Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյանը՝ ՓՄՁ-ներին. «Մեկն ասում է՝ գնա սպանի, մեկը սպանում է. երկուսն էլ մեղավոր են, չէ՞»

Փետրվար 03,2015 13:56

ԱԺ նիստում «Շրջանառության մասին» օրենքի փաստաթղթավորման պարտադիր պահանջի կասեցման մասին դրույթի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց՝ «Կարո՞ղ եք ասել ստվերի համամասնությունը ինչպիսին է, 20 տոկոսը ՓՄՁ-ներն են, ասենք, 80 տոկոսը խոշորը: Այդ մոտավոր գնահատականը կարո՞ղ եք տալ»:

Նա նաեւ հետաքրքրվեց՝ եթե սա տարբերակ է ստվերից խոշորներին հանելու, չե՞ք կարծում, որ դրա համար շատ ավելի արդյունավետ մեխանիզմներ կան, թող մաքսային հսկողությունը շատ ավելի նորմալ լինի:

Վարդան Այվազյանը պատասխանեց, որ շրջանառության 99 տոկոսը խոշորի մոտ է, եւ ստվերն էլ պետք է, բնականաբար, խոշորի մոտ լինի: Բայց, նրա բացատրելով, խոշորն իր ապրանքը իրացնում է մանրի միջոցով, այդ ապրանքը շղթայով գալիս հասնում է սպառողին, եւ օղակի ծայրից բռնելով՝ ուզում են հասնել խոշորին:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր ելույթում վստահեցրեց, որ սխալ ծայրից են գալիս: Հեղինե Բիշարյանն էլ կոչ արեց, որ հոտած ձկան գլխից բռնեն, ոչ թե պոչից:

Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ «Ինչքան հասկացա, համարում եք, որ առյուծի բաժինը վերեւն է, մեծն է պահում: Փոքրի ստվերն ուզում եք բացահայտել, որ կարողանաք վերեւինը բացահայտել: Եթե այդպես է, եթե գործեր հարկային-մաքսային հստակ օրենք խոշորների համար, ընդհանրապես պե՞տք էր ՓՄՁ-երի հետեւից ընկնել: Ստացվում է, որ փաստաթղթավորումը միակ միջո՞ցն է, թե՞ քաղաքական կամքի բացակայությունը սկսում եք փոխհատուցել փոքրերին ճնշելով»:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Մեկն ասում է՝ գնա սպանի, մեկը սպանում է: Երկուսն էլ մեղավոր են, չէ՞: Եթե իդեալական վիճակ լիներ, կասեինք՝ հարկային տեսչություն պետք չի, թող հարկերը բերեն մուծեն: Մեխանիզմ է պետք, բոլորովս միասին նստենք որոշենք: Եթե վաղը մի խոշորի շրջանառությունը  1 մլրդ լինի, բայց ցույց տվեց 58 մլն, հավատալո՞ւ եք: Չեք հավատալու նրան, դրա համար մեխանիզմ է պետք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728