Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՌԴ-ն իրավասու չէ դատավարություն անցկացնել

Փետրվար 03,2015 17:11

Ըստ Դավիթ Շահնազարյանի` ռուսական ռազմակայանի
ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ

Քսան օր է անցել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափելի սպանությունների օրվանից, սակայն գործի առնչությամբ հասարակությանն այսօր հայտնի է գրեթե այնքան, որքան հանցագործությունից ժամեր անց:

Հայտնի է, որ Հայաստանի ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն օրեր առաջ աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակում իրականացնել համատեղ եւ փոխհամագործակցված գործողություններ՝ քրեական գործի քննության համակողմանիությունը եւ լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ: Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն էր ձեռք բերվել ստեղծելու համակարգող մարմին:
Հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, թե տուժողների մերձավոր ազգականներից 5 անձ ճանաչվել է տուժողի իրավահաջորդ եւ հարցաքննվել՝ դեպքի առնչությամբ իրենց հայտնի հանգամանքների վերաբերյալ:

Քննության շրջանակներում ակտիվ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ են իրականացվում՝ առաջ քաշված բոլոր վարկածները համակողմանի ստուգելու, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Հարցաքննվում են մեղադրյալ Վալերի Պերմյակովի համածառայակիցները, հրամանատարական կազմը, 2015թ. հունվարի 12-ի պահակային ծառայության վերակարգի պետերը, պատասխանատուները, պահակադիրը եւ այլ անձինք: Քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված 3 հեռախոսները պատկանել են տուժողներին։ Բջջային հեռախոսի օպերատորից պահանջվել են տվյալ հեռախոսահամարների ելքային ու մուտքային հեռախոսազանգերի վերծանումները»,- նշվում էր հաղորդագրության մեջ։

«Առավոտ»-ի հետ զրույցում Հայաստանի Ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը նկատեց. «Գյումրիում կատարված զանգվածային սպանության զուտ իրավական կողմը եթե դիտարկենք, ապա պետք է արձանագրենք, որ առաջինը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանությունների գործով Ռուսաստանի Դաշնությունը իրավասու չէ դատավարություն անցկացնել: Որեւէ դատավարություն կլինի բացարձակապես անօրինական: Երկրորդ՝ Ռուսաստանն իրավասու չէ վարել Գյումրիի սպանությունների գործով նախաքննությունը՝ նույն պատճառով: Եվ երրորդ՝ քանի որ, ըստ պաշտոնական տեղեկատվությունների, Պերմյակովի նկատմամբ Հայաստան-Թուրքիա պետական սահմանը խախտելու փորձ անելու մեղադրանք չի ներկայացվել, ապա նրա ձերբակալությունը ռուս սահմանապահների կողմից եղել է անօրինական, որովհետեւ ռուս սահմանապահները իրավունք ունեն ձերբակալել միայն նման փորձի դեպքում»: Մեր զրուցակցի համոզմամբ՝ «Ռուսաստանը կարող է օրինական նախաքննություն, հետագայում դատավարություն անցկացնել, սակայն զորամասը զինված եւ անօրինական լքելու մեղադրանքով ընդամենը»:

Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մի քանի անգամ հրապարակավ խոստացավ, թե դիմելու է ՌԴ գլխավոր դատախազին՝ Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջով, սակայն մինչ այժմ որեւէ տեղեկություն չկա, թե ինչ հիմքերի պակաս կա, որոնց պատճառով Կոստանյանը չի դիմում իր ռուս գործընկերոջը:

Այնուամենայնիվ, նա կդիմի՞ ռուսական կողմին՝ հետաքրքրվեցինք պարոն Շահնազարյանից: «Ոչ, չի դիմի»,- պատասխանեց Դ. Շահնազարյանը՝ հավելելով. «Ներկայումս Ռուսաստանի հատուկ ծառայություններն են տիրապետում նախաքննության բոլոր լծակներին եւ կբեմադրեն, ինչ որ իրենց հարմար կլինի: Բայց ավելի քան վստահ եմ, որ հետագայում, երբ Ռուսաստանում փոխվի քաղաքական իրավիճակ, ինչն անխուսափելի է, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա նորից նախաքննություն անցկացնելու՝ Պերմյակովին սպանությունների համար ներկայացված մեղադրանքի հիման վրա, ընտրել խափանման միջոց՝ կալանավորում (սա հիմա են պարտավոր կատարել), եւ եթե Ռուսաստանը չհանձնի նրան Հայաստանին՝ հայտարարել միջազգային հետախուզում»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այսօր եթե զուտ իրավական տեսանկյունից գնահատենք, ապա. «Ռուսական ռազմակայանի ղեկավարությունը անօրինական կերպով է Պերմյակովին պահում իր մոտ՝ ըստ էության, նպաստելով հանցագործության կոծկմանը, եւ խոչընդոտում է Հայաստանի իրավապահների կողմից արդարադատության իրականացմանը: Այս առումով կարելի է մեղադրանք ներկայացնել նաեւ հրամանատարությանը»:

Օրերս Եռաբլուրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե գործի առնչությամբ պատասխաններն են ուշանում՝ հակադարձել էր. «Իսկ ո՞վ է ասել, որ քննությունը 15 րոպեն մեկ ձեզ հաշվետու պետք է լինի»: Այսպիսի հնչեղություն ունեցող գործի առնչությամբ ճի՞շտ է արդյոք մեր իրավապահների կողմից նման մարտավարությունը՝ հարցրինք Դավիթ Շահնազարյանին: «Աղմկահարույց հանցագործությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում նույնիսկ օնլայն ռեժիմով հանրությանը տեղեկատվություն տրամադրել, օրինակ՝ ինչպես վերջերս Փարիզում «Շառլի Էբդո»-ի խմբագրակազմի դեմ իրականացված ահաբեկչությունից հետո էր անընդհատ մանրամասն տեղեկատվություն մատուցվում: Իսկ մեր հասարակությունը մինչ այժմ տեղեկատվություն չունի: Մինչդեռ կա երկու գործոն, որոնք քաղաքականացնում են նման տիպի մեծ հնչեղություն ունեցող հանցագործությունները. երբ իրավական դաշտից դուրս է ընթանում նախաքննությունը, եւ երբ տեղեկատվության պակաս է զգացվում: Ավելացնեմ, որ ավելի քան վստահ եմ, որ մեր իրավապահներին ՌԴ-ն նվազագույն տեղեկատվություն է հատկացնում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
03.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Այո:

    Հայ (մեծ ու փոքր) պաշտոնյաները օր ու գիշեր հոխորտում են Ադրբեջանի ու «խելագար» Ալիևի դեմ. դա իրենց համար ապահով է: Բայց «բարեկամ» ռուսի դեմ ԴՈՒԽ ՉՈՒՆԵՆ (իրե՛նց աթոռների համար ապահով չէ). նույնիսկ երբ ռուսական բազայի հատուկ զինված մի ԽՈՒՄԲ մորթում է մի ամբողջ հայ ընտանիք՝ Եղեռնի 100-ամյակի նախաշեմին. ու «դաշնակից» ռուսը՝ ԿՈՊԻՏ խախտելով երկկողմանի պայմանագիրը, արհամարհում է ամբողջ հայ ազգին ու ոճրագործ(ներ)ին ապօրինաբար թաքցնում:

    Յո՞ երթաս, Հայաստան:

  2. Artur says:

    Ինչ երկիր ունենք է….. Մարդասպանի տղայի հասանիքին շալախո պարող չեբուրաշկա, Վովա Գասպարյան կոչվող աստվածատուր ոստիկան, ՊԱԿ, որը ոչնչից տեղյակ չէ: Դպրոցը գերազանցությամբ ավարտած վարչապետ ……

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728