«Ցնցված եմ տեղի ունեցածից, որովհետեւ անհամարժեք էր, առողջ բանականության մեջ տեղ չի անում»,- փետրվարի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բերձորում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամներին ծեծի ենթարկելուն` ասաց ԳԱԱ գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանը:
Նրա կարծիքով՝ հոգեբանորեն համայն հայության համար կարեւոր կլինի, որ Արցախի իշխանությունները ներողություն խնդրեն կատարվածի համար: Սակայն նա անընդունելի է համարում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության բողոքի ակցիան. «Ի՞նչ է նշանակում «100-ամյակն առանց ռեժիմի», անիմաստ է Հայոց ցեղասպանությունը իշխանությունների հետ կապելը: Օրինակ՝ եթե մեկն ասեր «100-ամյակը Հանրապետական կուսակցության հետ», ես նույնպես կասեի՝ անհեթեթ է»:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, որ պետք է հասկանալ, որ ընդհանուր են Հայաստանի եւ Արցախի պաշտպանական եւ տնտեսական խնդիրները. «Եթե մենք ընդհանրացրել ենք մեր պաշտպանական եւ տնտեսական հարցերը արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ մենք ընդհանրացրել ենք մեր ներքաղաքական խնդիրները, եւ արդյոք դա չի նշանակո՞ւմ, որ մենք իրավունք ունենք ներքաղաքական հաշվետվություն պահանջել մեր հայկական տիրույթի բոլոր մակարդակներում»:
Անուշ Սեդրակյանի խոսքերով՝ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության ավտոերթը ո՛չ ռազմական երթ էր, ո՛չ քաղաքական հեղաշրջման փորձ էր, ընդամենը երթ էր, որը եթե անտեսվեր, ապա այդ թեմայով ասուլիսը տեղի չէր ունենա. «Ավտոերթը հանգիստ կարող էր անտեսվել, լոյալ վերաբերմունք կարող էր ցուցաբերել այդ երթի հանդեպ: Արցախցիներին տեղից շարժելու համար առնվազն 700 երթ էր պետք: Երբեւէ պետք չէ ասել, որ Ղարաբաղի ոստիկանները ջարդեցին երթը, ոստիկանները ջարդել էին Գյումրու ինքնաբուխ հավաքները, ոստիկանները Ռուսաստանի դեսպանատան մոտ ջարդում էին Երեւանի երթը: Մենք հասկանում ենք, որ աշխատում է ոստիկանական համակարգը»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ