Անտանելի շոգը խեղդում էր քաղաքը: Տղայի քունը չէր տանում: Պառկել էր մահճակալին, աչքերը հառել առաստաղին հազիվ նշմարվող սև կետին ու լարված մտածում Նրա մասին: Մտովի բակ էր դուրս գալիս, նստում աստիճանների վրա ու նայում երկնքում առկայծող աստղերին, տխրում, որ լուսինը երկնակամարում չի երևում: Նա էլ չի երևում իր պատուհանից: Գուցե Նա հիմա խաղաղ քնած է իր փափուկ անկողնում կամ Իր նման մտովի դեգերում է երկնքի կապույտ տարածություններում:
Իսկ սենյակում լռություն էր, հեղձուկ օդ:
Նա դանդաղորեն բակ դուրս եկավ, նստեց աստիճանների վրա և սպասեց, որ Նա էլ դուրս գա, ու Իրենց հայացքները իրար հանդիպեն, որպեսզի իր երազածը իրականություն դառնա: Բայց, ավա¯ղ, Նա դուրս չեկավ, ու նա երկար սպասելուց հետո սենյակ վերադարձավ, նորից պառկեց անշուք մահճակալին և ընկավ հիշողությունների գիրկը:
Երեկ Դու անհոգ նայում էր Քո բաց պատուհանից և կարմիր շուրթերիդ մեջ բռնած` շուռ ու մուռ էր տալիս վառ կարմիր վարդը: Բայց Քո արածին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրանից բացի: Դու ուզում էիր նրան ասել. «Տես` Ես ինչքա¯ն գեղեցիկ եմ, սիրում եմ ծաղիկներ, ինքս կոկոն ծաղիկ եմ, իսկ Դու` չորուկ ծառ»: Նա հասկացավ ակնարկդ, դուրս եկավ բակ, որ ավելի լավ համեմատես Նրան ու Քեզ: Վարդը շա¯տ կարմիր էր ու ձուլվել էր կարմիր շուրթերիդ: Երբ նորից տուն մտավ ու նայեց Քո պատուհանին ու ոչ վարդը կար, ոչ էլ` Դու:
Կարդացեք նաև
Հետո դուրս եկար բակ, ջուր ցողեցիր գետնին, ավլեցիր այն, իսկ շուրթերիդ արանքից անհետացել էր այն կարմիր վարդը, որի վրա դրոշմվել էր Նրա վառվող հայացքը: Արդյո՞ք, Դու վարդը դրեցիր բաժակի մեջ, որպեսզի Նրա վառվող հայացքը պահպանես վարդի թերթերին, թե այն աղբարկղ նետեցիր` Նրա հայացքը ոչնչացնելու համար:
Այսօր կրկին Նա նայում էր Քո պատուհանին: Դու չկայիր, չէիր հայտնվում: Նա անհամբեր սպասում էր Քո պատուհանի բացվելուն, ինչպես ամեն օր նույն ժամին, նույն հուզմունքով, հոգու նույն թրթիռով, որ Դու հիմա կերևաս, դեն կհրես Ձեզ բաժանող պատուհանի ծանր վարագույրը, բաց կանես պատուհանդ, գողտրիկ, վախկոտ հայացքով կնայես դես ու դեն, իբր թե հենց այնպես: Բայց Նա գիտի, որ Դու ուզում ես, որ Ինքը Քեզ նայի ու հիանա:
Վերջապես բացվեց Քո պատուհանը, և մեկը դուրս նայեց այնտեղից, բայց այդ Դու չէիր, այլ մայրդ էր, որը այդ ժամին պատահաբար բացել էր Քո պատուհանը:
Ես հուսահատ դուրս եկա տանից: Հանկարծ բացվեց Ձեր տան դուռը և այնտեղից դուրս եկար Դու: Նրա և Քո հայացքները հանդիպեցին իրար Ձերերկուսի դռների միջև: Դուք հանդիպեցինք Նրա և Քո դռների միջև, բայց Դու հերարձակ չէիր, ինչպես միշտ:
Նա քեզ առաջին անգամ տեսավ գլխաշորով: Գ լ խ ա շ ո ր ո վ: Ինչպիսի~ կանացիություն, ինչպիսի~ առաքինություն, ինչպիսի~ նազանք կար Քո շարժումներում: Բայց չէ որ երեկ դու փոքրիկ աղջնակ էիր: Ե՞րբ այսքան մեծացար: Հիմա գլխաշորով ես, հասուն, կանացի, հրապուրիչ: Դու երևացիր ձեր դռների մոտ առանց խիտ, առատ մազերդ թափված հոլանի ուսերիդ: Նրանք թաքնվել էին գլխաշորիդ տակ: Ու հանկարծ Նրան պատկերվեց ապագա կինը` ճերմակ ոտքերին` կապույտ հողաթափեր, հագին՝ մեջքը ամուր գրկած վառ կարմիր խալաթ, գլխին` կապույտ գլխաշոր…
Բայց դու կարմիր գլխաշորով էիր ու նազանքով սկսեցիր լվանալ Քո պատուհանի իբր թե կեղտոտ ապակիները…
Ի՜նչ, հիասքանչ ներկայացում էր: Դու ուզում էիր, որ Նա Քեզ տեսնի ու հիանա Քեզնով, Նա էլ էր ուզում, որ Քեզ տեսնի ու հիանա Քեզնով: Դուք այսօր իրականում հասկացաք, որ Նա Քոնը չի, որ Դու էլ` իրականում Նրանը չես…
Տանջալի, շոգ գիշեր էր, և Նա լարում էր երևակայությունը, թափառում պատրանքների ծովում:
Ահա կանաչ դաշտը, ծաղիկները, ծառերն ու հավքերը, որոնք քնել են, իսկ մեղմիկ քամին նրանց օրորում ու երգ է շշնջում, իսկ իրենք մտովի դուրս են գալիս այս խեղդող քաղաքից` թողնելով աղմուկը, վեճերը, խանդը, կյանքի խելահեղ ընթացքը:
Այնտեղ անդորր է, քար լռություն: Դեղնած լուսինը, դանդաղ սահելով, լուսավորում է Երկիր մոլորակը: Ամենուր ծաղիկներ, ծաղիկներ, հազարագույն, հազարաբույր ծաղիկներ, որոնց բույրը, թարմ օդի շնչով բռնել է ողջ տիեզերքը:
Կուրծը պայթում է երջանկությունից: Նա բռնել է Քո ձեռքը, ձախ ձեռքը, որը ավելի մոտ է Քո սիրով բաբախող սրտին: Լսում է սրտիդ կանոնավոր տրոփյունը, որ թիկ-թակ է անում, ինչպես նոր սարքած ոսկյա ժամացույցը ու կարծես ասում է` սիրում եմ, սիրում եմ: Հեռվից լսվում է սրնգի դյութիչ նվագը, Կոմիտաս են նվագում: Իսկ ո՞վ է նվագողը, չգիտեմ: Լռություն է, սև-մութ գիշեր, պաղ լուսինը դանդաղորեն հաղթահարում է համատարած մթությունը և նրան դարձնում դեղին-դեղին: Դուք քայլում եք աներևույթ տարածության մեջ: Ու՞ր եք գնում: Միևնույնը չէ՞, թե ուր: Չէ որ Դուք միասին եք, թեկուզ գնաք աշխարհի ծայրը:
Նա գրկում է Քո բարակ, նազելի մեջքը և տանում հեռու~-հեռու~, իսկ սիրտ մաշող երաժշտությունը շարունակվում է: Կանաչ մարգագետինը վերջանում է, և Ձեր առջև բացվում է խոր ու մութ կիրճը: Դուք կիրճով ներքև եք սահում թեթևորեն: Նորից ծաղիկներ, ծառեր, կանաչ, գորշ ու հսկա քարեր: Դու ծիծաղում ես ու փախչում հեռու-հեռու, և Նրան թվում է, թե երջանկությունից խելագարվել ես: Փորձում է վազել, բռնել քեզ, գրկել, բայց ինքդ ես ետ դառնում ու փարվում Նրա կրծքին: Դուք նստում եք հսկա քարի մոտ: Նա Ձեզ է նայում սև-գորշագույն հայացքով, իսկ ներքևում հոսում է վարարած գետը` դեպի երկինք տարածելով խիտ, սպիտակ մառախուղը: Նա զգում է սրտիդ արագ բաբախյունը, գրկում է Քեզ ուժեղ և պինդ, տաք համբույրներ ցողում Քո այրվող շուրթերին, այտերին, աչքերին, պարանոցին…
Նա շտապում է կյանքից վերցնել այն հրաշալին, որը տրված է Քեզ բնության կողմից, վախենում է, որ այս պահը էլ երբեք չի կրկնվի: Չգիտի` Դու արդյո՞ք սիրում ես իրեն, թե այս մեկ անգամն էր, որ շնորհ արեցիր նրան այցելել մտովի: Դու էլ, գուցե զգալով պահի անկրկնելիությունը, փարվում ես Նրան ու գգվանքով շոյում Նրա հոգնած աչքերը: Հետո Դու ինչպես երաժշտություն, ինչպես մեղմիկ զեփյուռ սահում, անէանում ես դատարկ տարածության մեջ:
Լուսաբացը ուրախ դիմավորում է Ձեզ: Պայծառ արև, կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ: Օ~հ, աստվա~ծ իմ, ի՜նչ երջանիկ պահ է: Դու նորից ժպտալով գգվում ես Նրան, իսկ արևը դանդաղ ու ծանրաքայլ բարձրանում է հորիզոնից վեր` աչքով անելով Ձեզ:
Տղան արթնանում է երազ-պատրանքներից, իրականում նստում գրասեղանի առաջ ու շարունակում գրվելիք նամակը, որը երբևէ չի ուղարկելու Քեզ:
«Ես սիրում եմ Քեզ ու երջանիկ եմ, բայց չգիտեմ` Դու Ինձ սիրու՞մ ես, թե՞ ոչ: Գուցե այս ամենը լոկ պատրանք է, բայց հուսով եմ, որ անպայման կհաղթահարեմ հոգեկան ծանր ապրումների այս ճգնաժամը: Ես բարի եմ Քո նկատմամբ, ծանոթ եմ սիրո խարդավանքին: Ես քեզ առաջարկություն չեմ արել, Դու Ինձ չես մերժել: Իմ սերը թող այդպես էլ բոլորին անհայտ մնա: Ես հիմա նամակ եմ գրում, Դու ինչ-որ շոր ես կարում մեքենայով, որի միալար բզզոցը գիշերվա խոր լռության մեջ արձագանքում է իմ ականջներում: Մերթընդմերթ նայում ես Իմ պատուհանին` կարծես ակնարկելով, թե Դու էլ քնած չես: Իսկ եթե հիմա Ես և Դու դուրս գանք տանից ու հանդիպենք գիշերվա անդորրի մեջ, ինչ հրաշալի սիմֆոնիա կստացվի: Բայց Ես համոզված եմ, որ Դու դուրս չես գա տանից, և այդ պատճառով Ես էլ դուրս չեմ գալիս, և Մենք, ավա¯ղ, չենք հանդիպի: Դու կարելը վերջացրիր և հիմա գիրք ես թերթում` վարսերիդ հետ անփույթ խաղալով, հետո կտրուկ շարժումով վեր ես կենում, հանգցնում սենյակիդ լույսը, որը արտացոլվում է պատուհանիդ ապակիների վրա: Մարում է նաև Իմ վերջին ցնորական հույսը, երբ հայացքս իջնում է Քո պատուհանին: Երևի նյարդերդ չեն դիմանում այս խաղին: Իսկ Իմ պատուհանի լույսը դեռ երկար վառ է մնում, քանի որ Քեզ նամակ եմ գրում, ու միտքս համառորեն ճամփա է փնտրում` Քո պատուհանի ճաղերի արանքից ներս թափանցելու, ջերմորեն Քեզ սեղմելու կրծքիս ու համբուրելու համառ շուրթերդ: Ես այսօր հաղթեցի, Դու չդիմացար և Ինձանից շուտ մարեցիր պատուհանիդ լույսը: Երեկ Դու չկայիր, և Քո պատուհանը անշուք ու դատարկ էր: Ու՞ր էիր գնացել, այդպես էլ չիմացա: Հիմա Ինձ բռնեցի այն մտքի վրա, որ անհունորեն սիրում եմ Քեզ: Իսկ ի՞նչ բան է Իմ այդ սերը: Ինձ համար սերը այն զգացումն է, որ ամենուրեք և ամեն տեղ ուզում եմ Քեզ տեսնել, նույնիսկ Լուսնի վրա, լուսաստղի վրա, հարդագողի ճամփեքի վրա: Քեզ հիմա երկար նամակ եմ գրում, որը երբեք չեմ ուղարկելու:
Տիեզերական Ժամանակը դանդաղորեն սահում է գալիք ու անցնող օրերի վրայով, և Մենք, ապրելով երկրի վրա Մեզ շնորհված կարճատև կյանքը, մտքով գնում ենք դեպի տիեզերական հեռուները` հաճախ առանց մեկս մյուսին հաղորդելու մեր անաղարտ և ճշմարիտ սիրո մասին: Դու իմը չես,-ասում է ներքին ձայնս: Լաց լինելու չափ հուսահատ եմ, բայց սպասում եմ: Մենք իրար չհանդիպեցինք, Մենք իրար համար չէինք ստեղծված: Կյանքը սարսափելի փոփոխական է, մեկը վազում է նրա ետևից, մյուսը` ալիքների վրա կոհակվում` իրեն հանձնած աստծո ողորմածությանը, հաջորդը սուզվել է ծովի հատակը` մարգարիտներ որոնելու, իսկ այս մեկը դառը հաբեր է կուլ տալիս, այն մեկն էլ սողում է հանդարտ, իսկ սա վերջնականապես ուշացել է, այս մյուսը սայթաքել, ընկել է ու նորից վեր կենալ է փորձում` չընկնելու ակնկալիքով, լպրծուն կյանքը փախչում է նրա ոտքերի տակից, սա էլ կխեղդվի ալիքների հորձանուտում կամ եթե բախտը ժպտա, կփրկվի` նոր ալիքի վրա բարձրանալու հույսով: Իսկ ես հիմա նման եմ այն հեռագրասյունին, որը ձմեռվա բուքին իր վրա է պահում սառցապատ էլեկտրալարերի խուրձը ու միալար դզզում, օրորվում է սառը քամուց: Այդպիսին է կյանքը` իր բոլոր հանելուկներով: Շատերն ապրում են միայն իրենց համար: Ես ապրում եմ ինձ և բոլորի համար` նրանց օգտակար լինելու ակնկալիքով: Սա է իմ կյանքի նշանաբանը և նպատակը: Ինձ լույս է հարկավոր, միայն լույս, կորչի մթությունը, լուսաբացը մոտենում է, ահա և վերջ»:
ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ