Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի ակնարկը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, մենք տեղյակ ենք»

Փետրվար 03,2015 14:25

Այսօր «Շրջանառության հարկի» մասին օրենքի պարտադիր փաստաթղթավորման պահանջի կասեցման հարցի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկներ և սկաուտներ խիստ անհանգստացած են, թե ինչու են մեր Սփյուռքի համայնքի տարբեր ներկայացուցիչներ հրավիրում «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչներին, որպեսզի մենք այնտեղ լսենք իրենց մտահոգությունները: Հրավիրում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր մազապուրծ փախել են սեփական երկրից, որովհետեւ սեփական երկրում որեւէ հնարավորություն չեն ունեցել պահել իրենց ընտանիքները: Այդ մարդկանց թվում գերակշռում են այն մարդիկ, ովքեր ունեին փոքր ու միջին բիզնես եւ այդ բիզնեսով կարողանում էին պահել իրենց եւ իրենց աշխատող մի քանի ընտանիքներին: ՀՀ իշխանությունների՝ ՓՄՁ հանդեպ վարած քաղաքականության արդյունքում այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը: Լավ օրից չէ, որ լքել են Հայաստանը: Եվ նրանք անհամբեր սպասում են, թե երբ է ՀՀ-ում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը ՓՄՁ-ների մեջքը կոտրելը չլինի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ: Այսպիսի նախագիծը նպաստելու է մեկ բանի՝ ավելացնել արտագաղթողների թիվը: Եթե այդ քաղաքականությունը ՓՄՁ-ների հանդեպ շարունակվի, նրանք շարունակելու են լքել հայրենիքը եւ շարունակելու են պահանջել այն քաղաքական ուժերի հետ հանդիպում, որոնց վստահում են եւ որոնց հետ կարող են քննարկել մեր հայրենիքի հարցերը, թե երբ է վերջապես ՀՀ-ում լինելու այնպիսի իշխանություն, որտեղ խաղի կանոն ուղղված չի լինելու երկրի հիմնական ողնաշար ՓՄՁ-ներին կոտրելու: Այո, հրավիրելու են ԲՀԿ ներկայացուցիչների եւ այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում, որոնց վստահում են»:

Այնուհետեւ նա դիմեց ՀՀԿ-ին՝ «Չեն հրավիրելու ձեզ հանդիպման Սփյուռքի մեր հայրենակիցները, որովհետեւ նրանք փախել են ձեր վարած քաղաքականությունից»:

Անդրադառնալով Շրջանառության հարկի մասին օրենքին՝ նա ասաց, որ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ այլ կրքերը հանդարտեցնելու ոչ արդյունավետ ճանապարհ. «Փոքր ու միջին բիզեսմեններին դարձնում եք հարկային գործակալներ, հարկային գործ տվողներ՝ խոշորներին հայտնաբերելու: ՀՀ իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այդ խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, շատ լավ գիտեն, թե մաքսակետերում այդ խոշորների այս կամ այն ապրանքը չգիտես ինչ հրաշքով հանկարծ տրանսֆորմացվում է այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը տարրալուծվեն եւ նվազեն: Մենք ունենք այնպիսի իշխանություններ, որոնք տիրապետում են այդ տնտեսվարողներին, անուն առ անուն ճանաչում են բոլորին, գիտեն, թե ինչպիսի մախինացիաներով են զբաղված հենց իշխանությունների համաձայնությամբ եւ թողտվությամբ: Որովհետեւ ընտրությունները պարբերաբար կրկնվելու ավանդույթ ունեն, առաջիկայում գալու են ընտրություններ,եւ այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու՝ ընտրություններ կեղծելու համար»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ քննարկել են իրենց առաջարկած նախագիծը ՀՀԿ-ի հետ, որը լուծում կլինի հարցին. «Եկանք կոնստրուկտիվ համաձայնության, որ երկշաբաթյա ժամկետում կկարողանանք մեր օրենքի նախագիծը հաջորդ քառօրյայում բերել խորհրդարան եւ քննարկել»:

Լսելով Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «շատ նրբանկատորեն» ակնարկ արեց հայտնի խոշոր գործարարին՝ ասելով. «Երբ ասում ենք խոշորներ՝ բոլորին է վերաբերում: Շատ խոշորներ շատ ազնիվ են աշխատում, եւ մենք տեղյակ ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728