Լրահոս
Օրվա լրահոսը

Արդար պատերազմ

Փետրվար 01,2015 16:30

Երեկոյան կողմ կարողացան ամրանալ լեռնալանջին։ Դիրքավորվեցին
քարերի հետևում:

Հակառակորդի հարձակումն իրենց պարտադրված նահանջից հետո հաջողվեց կասեցնել։

– Ինչքան էլ դժվար լինի,մինչև մթնելը պետք է խրամատներ փորենք,գոնե մեկ մետր խորության կարգի, -դաշտային հրամանատար

Ալի Համզատովը մտահոգ էր տեղանքի քարքարոտ վիճակից, – խաչերից(հայերից) ինչ ասես սպասելի է։ Հայերը կարող են հեռվով անցում կատարել ու մեր թիկունքի անտառապատ հատվածն աննկատ անցնելով հարված հասցնել։ Իսրա՛,դեպի վեր՝ լեռնագագաթ, հետախույզներ ուղարկիր։ Այնտեղի հետ մշտական կապը մեր անվտանգության երաշխիքն է լինելու։

Նախորդ օրվա նահանջից ու վերջին օրերի կռիվների արդյունքներից անհանգստանալով հաջորդ օրվա վաղ առավոտյան դիրքեր եկած ամիր Ասլանբեկը ստուգայց կատարեց։ Նա դիրքեր էր եկել հատուկ հանձնարարությամբ գերագույն հրամանատար Շամիլ Բասաևի մոտ դաշտային հրամանատարների գաղտնի հավաքից հետո։

– Ով կսպասեր, որ բազարներն (չեչենները հայերին ««բազարներ««- առևտրական էին ասում արհամարհական իմաստով) այսպիսի կռվողներ կդառնան, – Ալին իր զարմանքը հայտնեց ամիրային, – իսկ ազերիները մեզ հետ կհամարձակվեն նման ձևով վարվել։ Սա Ջիհադի նման չէ։

– Ամիրա, հրամանատար Ալի, – դիմող Իսրան հուզված էր, – եղբայր Վահիդը գտնվեց։ Մնացել է չեզոք գոտում, վիրավոր է։ Խաչերն էլ նույն փոսորակում վիրավոր ունեն։ Առաջարկում են, որ արդեն այնտեղ գտնվող իրենց սանիտարը իրենց վիրավորին տանի, մենք էլ մի հոգի ուղարկեք մերին տանելու։ Այդ ընթացքում կրակոցները դադարեցնենք։

– Ալի, լուր ուղարկիր ազերիների ու թալիշների հրամանատարներին, որ պայմանավորված ժամին չկրակեն,  նոր միայն կձեռնարկենք Վահիդին բերելու գործողությունը:

Ալիի գնալուց հետո Ասլանբեկը շարունակեց զրույցը

– Իսրա, դու մի գնա, մեր խոսակցությունը դեռ չի ավարտվել։ Այստեղ անհասկանալի հարց կա, հանելուկդ պարզաբանի։

– Ամիրա, գաղտնիք մեր մեջ չի կարող լինել,  կպարզաբանեմ։ Բայց կխնդրեյի Վահիդին հանելու գործն ինձ վստահես։

– Լավ, դու կգնաս։ Ասլանբեկը խոսքի տեր մարդ է։

– Երկու օր առաջ, մինչև երեկվա մարտը սկսվելը, թալիշների մոտ էի։

Թալիշների դեմի ֆիդայինները․․․

– Ովքե՞ր․․

– Դե հայերն իրենց կռվողներին ֆիդայի են ասում, ոնց որ մենք մեր  կռվող եղբայրներին՝ շահիդներ։ Այնտեղ հակառակորդի կողմից ինձ վիճակվեց լսել թալիշներին բարձրախոսով ուղղված կոչ, ուր հայերն ասում էին խոսքեր, որոնք մինչև հիմա հիշում եմ. ««թալիշ եղբայրներ, պատերազմը մեր միջև ավարտվել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թուրք քոչվորները ներխուժեցին Կովկաս: Եկել է բնիկ կովկասցիների միավորվելու ժամանակը:

Մենք առաջ ենք շարժվելու մինչև մեր պատմական սահմանները: Առաջարկում ենք հանձնվել։ Մեր պատմական սահմաններին հասնելուց հետո ձեզ կվերադարձվեն ձեր զենքերը, գնացեք ու տեր կանգնեք ձեր հողերին, որից հետո դուք էլ…

– Ի՞նչ արեցին թալիշները, հավատացի՞ն։

– Երեկվա կռիվը նրանց հատվածում ձևական էր՝ ազերիներին խաբեցին, դրա համար էլ հայերը մնացած հատվածներում ուժային գերակշռություն ստացան։ Իրենք առանց կռվի հետ քաշվեցին։

– Հիմա, երբ հրամանատար Ալին էլ վերադարձավ, ես կբացացատրեմ իմ գալու նպատակը, – շարունակեց ամիր Ասլանբեկը, – այդ ինչպես եղավ, որ մենք, թալիշներն ու այլ կովկասցիներ կռվում ենք Կովկասի մեկ այլ ժողովրդի դեմ, երբ թուրքերը ներկայիս իրենց զբաղեցրած տարածքում ոչ միայն հիմնական կռիվ տվողը չեն, այլ փախչում ու հնարավորինս չեն մասնակցում ընդհարումներին: Գերագույն հրամանատարի մոտ այս պատերազմին մեր մասնակցության հարցի քննարկումից հետո ընդհանուր եզրահանգումն այսպիսին էր․ մենք, չեչեններս, դուրս գալով հայերի դեմ, ճիշտ ընտրություն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դեմ չպիտի կռվի, անկախ այն բանից, թե ինչ կրոնի է նա դավանում:

Սա մեր կռիվը չէ:

Մտախոհ հայացքով շուրջը նայելով Ասլանբեկը հավելեց․

– ԻնշաԱլլահ: Իսկ ինչ վերաբերում է լեզգիներին, ավարներին և թալիշներին,ապա իմ կարծիքով, կարծում եմ դուք էլ համամիտ կլինեք, նրանք պետք է իրենց համար կարևոր որոշում կայացնեն. կամ ոչնչանալու են, կամ իրենց հողի վրա ապրելու ու արժանապատիվ կյանք վաստակելու իրավունք ձեռք բերեն:

– Ամիրա, – շարունակեց Իսրան, – բարձրախոսով խոսողի ձայնը ինձ  ծանոթ թվաց։ Նորից գնացի թալիշների մոտ՝ բաց խոսակցության։ Ասի կասկածներ ունեմ հայերի կողմից բանակցություն վարողի հանդեպ, հնարավորություն տվեք խոսել իր հետ։ Կապը հաստատեցին։ Հարցնում եմ՝ անունդ Կարե՞ն է, էս ֆիդային թէ հա, ի՞նչ իմացար։ Ազգանունդ Թովմասյա՞ն։ Սա՝ հա։ Խորհրդային զորքերում՝ 1985-87թ․թ․ զորամաս №92881-ում ե՞ս ծառայել։ էս հայը ցնդեց, ասում ա՝ արա, այդքան բան իմ  ընկեր ֆիդայիները չգիտեն իմ մասին։ Ասի՝ Կարո՞, ընկերությունը մոռանալը լավ բան չէ։ Իրեն բացի հայերին միայն ես էի Կարո ասում։ Մեկ էլ ուղեղը զարթնեց․ արա Իսրա, ախպեր, դու ե՞ս, էս որտեղ հանդիպեցինք, էս կռիվ գցողի․․․Մի խոսքով իրենք չեն խաբի։

– Ալի, Իսրա, ավելորդ չեմ համարում ձեզ զգուշացնել, որ դիրքերից մեր

հեռանալու մտադրության մասին չպետք է իմանան ոչ միայն հայերը, այլ

նաև թալիշները։ Մեր հետքաշման հաջողությունը գաղտնիության մեջ է։

Գիշերը ժ․02։00-ին հեռանում ենք, եղբայրներին այդ մասին կասեք գնալուց կես ժամ առաջ, հետախույզներին էլ լեռնագագաթից իջեցրեք շարժվելու պահին։ Երեք կիլոմետր ոտքով գնալու ենք դեպի թիկունք, սպասող բեռնատարները մեզ կտանեն Իչկերիա։

– Հայերը նշան են տալիս, իմ գնալու ժամանակն է, – ասած Իսրան, հեռադիտակն ու ավտոմատը ցած դնելով։

Այն պահին, երբ Իսրան զինվորական թիկնոցը, որի վրա պետք պառկեցներ վիրավորին ու քարշ տար մինչև իրենց դիրքերը, մեջքին փաթաթելուց հետո փորսող տալով դեպի Վահիդը գնաց, ազերիների կողմից բանագնաց եկավ։ Նա հայտարարեց, որ իրենք այդ տարածքը անընդհատ կրակի տակ են պահելու: Կես ժամ անց ազերիների կողմից կրակոցների տարափի տակ Իսրային հաջողվեց հասնել վիրավորի մոտ: Նա տեսավ, թէ ինչպես է ցավից տնքացող Վահիդի կողքին պառկած երիտասարդ հայ սանիտարը փորձում Վահիդի ոտքն ազատել պայթյունից առաջացած փլուզումի տակից:

Իսկ ֆիդային, ում համար եկել էր սանիտարն, արդեն մահացած էր։ Ի վերջո Իսրային ու սանիտարին համատեղ ուժերով հաջողվեց վիրավորի ոտքն ազատել, պառկեցնել թիկնոցի վրա, կապել հարմար ձևով։ Սանիտարը վիրակապեց վիրավորին, նրան իր ջրամանից ջուր խմեցրեց: Իսրան էլ իր հերթին սանիտարի գործը թեթևացնելու համար օգնեց, որ նա զոհված ֆիդայու դին տեղափոխման հարմարության համար ամրացնի մյուս թիկնոցի վրա։

Բաժանվելուց առաջ Իսրան որպես շնորհակալություն սեղմեց հայ սանիտարի ձեռքը։ Սանիտարն ասաց:

– Շնորհավոր Նոր Տարի։

Տեսնելով Իսրայի հարցական հայացքը, նա շարունակեց․

– Այսօր օգոստոսի 11-ն է, նախաքրիստոնեական Հայաստանում այն  նշվում էր որպես նոր տարվա առաջին օր և թող այն բոլորիս խաղաղություն բերի։

– Շնորհավոր։ Շատ չե՞ս երիտասարդ այսպիսի կռվի համար։

– Ավագ եղբայրս երկու ամիս առաջ է զոհվել։ Տանը մնալ չէի կարողանում,

կամավոր եմ գրվել, – մի քիչ լռելուց հետո նա ավելացրեց, – սանիտար լինել չէի ուզում, բայց քանի որ այս գործի մասնագետ ջոկատում չկար, ես էլ արդեն բժշկական համալսարանի երրորդ կուրս եմ փոխադրված, ստիպված համաձայնվեցի․․․

Կրակոցների տևական դադարը վերադառնալու պայման հասկանալով նրանք դուրս եկան փոսորակից, յուրաքանչյուր կողմն իր դիրքի  ուղղությամբ։ Իսրան վիրավոր Վահիդին էր տանում, սանիտարը՝ մահացած ֆիդայու դին։ Մի քանի րոպե անց կրակոցները ազերիների կողմից նորից վերսկսվեցին ու նրանցից ինչ-որ մեկը խփեց հայ սանիտարին:

Հայերը ազերիների դիրքի ուղղությամբ պատասխանեցին ականանետային հուժկու, համատարած կրակով, սակայն վիրավորի և Իսրայի վրա չկրակեցին: Իսրան վիրավորին բարեհաջող տեղ հասցրեց։

– Այսօր այստեղ ես կրկին համոզվեցի, որ սա մեր պատերազմը չէ, –  քարասիրտ ամիր Ասլանբեկը հուզվել էր, – հայերն իսկական ջիգիթներ են: Եվ մի՞թե կարելի է այն ամենից հետո ազերիներին մահմեդական համարել ու հավատալ նրանց պանիսլամիստական կոչերին, իհարկե՝ ոչ: Այն ինչ կատարվում է այստեղ, մեր կռիվը չէ, այլ հայերի արդար պատերազմը։

Իր ռազմական գործունեության ընթացքում առաջին անգամ դաշտային հրամանատարի տեղակալ Իսրան իրեն թույլ տվեց խախտել ռազմական կարգապահությունը ու խաբել հրամանատարությանը։ Դիրքերից իրենց հեռանալուց առաջ նա գնաց թալիշների դիրքերն, առանձին հանդիպեց նրանց հրամանատարին։ Նրան հայտնեց իրենց գաղտնի հեռանալու մասին, խորհուրդ տալով, որ լուսադեմին առանց ժամանակ կորցնելու նրանք անցնեն հայերի կողմը։ Մինչ այդ խոսակցությունը վերջնական որոշման մեջ տատանվող հրամանատարը ընդունեց առաջարկի հարմարությունը, շնորհակալություն հայտնելով Իսրային։

Յուրայինների մոտ վերադառնալուց հետո էլ Իսրան կատաղությունից
դեռ չէր կարողանում հանգստանալ․ ազերիներն երիտասարդ հայ սանիտարին չպետք է խփեյին։ Դա չներվող արարք էր։

Լուսադեմին չեչեն գրոհայիններով բեռնված բեռնատարները ուղղություն վերցրին դեպի Իչկերիա։ Բեռնատարի խցիկում տեղավորված ու վերջին մի քանի օրերին աչք չկպցրած Իսրային հոգնածությունը վերջնականապես հաղթեց․ նա քուն մտավ։ Երազում ժպտադեմ երիտասարդ հայ սանիտարն իրեն բարի ճանապարհ էր մաղթում։
Ճանապարհը գնում, հորիզոնում խառնվում էր կովկասյան լեռների ու կապույտ երկնքի սահմանագծին։

Այնտեղ` հեռվում, երկնքին մոտ կանգնած Իչկերիան անհամբեր սպասում էր ուրիշի արդար պատերազմին խանգարելուց հրաժարված իր զավակներին։
Գագիկ Շոլինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Բարեկամներ, «Առավոտում» տպագրվելուց առաջ համացանցում ներկայացրել էի չեչեն գրոհայինի հուշերի հիման վրա գրած պատմվածքս, «Առավոտում» այն իմ կողմից տպագրման է ներկայացվել որոշ կրճատումներով՝ թերթի տպագրման ձևաչափին հարմարեցման իմաստով։ Կոչ եմ անում գրական ձիրք ունեցողներին՝ լայնորեն լուսաբանեք Արցաի հերոսամարտը, պատմության համար անմահացրեք մեր հերոսներին․․․․

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728