Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

  «Եթե մարդիկ իրենք իրենց աշխատատեղ են ստեղծում, պիտի թողնեն, որ աշխատեն». Վազգեն Սաֆարյան

Հունվար 31,2015 20:32

«Պետությունը պետք է հնարավորինս աջակցի փոքր ու միջին բիզնեսին և զարգանալու հնարավորություն տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններին, որոնք լուրջ դժգոհություններ են առաջացրել տնտեսվարող սուբյեկտների մոտ:

«Մեզանում 60-70 հազար մարդ փոքր և միջին բիզնեսի ոլորտում է գտնվում: Կառավարությունն այսօր չի կարողանում անհրաժեշտ քանակությամբ աշխատատեղեր ստեղծել, և եթե մարդիկ իրենք իրենց աշխատատեղ են ստեղծում, պիտի թողնեն, որ աշխատեն»,- ասաց Վ. Սաֆարյանը՝ հավելելով, որ թեև կառավարությունն իր այս քայլը մեկնաբանում է որպես ոլորտում ստվերայնությունը բացառելու միջոց, բայց ստվերայնությունը, ըստ բանախոսի, ավելի շուտ խոշոր բիզնեսի մոտ է. «ՓՄՁ ոլորտն իր մուծած հարկերով բավականին չնչին տոկոս է կազմում ՀՀ պետբյուջեում՝ 2-2.5%: Եվ այսօր խոսել այն մասին, որ այդ 2-2,5%-ը կարող է էական նշանակություն ունենալ մեր բյուջետային մուտքերում, կարծում եմ՝ իրատեսական չէ»,- ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահը՝ հավելելով, որ անհրաժեշտ է մարդկանց ազատ ընտրության հնարավորություն տալ. «Եթե նրանք կարողանում են փաստաթղթեր ձեռք բերել և իրենց փաստաթղթաշրջանառությունը հիմնավորել, ապա կարող են 1% հարկ մուծել, բայց նրանք, ովքեր չեն կարողանում այդ փաստաթղթերը ներկայացնել, նրանց պետք է հնարավորություն տրվի աշխատել հարկային հին տոկոսադրույքով՝ վճարելով 3.5% հարկ»:

Վ. Սաֆարյանը նշեց նաև, որ ՓՄՁ ոլորտի բազմաթիվ տնտեսվարողներ կարողանում են առանց կանխիկ գումարի ապրանք ձեռք բերել խոշոր ներմուծողներից և իրացնելուց հետո նոր միայն վճարել: «Հիմա եթե նրանք խոշոր ներկրողից փաստաթուղթ պահանջեն, բնական է, որ դա դժգոհություն կառաջացնի նրանց մոտ, և կհրաժարվեն ՓՄՁ-ներին ապրանք տրամադրելուց,- ասում է նա,- բացի այդ, ՓՄՁ-ներ կան, որոնք հազիվ են կարողանում իրենց գործերը «յոլա տանել», իսկ փաստաթղթաշրջանառության համար առանձին հաշվապահ պահելն ավելորդ բեռ է»:

Իսկ խոշոր կազմակերպություններին ստվերայնությունից դուրս բերելու լավագույն տարբերակը, ըստ Վ. Սաֆարյանի, ճիշտ մաքսային քաղաքականություն իրականացնելն է. «Մաքսային սահմանի վրա ձևակերպումները հստակ պետք է լինեն»,- ասում է նա:

Բանախոսը գտնում է, որ Հայաստանի արդյունաբերական զարգացման քաղաքականությանը պետք է զարկ տրվի. «Եթե նայենք մեր տնտեսական ցուցանիշներին, արդյունաբերությունը 2.7%-ով ավել է նախորդ տարվանից, իսկ տնտեսության ակտիվության ցուցանիշը 3.9% է, որը լոկալ իմաստով մեզ գոհացնում է, բայց եթե լուրջ արդյունաբերական քաղաքականություն իրականացվի, «Նաիրիտը» և այլ կառույցներ գործարկվեն, կարող ենք 15-20% աճ ակնկալել: Այս դեպքում էական մուտքեր կլինեն մեր բյուջե, և չենք ընկնի փոքր ու միջին բիզնեսին այսպիսի հարվածներ հասցնելու հետևից»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ եկող շաբաթ իրենց միության անդամներով կհանդիպեն վարչապետի հետ և նրան կներկայացնեն 16 օրակարգային հարցեր, որոնցից մեկն էլ վերաբերում է այս օրենքին. «Նաև ուշադրություն ենք հրավիրելու «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի այն կետի վրա, ըստ որի՝ տնտեսվարողի տարածքի վարձակալության վարձը չպետք է գերազանցի շրջանառության ծավալի 1.5%-ը, սակայն շատ տոնավաճառների տերեր իրենց տարածքները վարձակալության են տալիս՝ խախտելով այս նորմը: Մենք պահանջելու ենք, որ խիստ հսկվի օրենքի այս կետի պահպանությունը»,- ասաց Վ. Սաֆարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031