Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հետաքրքիր չէ՝ Բերձորում ով ում է ծեծել». ՀՀԿ պատգամավոր

Փետրվար 03,2015 12:12

Ծագումով արցախցի ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ու համակիրներին Արցախից «քշելու» ու ծեծելու դեպքը չի շտապում քննադատել: Կատարվածի մասին էլ միայն վերացական դատողություններ է անում:

«Ընդհանրապես, երբ պետությունը ունենում է ճակատագրական պահեր, համազգային պատասխանատվության պահեր, նման բոլոր փորձերը՝ իշխանափոխություն, Ղարաբաղ գնալ, էնտեղ փորձել ինչ-որ բաներ անել՝ ես մերժում եմ: Կարծում եմ, որ մեր Եղեռնի 100 ամյակի առիթով, բոլոր քաղաքական ուժերը պետք է քաղաքական գործունեության «զինադադար» հայտարարեն: Աշխարհին ցույց տանք, որ համազգային խնդիրները լուծելու ժամանակ միասնական ենք, ինչպես Արցախյան գոյամարտի ժամանակ ապացուցեցինք, միասնությունը միայն հաղթանակ է բերում»,- Aravot.am-ին ասաց պատգամավորը:

Hamlet_Harutyunyan

Մեր հարցին՝ ՀՀ ազատ քաղաքացիներն ազատ Արցախում չէի՞ն կարող իրենց ցույցն անցկացնել ու իրենց ասելիքն ասել, պատգամավորը շարունակեց. «Իմ մեկնաբանությունն արդեն արեցի: Մնացած հարցերի մանրամասնության մեջ չեմ կարող մտնել, իմ դիրքորոշումն արդեն արտահայտեցի: Էդ բոլոր սահմանադրական իրավունքները թողնենք ապրիլի 24-ից հետո, ի՞նչ է՝ չի՞ ստացվի: Մնացած բաներն ինձ հետաքրքիր չեն՝ Բերձորում ով ում է ծեծել, գնացել են, սահմանադրական իրավունք ունեն, թե չունեն: Այդ խնդիրն ինձ չի հետաքրքրում: Սահմանային լարվածության այս պահին, երբ թշնամին էգուց մյուս օրը կարող է մեզ վրա հարձակվել, ինչ-որ ցույցեր, միտինգներ սարքել Ղարաբաղում, իհարկե, սխալ է»:

Մեր հարցին՝ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ծեծելով քշելը ՀՀ ու ԼՂՀ իշխանությունների պայմանավորվածության արդյո՞ւնք էր, պատգամավորը շարունակեց. «Ես հավատարիմ եմ մնում իմ կրեդոյին, ձեր հարցին չեմ պատասխանում: Կպատասխանեմ այդ հարցին ապրիլի 24-ից հետո»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Հայ ժողովուրդը եւ նրա ղեկավարութիւնը մի օր պիտի հասկանան, որ ՕՐԷՆՔՆ ամէն ինչից վեր է:

    Սա արդէն երկրորդ պատգամաւորն է, որ արտայայտում է անհեթեթ միտքն առ այն, թէ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին բարոյական չէ եւ այլն այլն:

    Սա ապացուցում է, որ տակաւին չենք ըմբռնել Ցեղասպանութեան դասը, խորհուրդը:

    ԵՐԿՐՈՒՄ ՕՐԷՆՔ Է ԽԱԽՏՈՒԵԼ ՎԱՅՐԱԳ ԵՒ ԿՈՊՏԱԳՈՅՆ ՁԵՒՈՎ: Աւելին, դրա հեղինակը ՈՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆՆ Է:

    Ուստի, գրողի ծոցը Ցեղասպանութեան 100 կամ թէկուզ 1000-ամեայ տարելիցը: Իմ երկրում օրէնք է խախտուել, բարի՛ եղիր պատժել, որ յետագայում դա ՉԿՐԿՆՈՒԻ: Եթէ հրաշքով նահատակները կենդանանային, նրանք առաջինը պիտի պահանջէին պատժել բռնութիւնը:

    Որովհետեւ պայմանը նոյն է երէկ, այսօր եւ վաղը: ՅԱՆՑԱՆՔԸ ՊԻՏԻ ՊԱՏԺՈՒԻ, այլապէս կրկնուելու է:

    Աստուած Մովսէսի ձեռքով ՕՐԷՆՔ տուեց մարդուն, որ մեղքը պատժուի: Ուստի մինչեւ ուղնուծուծը պիտի հասկանանք, որ ՕՐԷՆՔԸ ՎԵՐ Է ԱՄԷՆ ԻՆՉԻՑ:

    Աշխարհից արդարութիւն ենք պահանջում, երբ մեր իսկ երկրում արդարադատութիւնը ոտնահարւում է ՈՍՏԻԿԱՆՈՒԹԵԱՆ կողմից:

    – – – – – – –

    Սրա հետեւանքները ծանրագոյն են լինելու, եթէ համապատասխան քայլեր չձեռնարկենք:

    Ա. Շարքային հայ մարդը հայաստանցի-արցախցի տարանջատում չի անում: Եթէ այսօր նման վտանգ կայ, դրա միակ պատասխանատուն այս պահին Արցախի իշխանութիւնն է:

    Ուստի, երբ պահանջում ենք արդարադատութիւն, ծիծաղելի է դրան «հակաարցախեան» երանգ հաղորդելը:

    Գիւմրիի սպանդը, Լիսկայի վերանշանակումը ու նրա «փառահեղ» մուտքը Սիւնիք, Բերձորի ջարդը: Նշուած բոլոր դէպքերում էլ հասարակութիւնը արդարադատութիւն է պահանջում, մինչդեռ յանիրաւի (իսկ միգուցէ՝ միտումնաւոր) ներկայացնում են, թէ իբր հակառուսական, հակագիւմրիական, հակասիւնիքեան կամ հակաարցախեան տրամադրութիւններ են:

    Բ. Ծանրագոյն խնդիր ունենք նախ մեզ, ապա նաեւ միջազգային հանրութեանն ապացուցելու, որ սա արտառոց դէպք էր եւ Արցախը անշեղօրէն շարունակում է կառուցել ՕՐԷՆՔԻ երկիր:

    – – – – – – –

    Այդ իսկ պատճառով, պիտի առնուազն իրականացուեն հետեւեալ քայլերը՝

    Ա. Բակո Սահակեանը ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԵԱՄԲ դիմում է համայն հայութեանը՝ դատապարտելով արարքը եւ հայցելով մեր ներողամտութիւնը: Կրկնում եմ՝ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԵԱՄԲ, որպէսզի ձայնը լսենք:

    Բ. Յարուցել քրէական գործ եւ պաշտօնանկութիւններ:

    Գ. ՀՀ եւ ԱՀ Ազգային ժողովները, ինչպէս նաեւ ՀՀ Նախագահը դատապարտում են կատարուածը, իսկ ՀՀ իրաւապահ մարմինները ՕՐԷՆՔԻ շրջանակներում համագործակցում են Արցախի իրենց գործընկերների հետ քննելու միջադէպը:

    Դ. Բակո Սահակեանը հայութեանն ուղղուած իր ելոյթում առաջարկում է այդ կուսակցութեանը եւ բոլոր ցանկացողներին ԿՐԿՆԵԼ ԵՐԹԸ՝ դիմաւորելով նրանց Ստեփանակերտում:

    – – – – – – –

    Այսքանից յետոյ, ԵՐԲ ՕՐԷՆՔԻ ԵՒ ԻՐԱՒՈՒՆՔԻ դաշտում գործն աւարտուած է, նոր անցնում ենք հարցի ԲԱՐՈՅԱԿԱՆ մասին: Կազմակերպում ենք հանրային լայնածաւալ քննարկումներ եւ (ըստ իս) փորձում համոզել այդ կուսակցութեանը, որ նման երթերն այնքան էլ ՆՊԱՏԱԿԱՅԱՐՄԱՐ ՉԵՆ, միեւնոյն ժամանակ վստահ լինելով, որ հակառակ պարագայում Բերձորեան դէպքերն չեն կրկնուի:

    – – – – – – –

    Կ’իրականացնե՞ն ՀՀ եւ ԱՀ իշխանութեանը վերոնշեալը: Բարի, դրանից հայ հասարակութիւնը միմիայն կը շահի եւ կը հզօրանայ:

    Կ’արհամարհե՞ն: Դա կը նշանակի կտրել այն ճիւղը, որի վրայ նստած է հայութիւնը:

  2. Գալուստ Ենոքյան says:

    Սիրելի Արթուր Ղազարյան, որպես Եղեռնի զոհի իրավահաջորդ գլուխս խոնարհում եմ Ձեր առողջ ձայնի համար…այս մի երկու օրերին վրջապես կարդացի մի հոյակապ , իմաստուն Խոսք…իմ Մեծ հայրը եվ Մեղ մայրը նահատակվեցին ոչ թե թուրքի այլ անօրեն Մարդու ձեռքից …առանց իրավունքի , իրական արդարության չկա ոչ թուրք ոչ հայ…Եղեռնի 100 ամյակը խաղարկելը «կերակրատաշտի» տերերի, նրանց քծնողների կողմից… հերթական Եղեռնի նախադրյալներ է պայմանավորում…նորից շնորհակալ եմ Ձեզնից…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728