Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Իշխանությունները կարող են կրակել և’ ապրիլի 24-ին, և’ ապրիլի 25-ին, և’ մարտի 1-ին»

Փետրվար 03,2015 13:42

«Ուժային կառույցները այս ամենը նախօրոք ծրագրել էին, սա հանգամանքների բերումով չէր կատարված»,- այսօր «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելու միջադեպին, այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը:

Նա նշեց, թե վերջին տարիներին՝ հատկապես 100 դրամների շարժման գործունեությունից ի վեր բռնություններ են կիրառվում ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքականությունից հեռու, բայց իշխանությանը դեմ գործող երիտասարդների նկատմամբ:

Ըստ Վարդան Հարությունյանի՝ կարծես ՀՀ-ում գործում է փոքրիկ մի շտաբ՝ իշխանությունների կողմից ստեղծված, որը հենց այդ գործողություններն է ծրագրում: Դառնալով Բերձորում կատարվածին՝ պարոն Հարությունյանն իր վրդովմունքը հայտնեց. «Որևէ երկրում, անգամ այն երկրներում, որտեղ կա գնդակահարություն, չկա օրենք, համաձայն որի՝ կարող է ոստիկանություն փակել ավտոմեքենաների ճանապարհը և այնուհետև ջարդուփշուր անել դրանք: Աշխարհի ամենաբարբարոս երկրներում անգամ, որտեղ մարդկանց գնդակահարում են, նրանց նյութական վնաս չեն պատճառում: Բայց ցուցադրաբար մարդկանց գույքը ջարդել, դա աննորմալ է»: Մեկնաբանելով ԼՂՀ ոստիկանության տարածած հայտարարությունը, Վարդան Հարությունյանը նկատեց. «Այդ հայտարարությամբ ոստիկանությունն իր վրա պատասխանատվություն վերցրեց: Եթե նույնիսկ սադրիչներ կամ հանցագործներ կան, ինչպես նշված էր այդ հայտարարության մեջ, ապա ոստիկանության դերը, նպատակն ու գոյության իմաստն այն է, որ նախականխեն դա, այլ ոչ թե ավելի ծանր հանցագործություն գործեն: Իսկ նրանք գործել են քրեական աշխարհին հարիր գործելաոճով»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը կատարվածի առիթով ասաց. «Միանշանակ քրեական գործեր պիտի հարուցվեն ՀՀ-ում, քանի որ ՀՀ քաղաքացիների դեմ է կատարվել, և Ղարաբաղի իշխանությունների հետ համատեղ պետք է քննություն կատարվի»: Դատապարտելով կատարվածը՝ Արտակ Կիրակոսյանը դեմ է «Հիմնադիր խորհրդարանի»՝ ապրիլի 24-ը առանց ռեժիմին մոտեցմանը. «Հասարակությունը և այն մարդիկ, որոնք քաղաքական դաշտում են ներգրավված, պետք է ինչ որ ձևով արձագանքեն իմ կարծիքով անհեթեթ կամ մեղմ ասած ոչ խելացի պնդումներին, ինչպես ապրիլի 24-ը առանց ռեժիմի և այլն: Այն բանը, որ դրվում է, թե ապրիլին իշխանությունները զբաղված են լինելու և կգնանք կգրավենք իշխանությունը, մեղմ ասած անհեթեթություն է: Այս երկիրը բազում խնդիրներ ունի, բայց տոտալիտար երկիր չէ ու դրանից ելնելով՝ կիսաահաբեկչական այդ կոչերը, թե կգնանք կմեռնենք, զոհեր կտանք, պիտի դատապարտելի լինեն ոչ թե քրեորեն, այլ ինչպես ես եմ ասում, դատապարտվեն հասարակության կողմից»:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը հակադարձեց. «Ասվել է, որ ռեժիմը հյուրերի և համաշխարհային տեսախցիկների առկայության ներքո ամենայն հավանականությամբ չի կրակի ժողովրդի վրա, մենք մարտի 1 ենք տեսել»:

Վարդան Հարությունյանը կարծում է, որ այս ամենի հիմքը քաղաքացիների իրավազուրկ լինելն է. «Կազմակերպիչները չեն ասում ապրիլի 24-ին առանց ռեժիմի, այլ ասում են ապրիլի 24-ը առանց ռեժիմի: Գուցե իշխանափոխություն վա՞ղն են անում: Բայց ծիծաղելի են իշխանությունների զբաղվածության մասին հայտարարությունները, քանի որ իշխանությունները միշտ են զբաղված, բայց կրակելու համար ժամանակ միշտ ունեն. իշխանությունները կարող են կրակել և’ ապրիլի 24-ին, և’ ապրիլի 25-ին, և’ մարտի 1-ին»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728