Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Եվրոպական դատարանը իրավական վճիռ չի իրականացնելու»

Փետրվար 03,2015 14:31

«Փերինչեքը Թուրքիայի պատմության մեջ հայտնի է որպես սկանդալային եւ տարբեր իշխանություններին ծառայություն մատուցող անձ եւ թուրքական քաղաքական շրջանակներում վաղուց նրան դրոշմել են քաղաքական գործիքի կամ գործակալի պիտակ»,- փետրվարի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքերով՝ տարբեր տարիներին Փերինչեքը տարբեր սկանդալային դրվագներով է հայտնի՝ մե՛կ քրդական շարժման մեջ է ներգրավված եղել, մե՛կ ձախակողմյան շարժման հետ է կապված եղել, իսկ ահաբեկչական կազմակերպության դատավարության ընթացքում Փերինչեքը դատապարտվել է 117 տարվա ազատազրկման. «Հետաքրքիր է, որ Թուրքիա պետությունը 117 տարի ազատազրկման դատապարտված մարդուն ազատում է: Երեւի թե արդարադատության պատմության մեջ երկրորդ նմանատիպ դեպքը չկա, բացի այդ նրա վրայից հանվում է երկրից դուրս գալու արգելքը, եւ Փերինչեքը հայտնվում է Ստրասբուրգում»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ այնուամենայնիվ, Փերինչեքը սկանդալային հայտարարություն է արել` 1980 թվականին Թուրքիայում տպագրվել է մի գիրք, որտեղ ամփոփված է դատավարություններից մեկի ընթացքում Փերինչեքի ինքնապաշտպանական ճառը, այնտեղ նա հայտարարում է, որ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Աբդուլ Համիդը Թուրքիայի արեւելյան նահանգները ներկեց անմեղ հայերի արյունով. «Այսինքն՝ այս մարդը, որը անուղղակիորեն Հայոց ցեղասպանության ճանաչողն էր 80-ականներին, այսօր դարձել է դրա հիմնական հերքողը: Այս փաստը մենք եւս պետք է օգտագործենք նրա իրական կերպարը ներկայացնելու համար»:

Նա նկատեց, որ թուրքական իշխանությունները խիստ կարեւորում են Փերինչեքի դատավարությունը, եւ 2015 թվականին ընդդեմ Հայոց ցեղասպանության նրանց հիմնական քայլերի մեջ Փերինչեքի դատավարությունը ամենակարեւոր կետերից է. «Եթե դատարանը այնպիսի որոշում ընդունի, որը ինչ-որ մի կերպ կարդարացնի Փերինչեքին, ապա դա դառնալու է Թուրքիայի հաղթաթուղթը, եւ ինչպես ասում են, թուրք պրոֆեսորները, դրանով կավարտվի Հայոց ցեղասպանության հետ կապված ամբողջ գործընթացը, ինչը կարծում եմ՝ որեւէ աղերս չունի տրամաբանության հետ»:

Ռուբեն Մելքոնյանի խոսքերով՝ Եվրոպական դատարանը իրավական վճիռ չի իրականացնելու, այդ իսկ պատճառով իրավաբանների հիմնավորումների ուժեղ կամ թույլ լինելը թուրքագետը երկրորդական է համարում. «Այստեղ պետք է հասկանանք եւ հասարակությանը կոչ անենք թուրքական խայծը չուտել: Սա Հայոց ցեղասպանության հարցի վերջնական դատավարությունը չէ, սա մի դրվագ է, որտեղ Հայաստանն ու Թուրքիան հանդիպում են, բայց այնպես չէ, եթե դատարանը որոշի հօգուտ Փերինչիքի, ապա հայոց պահանջատիրությունն ավարտվելու է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728