Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը մատնացույց է անում Սամվել Ալեքսանյանին. «Խոշորի տեղը գիտենք, բերողին գիտենք, ի՞նչ ենք ընկել այդ փոքրի ջանը»

Փետրվար 03,2015 13:09

Այս պահին ԱԺ նիստում շարունակվում է «Շրջանառության հարկի» մասին «չարչրկված» օրենքի նախագիծը, որով հիմա էլ առաջարկվում է փաստաթղթավորման պարտադիր պահանջը հետաձգել մինչեւ հուլիսի 1-ը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանին հարցրեց՝ ձեր քաղաքական կամքի դրսեւորումը միայն ՓՄՁ-ների հարցո՞ւմ է. «Կամքի դրսեւորումը քաղաքական պետք է լինի, մենք պետք է կանգ առնենք: Երեկ միտինգավորները այստեղ էին, զրուցել եմ իրենց հետ երկար ժամանակ, նրանք ասում էին, որ ոչ միայն խոշորը, այլեւ չինովնիկները, բազմաթիվ մարդիկ հենց ստվերային դաշտում աշխատում են, մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենք անում ու այդ մարդիկ մեզնից պահանջում են, որ մենք ստվերից դուրս աշխատենք: Կամքի դրսեւորումը ո՞ւմ կողմից է պետք ՝ՓՄՁ-ների՞: Ասում են՝ ձուկը գլխից է հոտում: Եթե այդպես է, մենք հիմա խոսում ենք պոչի մասին»:

Հեղինե Բիշարյանը հորդորեց թույլ տալ ՓՄՁ-ներին աշխատել 3.5 տոկոսով, ոչ թե ժամանակ առ ժամանակ թատրոն տալ ու հետաձգել փաստաթղթավորման պահանջը. «Դա զավեշտի է վերածվել, ազդում է ԱԺ հեղինակության վրա: Մենք 2-3 ամսվա համար օրենք ենք ընդունում՝ գործող, հաստատ օրենքը չգործելու համար: Կամքի դրսեւորումը որտե՞ղ, ո՞ր օղակներում եւ ո՞վ պետք է թույլ տա»:

Վարդան Այվազյանը պատասխանեց. «Քաղաքական կամքը նրա մեջ է, որ մենք ասում ենք՝ 58 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ներին եկեք տրամադրենք հարկային արտոնություն: Եթե մենք կարողանում ենք ֆիքսել 58 մլն, դրանից ավելը պետք է հարկ վճարի: Ցանկացած տնտեսվարող պարտավոր է հարկ վճարել: Կամքը սրա մեջ է, մնացածը մեխանիզմն է: Ասում եք՝ թող տան 3.5 տոկոս, բայց ինչի՞ են հրաժարվում 1 տոկոսից, այդ ի՞նչ է տեղի ունեցել, որ ասում ես 1 տոկոս վճարիր, ասում է՝ չէ, պատրաստ եմ անգամ 5 տոկոս վճարելու: Ինչի՞ համար, դուք ձեզ հարց տվե՞լ եք»:

Հեղինե Բիշարյանը, ի պատասխան հիշեցրեց շաքարավազի բիզնեսը՝ հայտնի բիզնեսմենով. «Խոշորի տեղը գիտենք, քանակը գիտենք, բերողին գիտենք, ի՞նչ ենք ընկել այդ փոքրի ջանը: Մարդիկ պատրաստ են իրենց կնիքները հանձնեն, երկրից գնան, է՞դ եք ուզում: Եկեք դե որ այդպեսէ, այդքան ուժեղ կամք ունեք, խոշորի ցանկը բոլորս գիտենք ովքեր են ներկրում եւ ինչ արտոնություններով են ներկրում: Կամքը այստեղ պետք է դրսեւորենք՝ գնանք, բերենք, ցանկը հանենք եւ չընկնենք այս խեղճուկրակ ժողովրդի ջանը»:

Վարդան Այվազյանն էլ արձագանքեց. «Տիկին Բիշարյան, մենք գիտենք, որ դուք գիտեք, ուղղակի չեք հայտնում, գործ տալու խնդիր կա: Խոսքը շաքարավազի մասին չի, շաքարավազը հստակ ամրագրված է, անցնում է սահմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728