Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի 6-7-ամյա որդին ջարդուխուրդ եղած մեքենայում գոչում էր. «Փրկի’ր մեզ, Աստված»

Փետրվար 03,2015 11:52

«Հիմնադիր խորհրդարանի մոտեցմամբ՝ Արցախը Հայաստանի մի մասն է: Ուստի ինչպես այցելում էինք ՀՀ տարբեր մարզեր, այդպես էլ այցելեցինք Արցախ: Իհարկե, կար մտահոգություն, որ այսօր Արցախը կորցնում ենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ անդրադառնալով Բերձորում ավտոերթի մասնակիցներին ծեծի ենթարկելուն՝ հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը:

Նա մտահոգություն հայտնեց, թե ստեղծվում է անջրպետ երկու հասարակությունների միջև և Բերձորում կատարվածն արվեց այդ անջրպետը ավելի խորացնելու համար: Գևորգ Սաֆարյանը որպես Արցախի կորստի վկայություն նշեց. «Երբ արգելում են Արցախ մտնել Ժիրայր Սեֆիլյանին և ծեծում են նրան, սա նշանակում է, որ մենք Արցախը կորցնում ենք»:

Գևորգ Սաֆարյանը, վկայակոչելով 1988-ի «Միացում» կարգախոսը, նշեց, որ Արցախի ժողովուրդը վերամիավորման ցանկություն ուներ, բայց օտար պետությունների թելադրանքով նրան հանրաքվեով փաստի առաջ կանգնեցրին և արցախահայությանը դրեցին փաստի առաջ:

Դառնալով ՌԴ վարած քաղաքականությանը, Գևորգ Սաֆարյանն ասաց. «Այսօր ռուսական կայսրությունը ամբողջովին տիրել է ՀՀ-ին, վերցրել են ՀՀ-ից՝ ինչ կարող են: Այժմ խնդիր է դրված ԵՏՄ մտցնել Ադրբեջանին, Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու: Ադրբեջանը որոշակի վճար է պահանջելու ԵՏՄ մտնելու համար և ռուսական կայսրությունը փորձում է Արցախը հանձնել Ադրբեջանին, որ նա մտնի ԵՏՄ»:

Դառնալով Բերձորում կատարվածին՝ Գևորգը պատմեց. «Սկզբից կոռեկտ ասեցին, որ թույլ չեն տալիս, հետո սկսեցին կոպիտ ձևերով: Երբ ավտոշարասյունը շրջվեց, որ հետ գա, հետևից հարձակվեցին շարասյան վրա. ծեծեցին, ջարդեցին և այլն: Հիշում եմ մի ահավոր դրվագ, որ չեմ կարող մոռանալ: Ջարդուխուրդ եղած ավտոմեքենայի դուռը երբ բացեցի, այնտեղ կանգնած և դիմացի նստարանին գամված տեսա Ժիրայր Սեֆիլյանի փոքր՝ 6-7 տարեկան երեխային, նա անընդհատ ասում էր. «Փրկիր մեզ, Աստված»: Դրվագը շատ դաժան էր և հարյուրամյակի նախաշեմին չէի ուզենա տեսնել դրա կրկնությունը»:

Հարցին՝ ինչու՞ է տեսագրությունը մոնտաժված տարբերակով տարածվել, Գևորգ Սաֆարյանն ասաց. «Այնտեղ մոնտաժի խնդիր չկա, ինչ ունեինք՝ միացրել ենք իրար»:

Այն հակադարձումներին ի պատասխան, թե սխալ է սգո օր ապրիլի 24-ը օգտագործել «հարյուրամյակն առանց ռեժիմի» ակցիայի համար, Գևորգ Սաֆարյանն ասաց. «Մեր պատկերացմամբ՝ դա ոչ միայն սգո օր է, այլ նախևառաջ պահանջատիրության օր: Ինձ համար ծիծաղելի է նման պետության պահանջատեր լինելը. պետություն, որտեղից սեփական քաղաքացին փախչում է, երբ պարտքերի մեջ խրված է, երբ չես կարողանում արդարություն հաստատել քո փոքր պետությունում, գերտերություններից ինչ-որ բան ես պահանջելու, քեզ շան տեղ չեն դնելու»:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը, հակադրվելով Արցախը մարզ կոչելու մտքին, ասաց. «Համաձայն չեմ այն մտքի հետ, որ գոյություն չունի ԼՂՀ: Իսկապես Արցախում կան իշխանություններ և լրիվ այլ քաղաքական համակարգ: Եվ տարօրինակ են նաև այն կոչերը, թե ապրիլի 24-ին իշխանությունները զբաղված են լինելու, գնանք, իշխանություն գրավենք և այլն: Այնքան էլ խելացի միջամտություն չէր Արցախ գնալը, դա կարող է բերել առճակատման: Բայց միևնույն է, որ այդ դեպքում բացարձակ չեմ արդարացնում իշխանությունների պահվածքը: Բայց ինձ համար անշնորհքություն է կապել, օգտագործել ապրիլի 24-ը և ռեժիմի հեռացումը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728