Արդարադատության նախարարության ՔԿՀՎ պետ Արթուր Օսիկյանն այս տարվա իր անդրանիկ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ մինչ ասուլիսը հրավիրվել էր խորհրդակցության , որի ժամանակ ամփոփվել են ՔԿՀ ծառայության անցյալ տարվա աշխատանքները, տրվել հանձնարարականներ այս տարվա անելիքների հետ կապված:
Դատապարտյալների թիվը, ըստ նրա, 3923 էր, հունվարի 1-ի դրությամբ դատապարտված եւ կալանավորված անձանց թիվը՝ 3880. «Մենք ունենք նվազում: Նվազումն առկա է նաեւ փակ եւ կիսափակ ռեժիմային տիպի հիմնարկներում, մասնավորապես, փակերը նվազել են 30-ով, իսկ կիսափակերը՝ 231-ով: Սա պայմանավորված էր, թերեւս, 2013 թ. իրականացված համաներման հետ»:
Ա. Օսիկյանի տեղեկացմամբ, դատապարտյալների թիվը ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց մասով նույնպես նվազել էր: 2014թ-ին 96 էր, իսկ առանձնապես ծանրը՝ 29-ով պակաս:
2014-ին 49 կալանավորված կին է եղել, իսկ 146 դատապարտված կին: Անչափահաս տղաները 11-ն էին, նույնքան էլ դատապարտված անձինք:
Կարդացեք նաև
Ամփոփելով անցյալ տարին՝ Ա. Օսիկյանն անդրադարձավ ՔԿՀ-ում կատարված աշխատանքներին, հանցագործությունների՝ մեծ թիվ կազմող թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին. «Ցավոք սրտի, դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ որ քրեակատարողական հիմնարկներ են թափանցում տարբեր տեսակի թմրանյութեր, թմրամիջոցներ եւ այլ արգելված առարկաներ: Հայտնաբերումների իմաստով ունենք դրական ցուցանիշ, շատ ավելի մեծ քանակությամբ արգելված առարկաներ ենք հայտնաբերել անցյալ տարի, ոգելից խմիչքներ, հեռախոսներ, թմրամիջոցներ»:
Ա. Օսիկյանն հայտնեց, որ քրեակատարողական ծառայությունում լայնամասշտաբ ուսումնասիրություններ են կատարվել, ծառայողական քննություններ, 2014թ-ին 157 քրեակատարողական ծառայողներ ենթարկվել են կարգապահական, ծառայողական պատասխանատվության: Երկու տարի առաջ պատկերն այսպիսին է եղել. պատասխանատվության են ենթարկվել 93-ը: Ծառայությունից անցյալ տարի ազատվել են քսանչորսը:« Ովքեր օրենքից դուրս լիազորություններ են բանեցնում, կամ փորձում են շրջանցել օրենքը, պետք է ծառայությունից ազատվեն կամ նրանց նկատմամբ պետք է կիրառվեն խիստ կարգապահական բնույթի միջոցառումներ»,-ասաց Ա. Օսիկյանը:
Բազմաթիվ իրավական ակտեր են շրջանառվել, որոնցից ՔԿՀՎ պետը նշեց, որ մինչ օրս ՔԿՀ ծառայության կողմից վարչական վարույթ հարուցելու համար, արգելված առարկաների ներթափանցելու հետ կապված, իրավունք չեն ունեցել:
Փոփոխություններ են ներկայացվել կառավարություն, եւ դա ըստ բանախոսի, հնարավորություն կտա , որպեսզի արգելված առարկաներ չներթափանցեն ՔԿՀ -ներ:
ՔԿՀ-ներում կգործի առցանց խանութ դատապարտյալների համար, եւ Aravot.am-ի հարցին էլ , թե միայն սննդամթե՞րք, հանձնո՞ւք կարող են դատապարտյալների հարազատները փոխանցել, թե դեղամիջոցներ, Ա.Օսիկյանը պատասխանեց, թե առայժմ հիմնարկի կողմից թույլատրված սննդամթերքը՝ հացաբուլկեղեն, չարգելված ապրանք, որը վճարային քարտի միջոցով կկատարի վճարում, եւ քրեակատարողականի աշխատակիցը կհանձնի ապրանքը:
Նախագիծն ուղարկված է կառավարություն, եւ երեք-չորս ամիսների ընթացքում կգործի:
Միայն անցյալ տարի, պաշտոնական կայքին զուգահեռ գործող «Թեժ գծով» ահազանգել են 300-ից ավելի անձինք, երեք ամսվա ընթացքում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ