Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Երկրի փրկության միակ ձեւը դեմոկրատական հեղափոխությունն է»

Փետրվար 03,2015 17:18

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօր «ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին» օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ խմբակցության տեսակետը ներկայացնելիս հիշեցրեց նախկին քառյակի 12 կետերի մասին. «Շրջանառության հարկը մտցրել են, որ ՓՄՁ-ները թեթեւ շնչեն, նպաստենք նրանց զարգացմանը: Անցյալ տարի քառյակը հրապարակեց պահանջների 12 կետ, դրանցից մեկը ուղղված էր նրան, որ փորձենք հեշտացնել ՓՄՁ-ների կյանքը: Մենք առաջարկել էինք առնվազն 3 անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել:

Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ: Հանել սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը: Սա հարկային թեթեւացումների համալիր էր: Կարծեք թե հազվագյուտ կետերից մեկն էր, որտեղ իշխանությունը իբր թե փորձեց գնալ ընդառաջ: Բայց ի՞նչ արեց, հարկը դարձրեց 1 տոկոս, մնացած դրույթներին չանդրադարձավ: Բացի դրանից, մտցրեցին մի կետ, որը մենք չէինք առաջարկել՝ փաստաթղթավորման խստացման դրույթը: Պարզվեց, որ կյանքը դրանով միայն ավելի դժվարացավ: Սա գնահատեցին իրենք՝ ձեռնարկատերերը: Հենց այն մարդիկ, որոնց իբր թե օգնության ձեռք մեկնեցիք: Այդ ապաքաղաքական զանգվածը պարզվեց, որ հիմա դարձել է իր իրավունքների համար ամենահամառ պայքարողներից մեկը: Ո՞նց կարողացաք հեղափոխական դարձնել նրանց: Այն, ինչ անում էիք իբր թե թեթեւացման համար, էապես ծանրացրեց իրենց վիճակը»:

Լեւոն Զուրաբյանը 2 տարբերակ առաջ քաշեց՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքը ՓՄՁ-ներին պարտադրելու համար. «Հիմա ուզում ենք հասկանալ իշխանությունների տրամաբանությունը: Շրջանառությունը ֆիքսում եք, որ ստվերից հանեք տնտեսությունը: Եթե ուզում եք ֆիքսել շրջանառությունը, հարց է ծագում՝ ի՞նչն էր ավելի հեշտ՝ 45 հազար մանր ձեռնարկատերերին վերահսկել, բերել հարկային օրինական դաշտ, թե՞ ավելի հեշտ էր վերահսկել 300 խոշոր ընկերության: Իրականում պետությունն անկարող է այդ ձեռնարկատերերի առջեւ: Մեզ ասում են, թե փոքրերի միջոցով ընկած ենք խոշորին ստվերից հանելու հետեւից: Ես հավատում եմ երկրորդ տարբերակին՝ թե ինչու իշխանությունների ուժը չի պատում այդ 300 հոգու վրա, բայց ուժ-ը պատում է ՓՄՁ-ների վրա, դա այն է, որ իշխանությունները մաս են կազմում այդ 300 խոշոր ձեռնարկատերերի:

Իշխանությունը օգտագործում են սեփական հարստացման նպատակով: Կառավարման ճգնաժամը պոզով-պոչո՞վ է լինում: Եթե դուք կա՛մ չեք կարողանում վերահսկել այդ ընկերությունների գործունեությունը, կա՛մ շատ լավ էլ վերահսկում եք, բայց կառավարում եք միայն սեփական հարստացման նպատակով, մենք ուրեմն գործ ունենք իսկապես կառավարման ծանրագույն ճգնաժամի հետ: Պրոբլեմն այն է, որ որեւէ իշխանություն, որն ինքն է օգտվում այս արտոնություններից, նրանց դեմ չի պայքարում, ուրեմն երկրի փրկության միակ ձեւը դեմոկրատական հեղափոխությունն է»:

Լեւոն Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը «ռեպլիկի» կարգով արձագանքեց. «Հարգելի գործընկերներ, բնական է եւ սպասելի էր, որ հերթական անգամ մարդկանց դժգոհությունը, մեր կողմից կատարվող թեկուզ ցավոտ քայլերը, խութեր ունեցող քայլերը, լուծումները, մեզ այս վիճակից հանող քայլերը մեր ընդդիմադիր գործընկերները պիտի փորձեին օգտագործել իրենց PR-ը եւս մեկ անգամ անելու:

Հիմա այս օրինագծի հետ կապ ունեցող-չունեցող, հին ու նոր բոլոր տեսակի հարցերը հնչեցրեցին՝ ցույց տալու փողոցում կանգնող մարդկանց, որ մեր ընդդիմադիր ուժերը կան: Գոնե այս քննարկման ժամանակ՝ էլ հեղափոխություն, էլ վաստակավոր գործիչ…Դասեր տվեցիք,մենք ուշադիր լսեցինք ձեր տված դասերը: Ձեր քաղաքական պայմանավորվածությունները անտեսեցիք, մոռացաք, գոնե հիմա հիշեք, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում վարչապետը ձեզ հետ պայմանավորվածություն ձեռք բերեց»:

Միքայել Մելքումյանը, որը մոտեցել էր ամբիոնին հաջորդ ելույթի համար՝ Հերմինե Նաղդալյանին ասաց՝ սա քաղաքական ամբիոն է, թողեք գոնե այս ամբիոնի մոտ ասենք: Հերմինե Նաղդալյանը ծիծաղեց. «Թողնում ենք, բա ի՞նչ ենք անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728