… Վրացական ազգի մասին […] պետք է նվիրել առանձին էջեր, այնքան գեղեցիկ է նա, հավատարիմ, ազնիվ, խիզախ, շռայլ և ռազմաշունչ:
Ալեքսանդր Դյումա հայր, «Կովկաս»
Վրացին չի կարող կարգին մարդ լինել:
Կարդացեք նաև
Սերգեյ Դովլաթովի մոր խոսքը
Վրացիները դեկորատիվ ժողովուրդ են:
Սերգեյ Փարաջանով
Աքլորն ասաց՝ «Ես կանչեցի, իսկ լույսը կբացվի թե ոչ՝ իմ գործը չէ»:
Վրացական ասացվածք
Ինչն է մարդու համար առավել խոտելի, պարսավելի, վատ, ծիծաղելի… Այն, որ նման չի մեզ, թե՞ այն, որ նման է: Պարզվում է, որ այն, որ նման է: Ինչն է առավել տգեղ, կամ տհաճ՝ դելֆի՞նը, եղնի՞կը, թե՞ կապիկը: Իհարկե կապիկը: Ինչո՞ւ: Որովհետև նա նման է տգեղ մարդու: Մարդու պարոդիա, ծաղրապատկեր: Արդեն Կլավդիոս Գալենը կապիկներին մարդու զվարճալի պատճեն է անվանել: Սատանան՝ չարիքի մարմնացումը ևս պատկերացվում է կապիկի, կամ տգեղ կապկամարդու պես, մի երկու եղջյուրի հավելումով:
Ուրեմն, վատը, ծիծաղելին և տհաճը այն է, որ հիշեցնում է մեզ, միայն պարոդիկ, փոխված ձևով:
Հիմա փորձենք նայել մեզ ու փնտրել մեր թերությունները: Գտնո՞ւմ ենք: Դժվարությամբ: Լավ, ասենք, գտանք: Բայց մարդը չի կարող ինքն իրեն օբյեկտիվ գնահատել: Ուրեմն, վերցնենք մեզ առավել նման մեկին ու նրա վրա փորձենք գտնել այն թերությունները, որոնք առավել չափով դուր չեն գալիս մեզ: Այ դրանք էլ հենց մեր թերություններն են, նկատված օտարի մեջ:
Հետո քննենք այն, ինչ դուր է մեզ գալիս այդ մեզ նմանի մեջ: Դա էլ կլինի մեզ համար դրական, ցանկալի հատկանիշների համալիրը:
Ո՞վ է հային ամենամոտ ժողովուրդը: Ակնհայտ է՝ վրացին: Շեշտեմ, որ հարցը կապ չունի քաղաքականության հետ: Միայն ազգագրություն: Մեզ պես, նրանցից շատերը արմենոիդ ռասայի ներկայացուցիչներ են, մեզ պես, հնագույն քրիստոնյա ժողովուրդ, մեր եկեղեցիներին համարյա նույնական եկեղեցիներով, մեզ պես, բավական հին պատմություն, գրականություն և այլն: Ընդ որում, վրացական մշակույթի շատ տարրեր՝ Քրիստոնեությունը, գիրը, եկեղեցիները և այլն, գալիս են հայկական ակունքներից: Շատ հայեր ձուլվել են վրացիներին: Այսինքն, շատ հարցերում ոչ միայն նման ենք, այլև, այսպես ասենք, նույնական ակունքներ ունենք:
Վրացու ո՞ր հատկանիշներն են հայի համար առավել ծաղրանկարային և տհաճ:
1. Մեծամտությունը և ցուցամոլությունը: «Լափառոշությունը»: Ինքնագովության և վրացագովության հակումը:
2. Մշտական քեֆչիությունը, քեֆերին անընդհատ կենացներ ասելը:
3. Ահավոր երկար, մինչև համարյա մեկ շաբաթ տևող թաղումները: Հանգուցյալի վրա ցուցադրական սուգը, լացն ու կոծը:
4. Ծուլությունը: Աշխատելու ձգտման բացակայությունը:
Հիմա նայենք մեզ: Մեծամիտ ու լափառոշաբերա՞ն ենք մենք: Այո: Ոչ այնքան, որքան վրացիները, բայց և բավականաչափ: Ցուցամոլ ենք: Բա ո՜նց, Սովետական Միության հարյուր հերոս, չորս մարշալ և այլն: Թամանյան, Սարյան, Արամ Իլյիչ և, ի վերջո, Կարապի լիճ: Պատմության պանծացումն է նույնն է՝ հինգհազարամյա, շումերներ և այլն:
Մեր քեֆերը շատ հարցերում նույնական են վրացականներին: Էլի նույն երկարաբան ու մշտապես կրկնվող տափակ կենացները, թամադայի ավելորդ շատախոսությունը: Բայց վրացիները քեֆի ժամանակ երգում և պարում են ավելի լավ, քան մերոնք:
Մեր թաղումներն ավելի կարճ են, ավելի համեստ լաց ու կոծով, բայց, միջին քրիստոնեականի հետ համեմատած՝ նույնպես երկարաշունչ և ցուցադրական: Իսկ գերեզմանաշինության «արվեստը»… Խոսք չկա:
Այ, մերոնք սովորաբար ծույլ չեն: Սովորելում, աշխատանքում, առևտրում և այլ նման գործերում վրացիներից առաջ ենք: Ինչպես ցուցադրվելու հետ կապված արվեստներում՝ կինոյում ու թատրոնում՝ հետ: Թեև վրացական կինոյի և թատրոնի վերելքը սովետական դարաշրջանի երևույթ է: Բայց նկարչության մեջ առաջ ենք: Դա երևի ավելի քիչ է առնչվում ինքնագովության և ցուցադրվելու հետ:
Իսկ վրացու ո՞ր հատկանիշներն են դրական: Շատերի, այդ թվում՝ ինձ համար, առաջին հերթին, արժանապատվության բարձր զգացումը: Վրացի լինելուց չամաչելը և դա չթաքցնելը: Ազգանունը առաջին իսկ պատեհ առիթով չռուսականացնելը: Սերը հայրենիքի նկատմամբ: Սերն ու հարգանքը իրենց մշակույթի և իրենց արժանավոր մարդկանց նկատմամբ: Սերն իրենց լեզվի նկատմամբ, երեխաներին միայն վրացական դպրոց տալը: Հարգանքն իրենց գրի նկատմամբ՝ երկիրը լատինատառ ու ռուսական գովազդներով չլցնելը: Երեխաներին իրենց ավանդական անուններով կոչելու սովորությունը: Գեղագիտության հակումը:
Հետաքրքիր կլիներ, եթե մի վրացի էլ գրեր, թե հայի ո՞ր հատկանիշներն են վատ: Փորձենք գլխի ընկնել:
1. Ժլատությունը (դա այդպես չէ, հայերը, ի տարբերություն վրացիների, ուղղակի կարողանում են խնայել, իսկ հյուր ընդունելիս վրացիներից ավելի քիչ ցուցադրվող են):
2. Տխրությունը (միշտ, խրոնիկական՝ հայի բախտ): Չենք կարողանում վրացու պես ուրախանալ:
3. Շահամոլությունը: Իհարկե, որպես բնածին առևտրականներ, վրացիներից ավելի լավ ենք տեսնում մեր շահը:
4. Արժանապատվության ավելի ցածր մակարդակը:
Իսկ ի՞նչն է լավ: Հայերը գործունյա են, ավելի լավ սովորող, առևտրում հաջողակ, աշխատասեր:
Վրացիների հետ շփվելիս նկատում ես, որ նրանք շատ ավելի լավ են վերաբերվում հայաստանցի հայերին, քան վրացահայերին: Բայց չէ՞ որ շատ վրացահայեր, շատ սերունդներ Վրաստանում ապրելով, կերպարով ու նախասիրություններով, կարելի է ասել, նմանվել են վրացիներին: Հիրավի, մարդ արարածն արհամարհում ու չի սիրում իրեն առավել նմանին: Եվ ո՞վ է սիրում ճնշված փոքրամասնությանը:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
Վրացիներին բնորոշ շատ գծեր առավելապես բնորոշ են արևելահայերին: