«Ինձ համար անհասկանալի է կարգախոսը, որով առաջնորդվում են ընկերները»,- փետրվարի 3-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բերձորում «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության անդամներին ծեծի ենթարկելուն, ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը:
Նրա կարծիքով՝ տեղի է ունեցել սադրանք: Սուքիաս Ավետիսյանն ընդգծեց, որ երբ Հայաստանի ներսում քաղաքական ակտիվություն է գրանցվում, դրան զուգահեռ Հայաստան-Ադրբեջան սահմանում ակտիվանում է նաեւ ադրբեջանական կողմը. «Արցախն այն տեղը չէ, որ իրենք պետք է գնային իրենց քաղաքական ակցիան իրականացնելու համար»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը համաձայնեց Սուքիաս Ավետիսյանի վերջին դիտարկմանը: Նա հավելեց, որ համաձայն չէ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության գործողություններին. «Բողոքը կարելի էր Հայաստանում իրականացնել, որովհետեւ Արցախը հիմա այն յուրահատուկ տեղն է, որտեղ լրիվ այլ իրավիճակ է, եւ ձեւավորել այնտեղ այդպիսի շարժում՝ անհասկանալի է: Բայց ես բացարձակապես չեմ կարող հասկանալ, թե ինչքան կարելի է այսպես վարվել մարդկանց հետ: Մենք պետություն ենք ուզում ստեղծե՞լ, թե՞ ինչ ենք անում: Ինչպե՞ս կարելի է օրը ցերեկով մարդկանց ծեծել, առավել եւս այն դեպքում, երբ նրանք հետ են գալիս: Դժվա՞ր էր կանգեցնել նույն Գորիսից դուրս եկող ճանապարհին եւ ասել՝ արտոնված չէ Արցախ ձեր երթը, հետ գնացե՛ք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Արամ Սարգսյանի խոսքերով՝ Բերձորի դեպքը տեղի է ունեցել, քանի որ ամեն անգամ այդպիսի դեպքերը մնում են անպատիժ. «Սա շղթա է: Եկե՛ք, տեսե՛ք՝ ինչով սկսվեց այս տարին, առաջինը գողական հավաքը՝ սա խայտառակություն էր ամբողջ հանրապետության համար, տեսե՛ք ադրբեջանական մամուլն ինչքան էր հրճված այս փաստով, Գյումրիի դեպքերի հետ կապված նույնպես մեր իրավապահ մարմինների դերը անհասկանալի մնաց, հիմա էլ՝ ինստիտուտում դաժան սպանությունը: Պետք է սթափվենք: Նեղանո՞ւմ ենք, որ այդպիսի կարգախոս ունեն. Ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը իշխանության փոփոխության հետ, դրանո՞վ եք պայմանավորում, գնացե՛ք ուրիշ գործողություններ կատարեք, բայց այս շղթան պետք է կասեցվի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ