Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, հնարավոր է, որ Պերմյակովը մենակ 7 հոգու սպաներ».արցախյան պատերազմի մասնակից

Հունվար 31,2015 20:03

Aravot.am-ը  արևելագետ, արցախյան պատերազմի մասնակից, ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Արտակ Ավետիսյանից կարծիք հարցրեց, թե ո՞րն էր  Գյումրիի գլխին եկած դժբախտության պատճառը.  այս քաղաքի նկատմամբ  իշխանությունների անտարբեր, սառը  վերաբերմո՞ւնքը,  թե՞  ռուսների` այստեղ իրենց տիրոջ պես պահելը: «Եթե շատ խորը նայեք պատճառը փոքր ազգ, փոքր ժողովուրդ  լինելու դժբախտությունն է . 21-րդ դարում ավելի են սրվել քաղաքական խնդիրները ու ինչքան փոքր ես, ինչքան թույլ ես, այնքան ավելի անպաշտպան ես, անտեր ես քաղաքական մեծ չափի մեջ: Եթե մենք այնքան թույլ չլինենք,  որ ռուսական զորակայանի առկայությունը Հայաստանում չլիներ, այդ տականքը չէր լինի այստեղ, չէր լինի ողբերգությունը: Եթե սա անձնավորենք ռուսի հետ, ռուսի կատարած արարքի, բայց մյուս կողմից մենք կարող է ունենայինք  հզոր, լավ երկիր, գար էստեղ մի ռուս տուրիստ ու կատարեր այդ հանցագործությունը», -ասաց Արտակ Ավետիսյանը:

Որպես արցախյան պատերազմի մասնակից, զենք-զինամթերք օգտագործած անձ` Արտակ Ավետիսյանը չի բացառում, որ Պերմյակովը կարող էր ինքնաձիգով  մենակ միանգամից 7 հոգու սպանել:  «Այո, կարող էր, ես ավելի քան վստահ եմ: Լեգենդներ, կարծիքներ են շրջանառվում անհնարինության  մասին, մանավանդ  ինչ-որ նախկին պատգամավորներ են այս մասին կարծիքներ հնչեցնում, որոնք կյանքում բանակ չեն եղել, ավտոմատի ետն ու առաջը չգիտեն:  30 քառակուսի տարածք չի՞ եղել, քնած մարդ, հատկապես խոր քնի ժամանակ մարդու ամենահոգնած  վիճակն է, քնած տեղից մարդը ի՞նչ կարող էր անել: Եվ եթե մեկը ելել է, փորձել է ինչ-որ բան անել, մյուսը  փոքր երեխա, կին, վախից չեն շարժվել, զենքը պահել է վրեքը, ասել` չշարժվեք, թե չէ կկրակեմ, մարդիկ էլ  տեղների մեջ  հույսով, որ չշարժվելու դեպքում չի կրակի, չի սպանի, լուռ պառկել են: Հնարավոր  է և  երկու հոգու սպանել է, հետո մտել է մյուս սենյակ, ասել` չշարժվեք, թե չէ ձեզ էլ կսպանեմ, մարդիկ վախից չեն շարժվել, բայց օգուտ չի տվել:  Չնայած ես չեմ բացառում, որ թափթփուկը մենակ չի եղել, այլ եղել են 2-3 հոգով, չեմ ուզում վարկածաշինության մասնակցել, անիմաստ, անշնորհակալ, հիմար գործ է , բայց որ նա կարող էր մենակ այդքան  մարդ սպանել, ես  չեմ կասկածում:  Չեմ բացառում ոչ մի տարբերակ , թե դրա մենակ լինելը, և թե մի քանի հոգով: Կարող է պարզվի ինքն էլ չի եղել կամ ինքն է եղել, հետը ևս մի քանի հոգի, բայց  բոլոր դեպքերում զբաղվել ենթադրություններով, թե ամերիկյան հետք կա , ռուսները դիտմամբ արեցին, հատկապես աղանդավոր, արևմտամետ ուժերը, անհեթեթ են: Ցավալի է, որ  ով ասես այս դեպքի շուրջ վերլուծություններ չի անում, ամեն մեկը փորձում է ասպարեզում երևալ մեր դժբախտության հաշվին, կան մարդիկ, որոնց լրագրողները տարվա մեջ ընդհանրապես չեն անդրադառնում, բայց ասուլիսներ  տվեցին էս առիթով, էս դեպքը դարձել է նրանց PR-ի միջոցը: Լիքը տականքներ կան, որոնց համար հակառուսականություն դրսևորելու միջոց դարձավ,ասենք` ի՞նչ գործ ունի  այստեղ ռուսական ռազմաբազան, թող տանեն այստեղից,  մյուսները ռուսասիրություն քարոզելու միջոց դարձրեցին, թե չի կարող ռուս, եղբայրասեր ազգը այսպիսի բան անել…Մի ողբերգություն այս դեպքն է, մյուս ողբերգությունը թափթփուկների ասպարեզ իջնելն է », -ասում է արևելագետը:

Մեր զրուցակցի ասելով, հակառուսական հիստերիաներ չկան Գյումրիում, զինվորական թաղամասը զինվորական մեքենաներով  ու ոստիկանական պարետային խմբերով շրջապատելու կարիք էլ չկա: «Իբր ռուսներին մեզանից են պաշտպանում, եթե նայենք էդ տրամաբանությամբ արարքը մեր դեմ էր ուղղված,  մեր ժողովրդի մեջ պտտվեք, որ էլ ուրիշ հարբած ռուս չգա, մտնի ժողովրդի մեջ ու մեզ սպանի: Մնում  է կողքից   նկարեն, ցույց տան, թե հայ-ռուսական իրավիճակը լարված է, մեր ժողովուրդը էն ժողովուրդը չէ , որ ռուս սպանի կամ ռուս երեխա սպանի, որ   մեր էրեխու վրեժ լուծի, մենք նման բանի ընդունակ չենք: Հարյուր  առիթներ կարող եմ թվարկել, թե ռուսները հարբած ինչեր են արել: Իսկ որպես մարդ` ես տեսել եմ զորամասից  փախած լիքը ռուսների, մեր տունը զինվորական թաղամասի հարևանությամբ է եղել 20 տարի, երեկոյան ժամի թաղամասը վխտում էր ռուս զինվորներով, որոնք հաց էին ուզում, ջուր էին ուզում, կոնյակ էին խնդրում,  հեռախոս էին խնդրում, էդ խնդիրը կարող է ր առաջանալ ցանկացած ռուս զինվորի  հետ այս 22 տարիների ընթացքում », -ասում է Արտակ Ավետիսյանը:

Ըստ նրա, ինքը    դեմ է, որ մարդասպանին այրեն խարույկի վրա  կամ հրապարակում կախեն: «Պետք չէ այդ անասունությանը ուրիշ այլ անասունությամբ պատասխանել, թե Հայաստանում, թե Ռուսաստանում սրանց նմանների համար առավելագույն պատիժ է  սահմանված: Թե՛ Հայաստանի, և թե Ռուսաստանի քրեակատարողական հիմնարկներում ինքնամաքրման, ինքնադատաստանի կարգերով են առաջնորդվում, կոնկրետ այս դեպքում ոչ հայ, ոչ ռուս քրեակատարողական հիմնարկներում  սրան չեն ների, տարեք բանտ, սրան կսատկացնեն», -համոզված է մեր զրուցակիցը:

Իսկ ժողովրդի  այն պահանջը, որ հայ իրավապահները պետք է սրան դատեն, ըստ մեր զրուցակցի, ամեն մարդ բնականաբար իրավունք  ունի կասկածելու, որ ռուսները համապատասխան պատժի չարժանացնեն իրենց «անասունին», սակայն  մյուս կողմից, նրա ասելով, մեր երկիրը որոշակի պայմանագրերով ի  սկզբանե չպիտի բացառեր այս տարբերակները:

«Ես ավելի քան  վստահ եմ, որ Ռուսաստանում` որպես Խորհրդային միության ժառանգորդի, իրավահաջորդի  մարդու արժեքը  զրո է, գրոշի արժեք ունի, ռուսները հանուն իրենց քաղաքական շահի,պատրաստ են հարյուրներով, հազարներով մարդկանց զոհաբերել: Այս պահին Ռուսաստանի շահը պահանջում է, որ էս անասունին մաքսիմալ դաժան վերաբերմունքի արժանացնեն և այնպիսի վերաբերմունքի, որ հնարավոր է և մերոնց երևակայությունը չների: Ինձանից ավելի ռուսներին չսիրող ու չընդունող մարդ  չլինի, բայց ես սառն եմ նայում, ռուսը ինձ համար մնում է  իմ երկիրը քանդող, իմ անկախությունը թուրքին  ծախող , Ցեղասպանության մեջ գերմանացիներին հավասար մեղավոր, ես չեմ կարող ներել 18-20 թվականների հանրապետության կորուստը, լիքը բաներ, որոնք կատարվել են ռուսի ձեռքով, բայց կարծում եմ, որ ելնելով իր քաղաքական  շահերից` սրա հետ շատ դաժան կլինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Կլինի Արցախյան պատերազմի,թե 2-րդ համաշխարհային պատերազմի մասնակից,ոչ մեկն իրեն չպետք է թույլ տա մամուլում նման վստահ կարծիք հայտնել:Այդ երիտասարդ պարոնը իր կարծիքը կարող էր կիսել միայն իր ընկերական շրջապատում և այն էլ որպես կարծիք,միայն:Յոթ անձի ,,կարելի է,, գնդակահարել միայն մի դեպքում. եթե նրանք շարված են պատի տակ(ինչպես դա արվում էր 37 թվին):Իսկ 3 տարբեր սենյակներում գտնվող մարդկանց նկատմամբ նման բան անել ուղղակի հնարավոր չէ:Չեմ հասկանում նման պրիմիտիվ ,,բացատրության,, իմաստը: Չեմ հասկանում նաև մեր իրավապահ մարմինների մոտեցումը`արարքի որակման հարցում,թե ինչու արարքը չեն որակել` ահաբեկչություն (տեռորիստական ակտ):

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Իսկ ես գտնում եմ,որ պարզապես ցինի՛զմ է սա ասելը: Սա ԽՄԲԱՅԻՆ արարք էր. վերջապես մի անգամ ուշադիր կարդացեք (արդեն հայտնի) փաստերը և մտածե՛ք :

    7 հոգի՝ բոլորը անկողնու՛մ սպանված: Այսինքն՝ ամեն անկողնու գլխին մեկը կանգնած էր: Քանի՞ (մեծահասակի) անկողին կար այդ տանը:

  3. dyadyur says:

    Գուցե որևէ մեկը ,,Առավոտ,,-ի խմբագրությունից կբացատրի,թե ինչու է ջնջվել իմ ,,քոմենթ,,-ը`նշված նյութի վերաբերյալ???????

  4. dyadyur says:

    Ներողություն!!!!!!!!! Նորից հայտնվեց:

  5. david says:

    Խակ ազոխ ուտող չկա:Մենակ չի եղել, եղել է պլանավորված, խոշորի ,,դաբրոյով,,:Քաղաքական վամպիրների մոտ էս կենդանին պրակտիկանտ է կամ դիտորդ:Մնացածը հում ականջ գտեք, որ հավատան մինչև եփվելը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031