Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը՝ Հայաստանի «մոնստրների» մասին (Տեսանյութ)

Փետրվար 03,2015 16:29

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման մասին հարցի քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում խմբակցության տեսակետը ներկայացնելիս Ռուբեն Հակոբյանը խոսեց Հայաստանի հրեշների՝ «մոնստրների» մասին:

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ունենք 10-15 մենաշնորհատերեր, որոնք դուրս են օրենքի դաշտից. «Նրանք հիմնականում ներկրողներն են, որ անում են այն, ինչ ուզում են: Նրանց գլխավոր հովանավորը բարձրագույն իշխանությունն է: Եթե նկատի ունենանք, որ ներկրումը Հայաստանում 4 անգամ ավելի է, քան արտահանումը, կհասկանանք, որ մենք մեռնող տնտեսության մասին ենք խոսում: Այսօր նրանք փակում են մեր թթվածինը: ՓՄՁ-ները գնում են գրենական պիտույքներ, ներքնաշորեր, երեխաների համար հագուստ այդ նույն մոնոպոլիստներից:

Հիմա մենք ասում ենք, որ եկեք այդ օլիգարխների՝ մենաշնորհատերերի դեմ պայքարենք: Եկեք պայքարենք ժողովրդի մեջ կերպավորված այդ մոնստրների դեմ: Հեղինե Բիշարյանը ելույթ է ունենում, ասում է՝ կան դրանք, բռնեք, ասում եք՝ անունները տվեք, բռնենք: Լավ, ծիծաղելի չի՞: Դուք չգիտե՞ք ովքեր են դրանք: Եկեք միասին գնանք Գավառի, Տավուշի ամենավերջին գյուղերում կեսգիշերին մարդկանց արթնացնենք, ասենք՝ ովքե՞ր են այդ մոնստրները, նրանք անգիր, շուտասելուկի նման կասեն ովքեր են նրանք: Բա այդքան մենք կառույցներ ունենք հարկատուների հաշվին, որոնք պիտի ունենան դա: Ինչի՞ եք նրանց պահում, նրանք չգիտե՞ն: Չէ, դուխները չի հերիքում, որովհետեւ քաղաքական ղեկավարության կողմից են դրանք երաշխավորված: Ի՞նչ եք դերասանություն անում ստեղ»:

Ռուբեն Հակոբյանը վստահեցրեց, որ երբ ՀՀԿ-ականներն ասում են, թե ստվերի դեմ են պայքարում, սուտ են ասում. «Ես չեմ ուզում, որ մեր հասարակության մեջ գործարար աշխարհն ընկալվի որպես հրեշ, բոբո: Հասարակությանը նրանց այդպես է մատուցվում: Լավ օրից չի, որ գործարարները գալիս ու պատգամավոր են դառնում: Դառնում են, որ մանդատով պաշտպանեն իրենց բիզնեսը: Ովքեր չեն մտել խորհրդարան, հետագայում դարձել են կինոռեժիսորներ կամ չգիտեմ որտեղ են հայտնվել: Սա է մեր իրականությունը, սա է մեր մշակույթը: Հիմա եկել ասում եք, թե ուզում եք պայքարել ստվերի դեմ: Լավ, էլի, ժողովուրդ, եկեք հարգենք մեզ, մեր մտավոր կարողությունները: Եկեք հասկանանք, որ այդպես չի»:

ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելիս Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ եթե սա բարեփոխում է, չի կարող ցավոտ լինել. «Բարին չի կարող ցավագին լինել, որ ասում եք՝ ցավագին է: Մեր առաջ դնում եք բոբոներ, որ հետո խաղը չի ստացվում, ասում եք՝ այդ բոբոն էր պատճառը»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու հետաձգմանը, բայց լուծումներ է առաջարկում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728