Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակը և արտաքին գործերի նախարարությունը պատասխանել են Էրդողանի հրավերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած դիտողություններին, հայտնում է «Հուրիեթ»-ը:
«Մեր նախագահի Հայաստան ուղարկած հրավերին Սերժ Սարգսյանի արած դիտողություններն անթույլատրելի են, դրանք հակասում են դիվանագիտական գործելակերպին, – հունվարի 31-ին «Անադոլու»-ին ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը, – Մենք փոխադարձում ենք պարոն Սարգսյանի խոսքերը, որոնք հարիր չեն պետական գործչին»:
ԱԳՆ-ը իր հերթին նշել է, թե իբր Սերժ Սարգսյանն արհամարհել է Էրդողանի, այսպես կոչված, «մարդասիրական, տրամաբանական և իրատեսական» մոտեցումը, ու մերժել է հրավերը «անքաղաքավարի տոնով»:
«Մենք խստորեն դատապարտում ենք այն տոնայնությունը, որն իրեն թույլ է տվել հարևան երկրի առաջնորդը կամ պատմական հայ ժողովրդի ներկայացուցիչը», – ասված է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Էրդողանը Սարգսյանին 2015թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հրավիրել էր Թուրքիա՝ մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին: Այդ օրն ընտրելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն էր հայտնել Էրդողանից, մինչդեռ նույն ճակատամարտի օրը մինչ այս նշվել է մարտի 18-ին: Հունվարի 29-ին Սերժ Սարգսյանը «ցինիկ և անհեռատես» է անվանել այդ հրավերն ուղարկելու որոշումը, իսկ ավելի վաղ նամակով մերժել էր Էրդողանին՝ նշելով, որ Հայաստանում «ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»: Շատ ավելի վաղ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին հրավիրել էր Երևան՝ ապրիլի 24-ին հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ