կատարվել է 18-րդ դարում: «Եվ ահա, երկար ընդմիջումից հետո, 2014 թ. եպիսկոպոսաց ժողովի վերջնական որոշմամբ՝ հայ եկեղեցում վերականգնվեց սրբադասման կարգը, խորհուրդը»,- նշեց Տեր Բագրատ եպիսկոպոսը և տեղեկացրեց, որ սրբադասման համար չորս նախապայմաններ գոյություն ունեն, որոնցից անգամ մեկի առկայության պարագայում կարելի է սրբադասում կատարել:
«Այդ նախապայմաններն են՝ նահատակություն հավատքի և հայրենիքի համար, սրբակյացություն, այսինքն՝ անհատի կամ հավաքականության սրբակենցաղ վարք, հրաշքների առկայություն կենդանության օրոք կամ մահվան ժամանակ՝ գերեզմանի վրա, հավատքի քարոզչություն, Աստծու խոսքի տարածում: Ահա այս չորս պայմանների շրջագծում վերականգնվեց սրբադասման կարգը ու սրանց առկայության պայմաններում առաջարկվեց քննել, ուսումնասիրել Ցեղասպանության մեր մեծ նահատակների սրբադասման հնարավորությունը»,- ասաց Սրբազանը՝ հատուկ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ հայ եկեղեցին կամ որևէ եկեղեցի ոչ թե սրբացնում է որոշակի անձանց, այլ ճանաչում է նրանց սրբությունը. «Եկեղեցին ճանաչում և հռչակում է հոգևոր սխրանքը. ոչ թե սրբացնում է, այլ սրբադասում, հետևաբար՝ նաև ընդունում, ճանաչում և հռչակում է այդ անձանց (անհատի կամ հավաքականության) սրբությունը: Սա շատ կարևոր, առանցքային նշանակություն ունեցող կետ է, որովհետև հաճախ կարծում են, թե եկեղեցին է սրբացնում որևէ մեկին: Դա այդպես չէ, սրբացնողն ընդհանրապես ժողովուրդն է իր մտքով կամ վկայություններով, իսկ եկեղեցին միայն ճանաչում է դա»,- հստակեցրեց Տեր Բագրատը:
Գալով Եղեռնի զոհերի սրբադասմանը՝ նա նշեց, որ Ցեղասպանության նահատակների ընդհանուր, հավաքական սրբադասում է տեղի ունենալու. «Թիվ չկա, 1.5 միլիոնի մասին խոսք չկա: Ինչո՞ւ, որովհետև այդ 1.5 միլիոնի մեջ այլադավաններ, ոչ հավատացյալ մարդիկ էլ են եղել, չէ՞: Մենք այդ քննությունն անհատ առ անհատ չենք կատարի, պարզապես, հավաքական սրբադասում կանենք»,- ասաց Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Հարցին, թե որքանով այս գործընթացը կնպաստի Ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, Սրբազանը պատասխանեց. «Գիտենք, որ ճանաչումը նաև քաղաքական ենթաշերտ ունի, բայց սրբադասման գործընթացն ի սկզբանե քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել: Ամեն դեպքում, այս հռչակումն ինքնին մի ակտ է, փաստ այն մասին, որ եկեղեցին ընդունում և ճանաչում է տեղի ունեցած իրադարձությունը որպես մի ողջ ժողովրդի նահատակություն, և, բնականաբար, այդ նահատակության գաղափարից էլ պիտի բխի պահանջատիրությունը, որը մտածողության մեջ մշտապես առկա է»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ