Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացած լինելու ապացույցը

Փետրվար 03,2015 10:09

Ոստիկանությունը կարող է անհամաչափ եւ վայրագ գործողությունների դիմել ցանկացած վայրում՝ Հայաստանում, Արցախում կամ, ասենք, Լոս Անջելեսում: Տարբերությունն այն է, որ Լոս Անջելեսում դու կարող ես դատի տալ քո դեմ անհամաչափ բռնություն կիրառած ոստիկանին եւ մեծ շանսեր ունես հաղթելու՝ եթե իրավացի ես: Հայաստանում դու նույնպես կարող ես դիմել դատարան եւ բողոքել իրավապահից, սակայն գրեթե ոչ մի շանս չունես հաղթելու: (Վերջին ցայտուն օրինակը «Ա1+»-ի լրագրողի հանդեպ կատարված ակնհայտ բռնությունն էր): Արցախում դու, որքան հասկանում եմ, այս հարցով դատարան դիմելու հնարավորություն էլ չունես: Իսկ թե ի՞նչ պիտի անի Հայաստանի քաղաքացին, որի իրավունքները խախտվում են Արցախում, ընդհանրապես պարզ չէ:

Խնդիրը ես տեսնում եմ հենց այդ՝ իրավական հարթության մեջ: Ովքե՞ր էին այն մարդիկ, ովքեր դաժանաբար հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի» եւ նրա համակիրների ավտոշարասյան վրա: Եթե ոստիկաններ էին, ապա ո՞ր ստորաբաժանումն էին ներկայացնում: Ովքե՞ր էին բլուրների վրա կանգնած դիմակավորված եւ զինված անձինք, որոնք օդ էին կրակում: Այդ տեղեկատվությունը պաշտոնապես ստանալը շատ դժվար է, էլ ուր մնաց՝ դատական ատյաններին դիմելը: Հավանաբար ՀՀ եւ ԼՂՀ համապատասխան մարմինները պետք է ունենան ինչ-որ փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարաբերությունները:

Քանի որ այդ ամենը չկա՝ մնում են ֆեյսբուքային էմոցիոնալ պոռթկումները եւ քաղաքական շահարկումները: Ընդ որում՝ բոլոր կողմերից: Օրինակ՝ ԼՂՀ իրավապահների գործողությունները քննարկելը ազգային դավաճանություն է: Կամ հակառակը՝ Արցախն ազատագրած Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած շարասյան վրա հարձակվելը ազգային դավաճանություն է: Ինչպես եւ բազմաթիվ այլ դեպքերում՝ մեզանում չկա չափավոր, սթափ գնահատականի մշակույթը: Մարդիկ կամ անբիծ հրեշտակներ են, կամ Ալիեւի լրտեսներ:

Այս բոլոր քննարկումների մեջ առանձնանում է մի խնդիր՝ ինչպե՞ս չբաժանել Հայաստանն ու Արցախը՝ հոգեւոր, մշակութային, գաղափարախոսական եւ ռազմական իմաստներով, եւ ինչպե՞ս բաժանել ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն՝ վարչական իմաստով: Ոմանք ասում են, որ առաջինը մեխանիկորեն ենթադրում է երկրորդը, որ Արցախը Հայաստանի մարզն է, իսկ Բակո Սահակյանը՝ մարզպետներից մեկը: Դրանով արդարացվում է, որ «100-ամյակն առանց ռեժիմի» ակցիան որոշվել էր անցկացնել նաեւ Ստեփանակերտում՝ այնպես, ինչպես դա կարվեր Գյումրիում կամ Կապանում: Բայց այս կամ այն քաղաքական ակցիան արդարացնելու համար չարժե, հավանաբար, հրաժարվել քսանչորս տարի առաջ որդեգրած մարտավարությունից, որը հիմնված է ինքնորոշման եւ երկու հայկական պետությունների գոյության վրա:

Մենք սիրում ենք կրկնել, որ Արցախը ինքնուրույն պետություն է՝ իր կայացած ինստիտուտներով: Հիմա եկել է ժամանակը, որ Արցախի ղեկավարությունը դա գործնականորեն ապացուցի: Կայացած պետության ցուցիչներից մեկն այն է, որ այդ պետությունը կարող է պատժել իշխանությունը գերազանցած իրավապահներին: Չկայացած պետություններում այդ գերազանցումը փորձում են քողարկել հայրենասիրական կարգախոսներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (26)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Հիմնադիր խորհրդարան»-ից էլ սարքեցին «козел отпущения»…

  2. david says:

    Օրեր առաջ հնչեցրիք, թե ոճրագործը ազգություն չունի, հիմա էլ համոզում են, որ ոստիկանն էլ ազգություն չունի*:Պոմպեն մոտ է:

  3. Մարգար Մախսուդյան says:

    Իրավիճակը չափազանց պարզ է՝ այն խճճված ներկայացնել փորձելու համար.
    1.Հայաստանի և Արցախի միջև գործո՞ւմ է առանց վիզայի փոխայցեր սահմանող պայմանագիր. իհա՛րկե այո, հակառակ դեպքում ԼՂՀ ՛՛ոստիկանները՛՛ վիզա կպահանջեին:
    2.Երկու երկրների սահմանդրության մեջ կա՞ դրույթ անձանց ազատ տեղաշարժվելու վերաբերյալ՝ անկասկած:
    3.Կա՞ սահմանափակում խաղաղ քարոզչության տեսակից կախված: Ակնհայտորեն ոչ, քանի որ հակառակ դեպքում միջազգային հանրության հետ խնդիրներ կծագեին:
    4.Կա՞ անձի կյանքի, առողջության և նրա գույքի պաշտպանության սահմանված երաշխավորություն: Անշո՛ւշտ:
    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Կատարվածը միանշանակորեն հանցագործություն է, և եթե հաշվի առնենք նաև Հայաստանի և Արցախի առջև ծառացած այսօրվա մարտահրավերները, ապա ազգային շահերին թիկունքից հարվածող դավաճանություն:
    Ըստ իս՝ հոդվածում տեղ գտած անորոշ հարցադրումներն ու անհստակություններն ունեն միայն մեկ նպատակ. կատարվածի պատասխանատվությունը բարդել ՛՛թղթաբանության՛՛ վրա, փորձելով ինչ որ կերպ պաշտպանել գլխավոր մեղավորներին՝ Սերժ Սարգսյանին և Բակո Սահակյանին: Ցավալին այն է, որ հենց այսպիսի հոդվածների /կիսաճշմարտությունների շարունական ներկայացում/ արդյունքում այսօր ունենք այն՝ ինչ ունենք:

  4. Hayk says:

    Այսպես կոչված «հիմնադիր խորհրդարանը» ոչ մի համակիր չունի մեր երկրում: Դա անժխտելի փաստ է,տեսել ենք, համոզվել ենք :Բացի բացահայտ խառնակչությունից, ցանկացած գնով «մայդան» սարքելու առաքելությունից, ուրիշ անելիք չունեն: Սա նույնպես փաստ է: Բայց որ կդիմեին այդքան սանձարցակ քայլի ՝Արցախի ու արցախցիների դեմ, նույնիսկ մտքովս չէր անցնի: Գնում էին Արցախ, որ ինչ անեին? Արցախում էին ուզում համակիր գտնել? Նման դավաճանություն սեփական երկրի նկատմամբ միայն թշնամին կաներ: Փորձել նրանց ինչ-որ կերպ , գոնե մի փոքր արդարացնել, նույնպես դավաճանություն է: Տեսնես, երբևէ կհասկանան իրենց արած վատության չափը???……………… Լոս Անջելեսի, Ֆերգյուսոնի ոստիկաններից ավելի լավ է չխոսենք,պ. Աբրահամյան, էդ էլ ենք տեսել: Մոռացել եք, որ հիմա ինտերնետ կա, յութուբ կա??

  5. Զավեն says:

    Հարցը այն չէ իրավախախտում ա արվել թե չէ:Որովհետև ես շատ լավ հասկանում եմ,որ էտ ոստիկանները օրենք չգիտեն,ես կասկածում եմ,որ նրանք նույնիսկ կարդալ չգիտեն:Իրավական կողմը կարելի ա շտկել,սովորեցնել նրանց օրենքին, գրին և տառին,դա ժամանակի հարց է:Սակայն ինձ զայրացրեց կոնկրետ այդ ոստիկանների ներքին աշխարհը,նրանք ուղղակի ռեալիզացնում էին իրենց մեջի գազանային,ո չքրիստոնյա ժողովրդին վայել ներքին ցանկությունները:Եթե ոստիկանները ուզենային միայն կանխել մուտքը դեպի Արցախ,դա նրանք կարող էին անել շատ ավելի նուրբ,մարդկայնորեն,բայց ես այնտեղ տեսա կապկանման տարրերի,որոնց ես հայրենակից համարել հրաժարվում եմ:

  6. Վիգեն Աբրահամյան says:

    Կարելի է համաձայվնել կամ չհամաձայնվել «Հիմնադիր խորհրդարանի» «գաղափարներին», բայց սամասուդ անել ոչ մեկիը իրավունք չունի: Այս միջադեպի բացասական հետեվանքները հավասարազոր են Հոկտեմբերի 27-ի դեպքերին: Այն ժամանակ էլ որոշ «տխմար մուտիլովչիկներ»ի կարգի մարդիկ փորձում էին արդարացնել կատարվածը: Ցավոք սրտի ծեծը դարձել է քաղաքական ռազբորկաների բաղկացուցիչ մաս եվ հայրենասիրության պոռթկման արտահայտություն:

  7. Վիգեն Աբրահամյան says:

    1. Նախագահ Բ. Սահակյանը ներեղություն պիտի խնդրի:
    2. Արցախի ոստիկանապետը անմիջապես հրաժարական պետք է տա:
    3. Բոլոր ներկա ոստիկանները կոչումի իջեցում:
    4. Անհապաղ ծառայողական քննության անցկացում:
    5. Բոլոր հեռուստատեսային ալիքներով ցուցադրել ամբողջ նկարահանված նյութը:
    6. Վնասի բարոյական եվ նյութական փոխհատուցում ոստիկանների աշխատավարձներից:

  8. Լավատես says:

    Մի քիչ թվաբանություն: Որպեսզի Ա ու Բ իրար հետ կռվեն՝ կա երեք տարբերակ՝
    առաջին՝ Ա ու Բ ուզում են իրար հետ կռվել,
    երկրորդ՝ Ա չի ուզում կռվել, Բ ուզում է կռվել,
    երրորդ՝ Ա ուզում է կռվել, Բ չի ուզում կռվել:

    Եւ միայն մի տարբերակ կա, երբ Ա ու Բ իրար հետ չեն կռվում, երբ երկուսն էլ՝ Ա ու Բ չեն ուզում իրար հետ կռվել:

    Ստացվում է, իրար հետ չկռվելու հավանականությունը երեք անգամ ավելի փոքր է, քան կռվելու: Հետեւություն՝ Ա ու Բ առնվազն երեք անգամ ավելի շատ պետք է ցանկանան իրար հետ չկռվել, քան կռվել:

    Այդ երեք անգամը կարելի է ապահովել հետեւյալ կերպ՝
    եթե մի հայը ձեռք բարձրացրեց մեկ այլ հայի վրա՝ անկախ ով է մեղավոր՝ երկուսին էլ պետք է տալ Հայ Դատ դատարանին: Ի տարբերություն նման անվանումով կազմակերպության՝ սա պետք է լինի ոչ կուսակցական, ինչպես նաեւ ոչ պետական ոչ կրոնական, ավելի ճիշտ հակառակը՝ Հայ կրոնական ու վերպետական կառույց եւ պարտադիր բոլոր հայերի համար եւ իր եկամտի տասը տոկոս անդամավճարով:

    Դե դրանից հետո թող մեկը փորձի հայի դեմ դուրս գա, ինքն իր գլխին փորձանք կբերի:

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես ձեզ մի բան ասեմ, որը հաճույքով չեմ գրում ու շատերին այն երևի տարօրինակ թվա. այս բոլորի խորքայի՛ն պատճառն այն է,որ հայ ժողովրդի պատմության մեջ մի կարգին ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ չի եղել. այսինքն՝ հայը հայի արյուն (մի լավ) չի թափել,որ հայը հայի՛ց վախենա ու հարգի հայի՛ն: Ես չեմ առաջարկում սա, բայց… մտածեք:

    • Ruben says:

      Մեկ ճշտում.՝ հայը հայի անվան տակ թաքնված թշնամու արյուն (մի լավ) չի թափել, որ ծպտյալ թշնամին հայից վախենա ու հարգի:

      • david says:

        Երևակայական հիվանդությունը ծանր ժառանգական ախտ է:Մարդու աչքին թշնամին միշտ կերևա մինչև չբուժվի:Բուժում չկա:Ավստրալիան է:

  10. ԱՐՄԵՆ says:

    Իմ համոզմամբ սխալ կա, Ամերիկաներից օրինակներ կամ երևույթների մեկնաբանություններ բերելու մեջ: Կարծեմ վերջերս տեղի ունեցան բավականին շատ դեպքեր, երբ Ամերիկայում ոստիկանները սպանեցին անգամ երեխաների, միայն նրա համար, որ կասկածում էին ձեռքին հրազեն կա, կամ իրենց հրահանգին չենթարկվելու համար: Այսինքն եթե Ամերիկաներից սկսենք խոսել, եկեք այս մասին չմոռանանք գնդակահարում են տեղում, հետո մեկնաբանում ու վերջ:
    Հիմա վերնագիրը Կայացած լինելու ապացույցը, այսինքն այլ ապացույցներ չեն լինում, միայն Արցախի ոստիկանների պահվածքն է, այն էլ որոշակի փուլեր անցած վիճակում, արգելեցին գնալ Արցախ, չենթարկվեցին: Ինչու այս փուլը չեք դիտարկում: Կարծեմ հենց եվրոպաներում է համ ծեծում են նման դեպքում համ տանում ոստիկանություն համ ջրային շիթեր համ արցունքաբեր գազեր…..տուգանքներ:
    Իսկ ինչ որ փաստեր կան, որ Արցախում հնարավոր չէ անարդար վերաբերմունքի դեպքում դիմել
    օրինապահներին, թե հենց այնպես գրում եք: Ես չգիտեմ : Կարծեմ դիմել էին Արցախի ազատամարտիկները, որ չեն ցանկանում նման երթի մասնակիցների այցը տեսնել Արցախում:
    Արհամարեցին, ավելին հետները բավականին լուսաբանողներ էին տանում, ամեն դեպքում: Արցախը չի մասնակցում ՀՀ խորհրդարանի ու Նախագահի ընտրություններին, այնպես չէ:
    Այսինքն գնում էին որ ինչ……սադրելու, եթե կա մեկը, որ մի տրամաբանական այլ պատասխան կտա, պատրաստ եմ լսելու:
    Արցախում պատերազմ է և բնականաբար այնտեղ զինվոր են բոլորը կամ գրեթէ բոլոր:
    Իսկ այբուբենային պարզ ճշմարտություններից մեկը նա է, որ բանակը չպիտի քաղաքականցվի,
    հուսամ գիտենք ինչու, իսկ ով չգիտի այս օրերին իր հոգեվիճակի հետ կատարվող երևույթները թող վերլուծի իր վերաբերմունքը իր հետ չհամաձայնող հարևանի տեսակետի հետ ու հենց հարևանի հետ: ինչպես ենք հիմա միյանց վիրավորում…. :
    Մեզ պետք է, որ մեր զինվորները միմյանց նկատմամբ գաղափարական լարվածություններ ունենան: Իսկ հենց այդ օրը Հայկական բանակը պատժիչ գործուղություն էր իրականացնում ժամը 13-14:
    Պրն Աբրահամայան իհարկե ես միայն ձեզ չեմ ուղղում այս տողերը, սակայն հենց ցանկանում եք դիմացինի մարդկային զգացմունքները թուլացնեք կամ հեգնեք, գրում եք հայրենասիրական թեմաներով են սկսում շղարշել իրենց թերությունները: Եթե անկեղծ եք ափսոս, եթե գիտակցված եք անում ապա ցավալի է:
    Եթե Երևանում հայ մարդը խախտում է կարգ, որը հսկում է ոստիկանը հաճախ տուգանվում ենք, իսկ եթե չենք ենթարկվում նաև տանում են…..: Հիմա այնտեղ համ չեն ենթարվել համ պնդել իրենցը, հարց ինչ էր մնում անել՝ գրկեին բերեին ավելի որակյալ մեքենաներ յուրաքանչյուրի համար առանձին ու տանեին բարձրակարգ հյուրանոց շոգեբաղնիքով…. աբսուդ:
    Այս թեման, որը կարևոր է, կարելի է քննարկել, սակայն երբ կոնկրետ Արցախի ու Հայոց բանակի հետ է ուղիղ առնչվում, չպետք է դիտվի առանձին, հնարավոր չէ ճիշտ հանգուցալուծման գալ:
    Ես գտնում եմ, որ իրավապահները չեն գերազանցել իրենց լիազորությունները և դեռ ունենալով
    նկարահարումներ, պիտի չենթարկվողներին հրավիրեն պարզաբանումների դատական ատյաններ: Ամեն մի կարգազանցություն ոհմակային տեսքով, այն էլ պատերազմական գոտում կարող են բերել կորուստների: Մենք ունենք դրա կարիքը ?

    • Գալուստ Ենոքյան says:

      «Արցախում պատերազմ է և բնականաբար այնտեղ զինվոր են բոլորը կամ գրեթէ բոլոր:»
      Էդ պատերազմի շարունակման հիմնական շահագրգռված կողմերը այսօր Սերժ Սարգսյանի եվ Իլհամ Ալիեվի, եվ նրանց մանկլավիկներն են…որ շարունակեն իրենց թալանը…այն օր երբ երբ էդ «շախմատային» պարտիան ավարտվի…խաղաղությունը կգա հայոց հողի վրա…

      • ԱՐՄԵՆ says:

        Նման մեկնաբանությամբ, որը մատից հոտ քաշելու տարբերակին է շատ նման, դուք կարող եք ամբողջ պատմությունը հայ ժողովրդի մեկնաբանել: Ստացվում է ասել մի բան հանուն ասելու:

        • Գալուստ Ենոքյան says:

          Արմեն,շնորհակալ եմ ուշադրության համար, քո մեկնաբանություններից կարելի է եզրակացնել որ դու եվս շահագրգռված «մանկլավիկներից» ես, սակայն վստահ չեմ շախմատային պարտիաի որ կողմն ես ներկայացնում, չնայած դա թերեվս նշանակություն չունի, բոլորդ նույնն էք…

        • Հրանտ Պապիկյան says:

          Արմեն ջան մի նեղվի, Գալուստը ում մտքերի հետ համաձայն չի, նրան կնքում է որպես ռեժիմի մանկլավիկ, պնակալեզ, կամ նույնիսկ Պուտինի լրտես ու ԿԳԲ-ի գործակալ: Եթե իր պատմությունը չգիտես, ասեմ որ եղեռնից փրկված պապը ընկել է Ստալինի ձեռքը, մի լավ տանջել են Գուլագում, հետո Գալուստին ու իր հորը Հայաստանում էլ ԿԳԲ-ն հանգիստ չի թողել, բոլորը նրանց ախպար են կոչել… մի խոսքով էս մարդը ի վերջո գտել է իր երազած երկիրն ու հաստատվել այնտեղ: Ճիշտ է Գլենդելում ապրելու հնարավորությունը չի ներել և Հոլիվուդում է ապրում: Շատ է տառապում հայրենիքի սիրուց և ամեն կերպ այն պաշտպանում է Պուտինից ու նրա նազիր վեզիրներից…
          Ըմբռնումով մոտեցիր…
          Ի դեպ մնացած մեկնաբանություններում էլ մեկ մեկ այնպիսի սևեռուն մտքեր են հանդիպում, որոնք սկզբում շշմեցնում էին, հիմա ավելի թեթև եմ տանում: Օրինակ այդ ներքին թուրքերի, սպիտակ գենոցիդի, կեղծ հայերի ու ծպտված թուրքերի մասին մառազմատիկ դատողությունները…

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի բարեկամներ, ես աշխատում եմ համացանցային բանավեճերի մեջ չմտնել` պարզապես այդ պատճառով, որ դա ինձնից շատ ժամանակ եւ ջանքեր է պահանջելու, որոնք ես գերադասում եմ ուղղել իմ ամենօրյա բազմաթիվ պարտականությունները կատարմանը: Խնդրում եմ ինձ ներել: Բնականաբար, ես սիրով կարդում եմ ձեր մեկնաբանությունները, նաեւ՝ այնպիսի մեկնաբանություններ, որոնք սուր քննադատություն են պարունակում իմ հասցեին:

  12. Աբո says:

    «Ովքե՞ր էին հարվածողները»,միայն թուրքը կարող է նման հաճույքով հարվածել անզեն և անպաշտպան հային:«Կպատժե՞ն քարերով և մահակներով հարվածող խուժանին»,իհարկե ոչ,որովհետև նրանք կատարել են հրաման:եթե լիներ հրաման սպանել 4-5 հոգու,հաճույքով կսպանեին:
    Ամեն մարդ իր հնարավորության սահնաններում պետք է լուծում գտնի:Ես չեմ մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, իմ տղաներնել՝ոչ ծառաեյլ են և ոչ էլ կծառայեն Ղարաբաղում:

  13. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ներողություն եմ խնդրում երբեմն ավելորդ զեղումների համար…դատելով երկրի իրավիճակից թերթի խմբագրի գործը այնքան էլ հեշտ չի… համենայնդեպս շնորհակալ եմ արտահայտվելու հնարավորության համար, համարում եմ որ Ձեր արածը պակաս հերոսական չէ քան ազատամարտիկներինը…

  14. kutuj says:

    Ի պատասխան Հայկի – Ամեն տեղ էլ լինում են արտառոց դեպքեր, պահի տակ կատարված հանցագործություններ, բայց ոչ պետության կողմից կազմակերպված: Խնդրում եմ տարանջատել այս կարևոր փաստը: Նաև նշեմ որ եթե ֆերգյուսոնի նույն ոստիկանը ոտքի տակ տա ամերիկայի դրոշը ապա դրանով խաչ կքաշի իրեն կարիերայի վրա ընդմիշտ: Այդ նույն ոստիկանի մոտ եթե հայհոյես Օբամային կարող է ինքն էլ ավելացնի, բայց եթե արհամարհական վերաբերմունք ցույց տաս դրոշի նկատմամբ շատ լուրջ պրոբլեմներ կունենաս: (Պարոն Աբրահամյան միգուցե ձեր մի այլ հոդվածում կնշեք վերը նշված միտքը: կուզենայի որ մերոնք հասկանան որ ոստիկանը միայն օրենքը պետք է պաշտպանի ոչ թե ինչ որ մեկի գաղափարը:) Նաև շատ մտահոգիչ է կատարվածը այնքանով որ ակնհայտ է որ նպատակ կա թշնամություն մտցնել մարդկանց մեջ:

  15. alfred says:

    Ես այդպես էլ չհասկացա թե երեխաները ինչ գործ ունեին այդտեղ:Երեվի կենդանի վահանի դեր էին կատարում:

    • Աբո says:

      Երբ տղաները գնում էին թուրքի դեմ կռվելու, կանանց և երեխաներին հետները չէին տանում , այլ զենքով էին գնում:

  16. Seyran says:

    Պարոնայք,կատարվածը անընդունելի է երկւ կողմերի համար էլ:Սակայն գանք իրավական կողմին՝եթե ,,նախախորհրդարանը,,ցանկություն ունենար նւյնիսկ ՀՀ որևէ քաղաքում այդ միջոցառումը կազմակերպել,պետք էր տվյալ քաղաքի իշխանւթյւններից թույլատվությւն ստանար,իսկ մեկ այլ հանրապետության տարածքւմ՝առավելևս:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728