Անուշաբույր, շատ գեղեցիկ գույնով եւ շատ հետաքրքիր համով այս ջեմն առաջարկում եմ պատրաստել բոլոր նրանց, ովքեր սիրում են ցիտրուսային մրգեր, համեղ նախաճաշ եւ համարում են, որ նարնջագույնը եւ նարնջի բույրը կարող է ջերմացնել ձմեռային մռայլ օրերը:
Անհրաժեշտ մթերքները
Նարինջ- 3 կգ
Կիտրոն- 2 հատ
Կոճապղպեղ (имбирь)- 5-10 սմ-անոց կտոր (ըստ ձեր քիմքի)
Շաքարավազ-3 կգ
Եռացրած սառեցրած ջուր- 500-800 գրամ
Պատրաստման եղանակը
Կարդացեք նաև
Նարինջը եւ կիտրոնները կտրատել, կորիզներից ազատել եւ աղալ մսաղացով: Լցնել չկպչող հատակով կաթսայի մեջ՝ նկատի ունենալով, որ դեռ այդքան էլ շաքարավազ եք ավելացնելու: Ավելացնել շաքարավազը, լավ խառնել: Կախված բաղադրության խտությունից՝ ավելացնել համապատասխան քանակի ջուր:
Դնել միջին բարձրության կրակին: Հենց սկսի եփվել, անմիջապես ցածրացրեք կրակը՝ որքան հնարավոր է: 15 րոպե եփվելուց հետ (հարկավոր է պարբերաբար խառնել, որպեսզի հանկարծ չկպչի կաթսային) անջատեք, թողեք սառչի:
Երկու-երեք ժամ անց կրկին միացրեք կրակը: Եթե տեսնեք շատ պինդ է, կարող եք մեկ բաժակ էլ եռացրած սառեցրած ջուր ավելացնել: Երբ եռա, թողեք 10 րոպե՝ պարբերաբար խառնելով, եւ անջատեք:
Եվս երկու ժամ անց կեղեւահանեք կոճապղպեղը եւ ամենամանր քերիչով քերեք: Լցրեք ջեմի վրա, եւ կրկին դրեք կրակին: Հենց սկսի եռալ, մեկ անգամ եւս լավ խառնեք ու սկսեք լցնել նախօրոք պատրաստած ապակե տարաների մեջ եւ շատ ամուր փակեք: Թողեք մի քանի ժամ սառչի, ապա պահեք զով եւ մութ տեղում՝ օրինակ, նկուղում: Կարող եք նաեւ սառնարանում պահել:
Շատ համեղ է որպես նախաճաշ՝ հացի եւ մի կտոր կարագի հետ: Կարելի է քսել տորթերի եւ թխվածքաբլիթների, բարակ նրբաբլիթների եւ հաստլիկ բլիթների վրա՝ եւ շատ գեղեցիկ կլինի՝ շքեղ գույնի շնորհիվ, եւ շատ համեղ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
31.01.2015