Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը Ջհանգիրյանին հորդորում է գնալ Սահմանադրական դատարան

Փետրվար 03,2015 14:48

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց եւ 78 կողմ, 17 դեմ եւ 20 ձեռնպահ քվեարկության արդյունքներով ընդունվեց Բյուջետային գրասենյակ ստեղծելու նպատակով օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Նախագծով առաջարկվում է, որ ԱԺ-ում ստեղծվի փորձագետների աշխատանքային խումբ՝ Բյուջետային գրասենյակ, որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ երեկ այդ հարցի քննարկման ժամանակ անգամ ՀՀԿ պատգամավորները ընդդիմանում էին, ասելով, որ Սահմանադրությամբ չի նախատեսվում նման մարմին ստեղծել:

Բյուջետային գրասենյակի նախագծին դեմ էր նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: Նա այսօր էլ քվեարկությունից առաջ պատգամավորներին կոչ արեց, որ դեմ քվեարկեն այդ նախագծին: Նրա խոսքերով՝ «Բյուջետային գրասենյակը բնորոշ է պառլամենտական կառավարման համակարգ ունեցող երկրներին: Մեզ մոտ բյուջեի նկատմամբ հսկողություն իրականացնողը հստակ սահմանված է մեր Սահմանադրությամբ, Վերահսկիչ պալատի մասին դրույթներով, ՎՊ մասին օրենքով: Նաեւ ընթացակարգն է սահմանված թե՛ Սահմանադրությամբ, թե՛ ԱԺ կանոնակարգ օրենքով: Կոչ եմ անում դեմ քվեարկել, որովհետեւ դեռ սահմանադրական փոփոխություններ չիրականացրած՝ արդեն պառլամենտական ե համակարգի տարրեր ենք ներմուծում մեր կառավարման համակարգ»:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ հակադարձեց. «Պարոն Ջհանգիրյանն էլ գիտի, որ որեւէ օրենքի հակասահմանադրականությունը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը: Բնականաբար, մենք կողմ ենք քվեարկելու եւ հորդորում ենք պարոն Ջհանգիրյանին, որ գնա Սահմանադրական դատարան»:

Հրանտ Բագրատյանը, որը համահեղինակ է այս օրինագծին, հայտարարեց, որ նույն բանն է ասում, ինչ Աղվան Վարդանյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728